Տիգրան Գրիգորյան | Isabelle mon amour

Սա մեռած երկիր է,
Կակտուսի երկիրը
Այստեղ են հառնում քարե
Կուռքերը ու ստանում
Ողորմածությունը մեռյալ ձեռքի
Հանգչող աստղերի շողի ներքո:

Այսպես է լինում
Մահվան մյուս արքայությունում
Արթնանալ մենակ
Այն ժամին երբ մենք
Դողում ենք քնքշանքից
Շուրթեր որոնք գիտեն համբուրել
Ջարդված քարին* են աղոթք ասում:
Թ. Էլիոթ

Մարտկոցն ու փոխանցման տուփը խայտառակ վիճակում են. էսպես հեռու չես գնա։ Մինչև մաքսակետը պիտի գիշերենք Տաբածղուրիում։ Բարձր գոռում եմ. «Իսա ՜, էդ շան տղեն խաբել է, բենզինը պրծնում է»,- շրջվում է ինձ, լայն ժպտում ու թե. «Էդ ինչի՞ ես գոռում, երեխու պես խաբել են, տե’ս` ոնց են ապուշի տեղ դրել, ում է պետք, որ ծանր-ծանր անունդ հնագետ է, ոչ մի բանի պետք չես»։ Ավելի եմ կատաղում, ձեռքս փող չկա, եթե մենքենան տանեմ սարքելու, ահագին փող կվերցնեն, բայց ի՞նչ անեմ։ Վզիս մի բարակ ոսկե շղթա կա, տատս է նվիրել։ «Էս ինչ թարսություն է ,- մտածում եմ,- ախր գոնե Իսային ժամանակի մի քոսոտ ոսկու կտոր առնեի, ջահել էինք, ո՞վ էր էդ տեսակ բաներից գլուխ հանում։ էն ժամանակ չէր խայթում, նայում էր աչքերիս մեջ, ասում էր՝ ես փայտի կտորով էլ յոլա կգնամ, մենակ հետդ ինձ Լենինգրադ տար»։ Վերջն էդ շղթան քաշում պոկում եմ վզիցս, Իսաբելը նայում է ու ձեռքով պինդ բերանը փակում, ինձ ասում է՝ հիշատակ կորցնող ես։ Դուրս է գալիս մեքենայից, դուռը շխկացնում ու ծածկոցով փաթաթված գնում ճանապարհի եզրով։ Կենդանի շունչ չկա։ Ինձնից ճամփորդ դուրս չի գա, կանչում եմ, ձայն չի հանում, լուռ հեծկլտալով գնում է մի գլուխ, տեսնում եմ մեքենայի լամպերը չեն հասցնում լույս գցել նրա կողմը։ Քայլում եմ հետևից, ճամփեզրին սիրուն սոճիների անտառ է, զգում եմ, թե ինչ է մտածում. հաստատ երջանիկ չէ ինձ հետ, որովհետև ես անճարակ գիտնական եմ, իմ իմացած ամեն բան պատմության հետ է կապված, իսկ նա կարիք ունի սիրո ու մի սարքին մեքենայի, որ ուզած ժամանակ ստիպի ինձ դեպի ծով քշել, կամ դուրս գալ գետաբերանի լճակները ու, հետս սիգարետ կպցնելով, նայել լուսաբացին։ Մենք գնում ենք միանալու ֆրանսիացիների արշավախմբին, նրանք ինչ-որ դրամաշնորհ են ստացել ու պեղումներ են անելու Թուրքիայում, և մեզ կանչել են, որ մասնակցենք էքսպեդիցիային։ Սա մեր կյանքը փրկելու վերջին հույսն է, որովհետև նրա երազները սկսում են սպառվել, դեղերը գնալով ավելի թանկ են դառնում, իսկ ես` ավելի նյարդային, որովհետև երբեմն անկարողությունից դեմքիս իջնում է հանդարտության ժպիտը։ Պինդ- պինդ ծածկվում է, ասում եմ` «Կանգնիր, ոտքերդ կմրսեն, օդը խոնավ է, քեզ ցուրտ չի կարելի»: Հետ է պտտվում, նայում է իմ կողմն ու գոռում. «Կորի գրողի ծոցը, ո՞նց կարելի է կյանքն անցկացնել քեզ հետ, քո նման սառույցի կտորի, – ասում է ու հեծկլտում,- հոգնել եմ ամեն ինչից, էլ չեմ դիմանում, տե’ս` գնալով սպիտակում եմ, վրաս մարդու գույն չկա, դու չես հասկանում, որ ինձ քո փողը պետք չէ, ինձ պետք է, որ երկար նայես աչքերիս մեջ ու կես բառից հասկանաս»։ Սիրտը լցվել է, ուր որ է կպայթի. նրա համբերությունը կյանք չէ, այլ բարձրության եզրին կանգնած ինքնասպանի տարակուսանք։ Հեծկլտում է, անտառը տարուբերում է ձայնը. ելք չունենք, պիտի քնենք ճանապարհի եզրին մինչև լուսաբաց , որ էս կողմերով գոնե մեքենա անցնի։

Photo by EIKOH HOSOE

Խողովակի մի ծայրը մտցնում եմ բենզաբաքը ու մյուս ծայրից վառելիք եմ քաշում. մի կես բաժակ բան է դուրս գալիս։ Իսաբելը ճամփից չոր-մոր փայտի կտորներ է հավաքում, ես խորանում եմ դեպի անտառը։ «Լսի’ր, սոճին թաց-թաց էլ է վառվում, մի երկու ճյուղ կտրիր»,- ասում է ու քարերը շրջանաձև դնում ճամփի բերանին , մի քսան մետր էն կողմ մեքենան լռված կանգնած է։ Իմ սիրտն էլ է լցվել, երբեք էսքան խեղճ չեմ զգացել ինձ, բենզինը կաթ-կաթ շաղ եմ տալիս կիսաչոր փայտերի վրա, ուզում եմ կպցնել, բայց չի վառվում, փայտը թաց է։ Գնալով ցրտում է, նրան ջերմություն է պետք։ Շրջազգեստը մի կերպ է ծնկները ծածկում, բերետը պինդ քաշել է գլխին ու ազդրերը գրկած՝ փաթաթված ծածկոցով նստած սրթսրթում է։ Բերանից գոլորշու քուլաներ են դուրս գալիս, մենքենան քարուքանդ եմ անում, բայց մի փալասի կտոր էլ չեմ գտնում, գալիս թափքն եմ նայում. էլի բան չկա։ Քաշում-պոկում է շրջազգեստից մի կտոր ասում է. «Առ՛», – ու ոտքերը բացվում են, թափանցիկ ձեռքերով մեկնում է ինձ, ու ատամները կափկափում են։ Արագ վերցնում եմ, բենզին շաղ տալիս վրան ու խոթում փայտերի արանքը։ Կրակը կապտականաչ շիթեր է գցում, նա նետվում է դեպի լույսը, չի թողնում, որ մոտենամ իրեն, հրում է, ես մենակ նայում եմ շիթերին ու աչքերս խարխափում են կրակից ու թաց փայտի ծխից։ Մարմինը դանդաղ թուլանում է կրակից, պատռված շրջազգեստը ցույց է տալիս սպիտակ ու նուրբ ազդրը, և ես կործանվող մարդու համարձակությամբ սահում եմ դեպի նա՝ հետս տերևներ ու թաց խոտ ճմլելով։ Ասում է. «Ծխախո’տ փաթաթիր»: Նայում եմ աչքերին լրջությամբ. նրան նիկոտին չի կարելի, մազերը թափված փակում են լանջն ու անրակները, ու նա երկու մատները մեկնած՝ ինձնից ծխախոտատուփն է ուզում։ «Ես չեմ մեռնի, հանգիստ եղիր, որ մեռնեմ էլ լրիվ անտեր կմնաս,- լայն ժպտում է ու դեմքիս շպրտում,- չնայած՝ քեզ միշտ էլ սիրով կընդունեն, սկզբից լավ բարեկամի ես նման, հետո՝ հոր, հետո՝ ընկերոջ, հետո՝ սիրեկանի, վերջում պարզվում է` դրանից դենը չես գնում»։ Մի բառ չեմ ասում, գիտի, որ ձեռքիս ոսկե բարալիկ շղթան պիտի տամ մի բաք բենզինի դիմաց, բայց տատիցս ավելի շատ է նեղացել, որ պիտի ծախեմ նրա թողած միակ հիշատակը։ Ուզում եմ ասել, որ ախր իրերը մարդկանցից երկար են ապրում, բայց խնայում եմ, որովհետև հիվանդ է։ Իսաբելը բաց շալի պես է փաթաթում ծածկոցը, ու արդեն տաքացած մարմինը սկսում է շարժուն դառնալ, բաց ուսերը ճկվում են, ու կրծքին հևալիս ստվերներ են հայտնվում։ «Ես վախենում եմ».- ասում է ,- վախենում եմ, որ երբեք երեխա չեմ ունենա, վախենում եմ, որ չեմ տեսնի, թե ինչպես ես դառնոմ դոկտոր, վախենում եմ, որ ինձնից հետո գուցե ինչ -որ մեկը կկարողանա քեզ փոխել, դարձնել սովորական ու պարզ մարդ» ։ Նայում եմ, բառ չեմ գտնում. լուռ ստվերներ են խաղում երկուսիս մեջ, ձեռքը վզիս է գցում ու գլուխս քաշում դեպի ծնկներ։ Բարակ, սպիտակ մատները սահում եմ մազերիս մեջ ու գլխամաշկս զգում է նրա ձեռքերի սառնությունը։ Գլուխս ծնկների մեջ կարծես տեսիլք եմ ունենում, ու ինձ թվում է, թե նրա գեղեցիկ բերանից, շուրթերի միջից աղավնի է ելնում։ Թափ եմ տալիս գլուխս, հազար տեսակ պատկերներ են անցնում ու մատերով սեղմում եմ տաքացած քունքերս։ Սիրտս զարկում է մահու չափ արագ ու մտածում եմ. «Չլինի՞ առասպելները իրական են, չլինի՞ թե աղավնին հոգի է, չլինի՞ թե կորցնեմ , չլինի՞ թե անտեր մնամ, չլինի՞ թե էս ճանապարհը սողալով անցնեմ , չլինի՞ թե վերջանամ…»: Աչքերս վեր եմ պահում ու տեսնում եմ, որ թիկնել է գերանին ու գլուխը հենած թևին՝ քնել է։ Քնել է, բայց ուշաթափվածի պես։ Կրակը վերջին ցոլքերն է ձգում, տաք մոխրի ու ածխի կտորները լցնում եմ ճամփորդական կաթսայի մեջ, բերանը ծածկում թաց սրբիչով։ Գրկում եմ նրան, մտցնում մեքենան ու տաք կաթսան դնում ոտքերի մոտ։ Բերանիցս գոլորշի է ելնում. ցուրտ է. սառը ապակիներին մառախուղի պես անորոշ մի շերտ է բարձրանում, որի վրա մատներով լատիներեն եմ գրում, տարօրինակ, հազիվ հիշվող բառեր ։
Կես գիշերն անց է` աչքս կպել է, բայց ականջս նրա կրծքի թույլ հևոցին է: Զգում եմ, որ մրսել է, բժիշկն ասաց, որ ճանապարհը կքայքայի նրան վերջանականապես, բայց նա թքած ունի պրոֆեսորի վրա։ Իսաբելըը երեսունհինգ տարեկան է, քսանչորսում Իտալիայիում պաշտպանել է դոկտորական թեզը գենետիկայի բնագավառում, բայց դա ինչ կապում ունի, եթե ցուրտ է, միևնույնն է, մրսում է։ Բացում եմ դուռը, մի կողմ եմ հրում կաթսաիկը ու մոտենում եմ նրան։ Փորձում եմ համբուրել, ասում է. «Մեղքե՞րդ ես քավում »,- ձայն չեմ հանում, գրկում եմ նրան ու զգում եմ, որ ուժերը չեն հերիքում, նրան ցավեցնել չեմ կարող, սիրտը չի դիմանա…
Լույսը բացվում է, ու ես ինքս ինձ գտնում եմ ինձ նրա ծնկների մեջ, նրա գեղեցիկ ազդրերին հպված, այսքան թարմ ու խոնավ, սառն ու սահմռկելի ցանկական։ Հեռվից մի բեռնատար է երևում, նա դեռ չի արթնացել, փորձում եմ կանգնեցնել, բայց ապարդյուն։
Աչքերը բացում է մի պահ, անտանելի դողում է: Զգում եմ` ինչպես են ոսկորները ցնցվում, աչքերն արյուն են լցվել, հայացքը փախչում է կարծես։ Լացն ու ժպիտս խառնվել են իրար (երբեք այքան արագաշարժ չեմ եղել), սիրտս թպրտում է, եղունգներս կրծում եմ ու ոտքով հարվածում անիվներին։ Գրողի տարածը տեղից չի շարժվում, ձեռքը բռնում եմ, բայց զգում եմ, որ զարկերակը թույլ է։ Հեռվում հույսի մի սովետական մեքենա է երևում , որ ջարդուխուրդ լինելով մոտենում է կամրջին, նա անշտապ բեռնված քշում է դեպի մեր կողմ։ Արագ վազում եմ դեպի մեքենան, կոտրտված ռուսերենով փորձում բացատրել, որ նա վատ է ու պետք է շտապ հիվանդանոց տանել։ Վարորդը համաձայնում է, մեքենայի դռներն էլ չեմ փակում, քշում է դեպի Գալգրեթիի կենտրոնական հիվանդանոց։ Հերթապահները մոտենում են. նա արնահոսում է։ Աչքերը փախչում են ինձնից, ու ես հիստերիկ ցնցումների մեջ եմ, ես գոռում եմ, բայց ձայնս չեմ լսում։ Քունքերս պայթում են, ու ես իջնում եմ հեռախոսավարի մոտ, որ զանգ տամ բարեկաներիս, որոնք վաղուց մոռացել են իմ գոյության մասին։ Ես այլևս ոչինչ չեմ հիշում…
ԲԺԻ՛ՇԿ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s