Հովհաննես Թումանյան. «ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ»

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում,  մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայի նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած:
1910թվական

Թումանյանը այս խոսքերը գրել է մեկ դար առաջ , բայց կարծես բնութագրում է այսօրվա ժողովրդին ։ Օրինակ 2 հարևաններ մրղակցության մեջ են , երբ մի հարևանը նոր գույք է ձեռք բերում , մյուսը ձգտում է գնել ավելի թանկարժեքը։ Ուսուցիչները իրար հետ վիճում են 2 ժամի համար , դես համաձայն եմ , որ մարդիկ պետք է փոխվեն ներսից , որովհետև նրանք ներսից են փչացած։

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ, փետրվարի 3-ից մարտի 13

tumanyan_2

Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ

Բովանդակությունը
Թումանյանի տոհմը
Թումանյան մարդը
Թումանյանը պատմության մեջ
Թումանյան թարգմանիչը
Ամենայն հայոց բանաստեղծը
Նվարդ Թումանյանի հուշերը
Թումանյանի զավակները
Թումանյանը` ընկեր
Իմ Թումանյանը
Թումանյանը արվեստում
Թումանյանի հոդվածներից Դառնացած ժողովուրդ

Լսում ենք Թումանյան մեր ընկերների կատարմամբ
Թումանյանական թափառումներ
 Թումանյանի քառյակները
Մանե Թոռունյան, Ավագ դպրոց, 10-րդ դասարան
Նիկա Պողոսյան, Ավագ դպրոց, 10-րդ դասարանԱնուշ Թադևոսյան, Ավագ դպրոց, 10-րդ դասարանԱՐՏբզզանի եթերում`Թումանյանական

Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ
Առաջադրանք:
Կարդալ պոեմները, քառյակները, բանաստեղծությունները:
Ընտրությամբ սովորել բերանացի Թումանյանի քառյակներից:
Դիտել
Հովհաննես Թումանյան «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ» ֆիլմը:
«Թումանյան» փաստագրական ֆիլմը:

Թումանյանը արվեստում

Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ. «Հոգուս հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց «Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին: Այս երկու ստեղծագործությունների միջև ընկած ժամանակահատվածում ձևավորվել է Թումանյանի աշխարհը` անցնելով հասունացման, զարգացման, գաղափարական և հուզական սահմանների հաստատման ուղի: Եղել են և տաղանդի դրսևորման փայլուն թռիչքներ, և ստեղծագործական աշխատանքի դադարի պահեր, բայց երբեք կանգ չի առել մտքի ու հոգու ներքին շարժումը, կյանքի իմաստի որոնումը, ինչը և պայմանավորում է բանաստեղծի ստեղծագործական ուղու միասնական լինելը: Եվ իհարկե, այդ աշխարհի ձևավորումը պայմանավորված էր անձնական և հասարակական կյանքի մի շարք գործոններով: Բաժանելով այդ ուղին փուլերի` կարելի է բացահայտել դրա զարգացման տրամաբանությունը: Անվանի գրականագետ Էդ. Ջրբաշյանը իր «Թումանյան. Ստեղծագործության պրոբլեմներ» ուսումնասիրության մեջ Թումանյանի գրական ուղին բաժանել է վեց շրջանի ըստ թվականների. ա)1881-1886 , բ)1887-1892 , գ)1893-1900, դ)1901-1905, ե)1906-1914, զ)1915-1922: Հիմնվելով այդ տեսակետին`համառոտ ներկայացնենք բանաստեղծի ստեղծագործական կյանքը փուլ առ փուլ:

1881-1886 թթ.

Այս շրջանը ընդգրկում է բանաստեղծի ուսումնառության տարիները նախ Ջալալօղլում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բացառելով «Հոգուս հատորի» անմիջական տողերը` նշենք որ այդ ժամանակահատվածում գրված մեզ հասած սակավաթիվ բանաստեղծությունները կրում են նախորդ հեղինակների թե մտքի, թե արտահայտման ձևերի ազդեցության կնիքը: Ա. Ինճիկյանի խոսքերով դա «առավելապես կենսափորձի հարստացման, տպավորությունների կուտակման, զգացած-ապրածի իմաստավորման, որոնումների շրջան» էր: Պահպանվել են Ջալալօղլում գրված «Օրորք», «Հայ վաճառական», «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ…» և Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին ստեղծված «Նահապետի ողբը», «Ինչո՞ւ ես տըխուր…»,«Թող փչե քամին» երգի եղանակով», «Մարշ», «Մի խրատ տաճկահայաստանցուն» սևագիր բանաստեղծությունները, որոնք հանդիսանում են ավանդական պոետիկայի անմիջական ազդեցության արտացոլում: Բայց դրանց հետ միաժամանակ գրվել են նաև «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» : Թումանյանը հետագայում գրել է. « Մի ժամանակ (1885-1887) էդ տեսակ բաներ, ժողովըրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց, որովհետև չէի պահում, դես դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները»: Այս ստեղծագործություններում արդեն ի հայտ է գալիս նրա հետաքրքրությունը ժողովրդական բանահյուսության, ժողովրդական կենդանի լեզվի հանդեպ, ինչը հետագայում դարձավ Թումանյանի ստեղծագործության հիմնական հատկանիշներից մեկը: Իհարկե, մինչ հրապարակումը այդ բալլադները ենթարկվել են մի շարք փոփոխությունների` կատարելության հասցնելով դրանք, բայց «թումանյանական որակն ստեղծվել է հենց սկզբից» (Լ.Հախվերդյան):

1887-1892 թթ.

Սա հասարակության առջև հանդես գալու և ճանաչման շրջանն է: Առաջին հրապարակումները («Նոր-Դար» լրագրում) անստորագիր էին. «Գրասեր պատանին, ըստ երևույթին, դեռ վստահ չէր իր ստեղծագործական ուժերի և կոչման նկատմամբ, ուստի և վախենում էր բացահայտորեն հանդես գալ հասարակության առջև»(Էդ. Ջրբաշյան): Բայց շուտով նա` լսելով ընկերներին , հասարակության դատին է հանձնում իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն: 1890 թ. Մոսկվայում տպագրվում է Թումանյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորը, իսկ 1892 թ. լույս է տեսնում նաև երկրորդը. մի շարք քնարական բանաստեղծություններ, վեց պոեմ («Լոռեցի Սաքոն», «Մեհրի», «Ալեք», «Մերժած օրենք», «Անուշ», «Մարոն»), երեք բալլադ («Արև և Լուսին», «Շունն ու Կատուն», «Ախթամար»), թարգմանություններ: Թումանյանի բանաստեղծությունները սկսում են տպվել նաև պարբերական մամուլում. նախ «Մուրճում», ապա «Տարազ» և «Հորիզոն» գրական հանդեսներում: Այս շրջանը նշանավորված է ստեղծագործական որոնումներով, ազդեցությունների հաղթահարմամբ, ինքնուրույն ոճի և ձևի հստակեցմամբ: Թեև ինքը բանաստեղծը` գնահատելով իր առաջին գրքի երկերը, ասում է, որ դրանք «անմշակ են և սկզբնական ձևի մեջ», սակայն նրանց մեջ երևում են հասուն Թումանյանի մտքերի, խոհերի, պատկերների, ստեղծագործական ձևերի նախնական արտահայտությունները: Իսկ մի շարք բանաստեղծություններ այնպիսի թարմ շունչ բերեցին, որ երիտասարդ գրողը մեկընդմիշտ հաստատվեց հայ գրականության մեջ` արժանանալով ժամանակի քննադատության և ընթերցողների դրվատական գնահատականներին:

1893-1900 թթ.

ընդգրկում են երրորդ շրջանը, որ պայմանականորեն կարելի է անվանել «նախապատրաստական»` հաջորդ փուլում կայացած ստեղծագործական մեծ թռիչքից առաջ: Եթե դատենք տպագրված նյութերի քանակով, ապա այս շրջանը հարուստ չէ. «Դաշնակներ» փոքրիկ ժողովածուն (1893 և 1896 թ.թ.), «Աղբյուր» ամսագրի մատենաշարի գրքույկը, «Լոռեցի Սաքոյի» վերամշակված տարբերակը, թարգմանություններ Բայրոնից և Լերմոնտովից, հրապարակումներ պարբերական մամուլում` մոսկովյան ժողովածուի խոստումնալից մուտքից հետո, այնքան էլ առատ չէ: Բայց այս թվացյալ դադարը իրականում լարված որոնումների և աշխատանքի շրջան էր, ինչի արդյունքն եղավ ստեղծագործական այն զարգացումը, որն ի հայտ եկավ դարասկզբի նվաճումներում: Նա շարունակել է աշխատել մի շարք պոեմների վրա, գրել է բալլադներ («Անիծած հարսը», «Պողոս-Պետրոս», «Արծիվն ու Կաղնին»), ստեղծում է գեղարվեստական արձակի փայլուն նմուշներ («Գիքորը», «Աղքատի պատիվը», «Քաջերի կյանքից», «Արջաորս» և ուրիշ պատմվածքներ, «Անխելք մարդը» հեքիաթը), հանդես է գալիս որպես հրապարակախոս («Բորչալվում»), տպագրում է իր առաջին գրական-քննադատական հոդվածներն ու ելույթները: 90-ական թվականներին են վերաբերում Թումանյանի դրամատուրգիական փորձերն, որոնք, անշուշտ, մեծ աշխատանք էին պահանջում, բայց և այնպես այդպես էլ չավարտվեցին և չտպագրվեցին: 1895 թվականից նա սկսում է նյութեր հավաքել իր ստեղծագործական ամենամեծ երազանքը իրականացնելու նպատակով` «Հազարան բլբուլ» հեքիաթ-պոեմի համար:

1901-1905 թթ.

Այս կարճատև ժամանակաշրջանը Թումանյանի ստեղծագործական կյանքի բարձրակետն է: Լ. Հախվերդյանը գրում է. «Թե ով էր Թումանյանը` երևաց 1903-ին, երբ լույս տեսավ նրա «Բանաստեղծություններ» գիրքը բովանդակությամբ ամենահարուստ, արվեստով ամենաբարձր, հրատարակությամբ ամենաշքեղ գիրքը, որ երբևէ տպագրվել է հեղինակի կենդանության օրոք: Բյուրեղացումն այն ամենի, ինչ ստեղծել էր Թումանյանը 1882-ից ի վեր»: Բարեկամների շնորհիվ Թումանյանը հնարավորություն ստացավ հանգստանալու, բուժվելու և աշխատելու Աբասթումանում և ուրիշ ամառանոցային վայրերում: Այդ լարված և ոգեշունչ աշխատանքի արդյունքն էին վերամշակված և կատարելության հասցրած «Անուշը», «Լոռեցի Սաքոյի» երրորդ և «Մարոյի» երկրորդ տարբերակները, «Պոետն ու Մուսան»,«Դեպի Անհունը», «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Փարվանան», քնարերգության մի շարք փայլուն նմուշներ, որ զետեղվեցին վերը նշված 1903 թ. ժողովածուի մեջ` հրատարակված իշխանուհի Մարիամ Թումանյանի կողմից: Թումանյանը հասակով մեկ կանգնեց հայ գրականության մեջ իր ստեղծագործությանը բնորոշ բոլոր կողմերով. ազգային և համամարդկային, արդիական և հավերժական, դրամատիզմով հագեցած և երգիծական: Կատարելության հասցրեց իր ոճը` պարզ, սեղմ և փիլիսոփայական խորությամբ հագեցված, հյութեղ և հարուստ լեզվով: Այս շրջանում ձեռք բերված նվաճումներով են պայմանավորված Թումանյանի ստեղծագործական կյանքի հետագա փուլերը:

1906-1914 թթ.

«Այս շրջանի ժամանակագրական սահմանները որոշվում են ոչ այնքան ստեղծագործական, որքան հասարակական-քաղաքական իրողություններով, առաջին ռուսական հեղափոխությունից մինչև համաշխարհային պատերազմի սկիզբը» (Էդ. Ջրբաշյան): Թումանյանի հասարական ճանաչման հաստատման նոր նվաճումը եղավ 1908 թ. Բաքվում տպագրված «Բանաստեղծություններ» ժողովածուն: Բացի դրանից, այս շրջանում բանաստեղծը հանդես եկավ իր մանկական ստեղծագործություններով, որոնք տպագրվեցին «Հասկեր» մանկական հանդեսում, «Լուսաբեր» դասագրքում և իշխանուհի Մարիամ Թումանյանի հրատարակած « Հովհ. Թումանյանի մանկական գրադարանը» մատենաշարի գրքույկներում: Թումանյան-մանկագիրը մեկընդմիշտ մտավ յուրաքանչյուր հայ երեխայի հոգու մեջ` դեռ թոթովախոս հասակից: Ուսումնասիրելով Թումանյանի գրական ուղին այդ շրջանում` նկատում ենք քնարական ստեղծագործությունների նվազումը` մոտ երկու տասնյակ բանաստեղծություն, որոնց թվում են թումանյանական քնարի փայլատակումներ. «Վայրէջք», «Ծագումն», «Գարնան հրավեր», «Տաղով եկավ…», «Թեպետև և բախտը մեզ շատ հարվածեց» և այլն: Բացի դրանից, Թումանյանն այս շրջանում հանդես չեկավ իր սիրված ժանրով`պոեմով: Նա գնաց ժողովրդական ավանդությունների և գրական աղբյուրների մշակման և նոր իմաստավորման ճանապարհով, ստեղծելով այդ ժանրի իսկական գոհարներ. «Մի կաթիլ մեղրը», «Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Հսկան», «Էսպես չի մնա» և այլն: Այդ տարիներին Թումանյանի ստեղծագործության մեջ գերակշռում է գեղարվեստական արձակը: Ձևավորելով իր սեղմ և հստակ ոճը` նա կատարելության է հասնում թե պատմվածքներում, թե իր հեքիաթներում, թե այլ ժողովրդների հեքիաթների թարգմանություններում: Թվենք մի քանիսը. «Գիքորի» և «Արջաորսի» վերամշակված տարբերակները, «Իմ ընկեր Նեսոն», «Քեռի Խեչանը», «Եղջերուն» և ուրիշ պատմվածքներ; «Քաջ Նազարը», «Տերն ու Ծառան», «Կիկոսի մահը», «Սուտասանը», «Բարեկենդանը», «Կացին ախպերը», «Սուտլիկ որսկանը» և այլն: Այս շրջանում է Թումանյանը գրել նաև իր հրապարակախոսական և քննադատական հոդվածների մեծ մասը, որոնք տպագրվում էին 1909 թ-ից հրատարակվող «Հորիզոն» լրագրում: Իր ելույթներում Թումանյանը արձագանքել է հասարակության առջև ծառացած գրեթե բոլոր խնդիրներին` դիպուկ և խորութափանց մեկնաբանելով դրանք: Գրականության, թատրոնի, բանահյուսության, պատմության, գիտության վերաբերյալ նրա դատողությունները այսօր էլ արդիական են: Ամփոփելով այս փուլի ուսումնասիրությունը` կարող ենք հավաստել, որ Թումանյանը դարասկզբի հայ իրականության կենտրոնական և հեղինակավոր դեմքերից մեկն էր:

1915-1922 թթ.

Թումանյանի կյանքի և ստեղծագործության վերջին շրջանն է: Այդ տարիներին բանաստեղծի կյանքը առավել քան երբևէ սերտորեն կապված էր իր ժողովրդի պատմական ճակատագրի հետ: Առաջին հանաշխարհային պատերազմը, Մեծ եղեռնը, հեղափոխությունը, այդ տարիների նրա անձնուրաց բուռն հասարակական գործունեությունը, իր անձնական ողբերգությունը. որդու` Արտավազդի և երկու եղբայրների մահը, անցան բանաստեղծի սրտի միջով և արտացոլվեցին նրա ստեղծագործության մեջ: Իր մտորումները հայ ժողովրդին բաժին հասած դաժան փորձությունների, նրա պատմական անցյալի, ներկայի, իր հավատը նրա լուսավոր ապագայի վերաբերյալ Թումանյանը կիսեց ընթերցողների հետ մի շարք հրապարակախոսական հոդվածներում և ելույթներում. «Վան և Երևան»… Նշված ժամանակահատվածում չափածո և արձակ էպիկական տեսակները պակասում են` զիջելով քնարերգությանը: 1916 թ. լույս տեսավ «Հայրենիքիս հետ» ժողովածուն, որտեղ զետեղվեցին ինչպես նախորդ տարիներին գրված, այնպես էլ նոր բանաստեղծություններ` հայրենասիրական քնարերգության անկրկնելի էջեր.«Մեր ուխտը», «Հայոց լեռներում», «Տրտմության սաղմոսներից», «Հայրենիքիս հետ», «Վերջին օրը», «Հոգեհանգիստ»: Նշենք նաև հոգում պարփակվածը, կյանքի ու մարդու մասին խոհերը բացահայտող «Բարձրից»-ը, «Պատրանքը», «Տիեզերքի ընթերցումը», «Սիրիուսի հրաժեշտը», և իհարկե, բանաստեղծի «հոգու կենսագրությունը» ամփոփող քառյակները – նրա ողջ գրական կյանքի զարգացման փառահեղ պսակը: 1916-1922 թթ. Թումանյանը գրեց հիսունից ավելի քառյակ: 1920 թվականին հրատարակվեց իր կողմից կազմված քառյակների ժողովածուն, որում ընդգրկվեց երեսուն քառյակ: 1922 թ. Պոլսում հրատարակված «Բանաստեղծություններ» ժողովածուն դարձավ Թումանյանի վերջին գիրքը: Թումանյանի ստեղծագործական ուղին տարբեր փուլերում զարգացել է յուրովի` սերտորեն կապված լինելով նրա կյանքի և հայ ժողովրդի պատմական ճակատագրի հետ: Բանաստեղծի խառնվածքը, նրա ներաշխարհը հաղորդել են այդ շարժմանը հակասություններով լի որոնումներ, թռիչքների և անկումների պահեր, բայց և այնպես այդ ուղին եղել է միասնական, քանի որ քայլ առ քայլ մոտեցրել է նրան գեղարվեստական կատարելության և հոգու իմաստության հավերժ ու անմահ բարձունքին.

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից`
Կամեցավ` ելավ իմ հըզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին:
Ու պայծառ ցոյաց դեպ վերին այեր`
Մարդկային ամեն հընարքներից վեր,
Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից`
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ:
Ու իր հարազատ բարձունքիցը լույս`
Անչար, անաչառ, անդորր ու անհույզ`
Պարզ, ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև` աշխարհքի վըրա:
(«Բարձրից»)

Իմ Թումանյանը


Թումանյան այնքան շատ ասելիք կա այս Մեծն բանաստեղծի մասին, մեր ազգի հպարտության մասին, որ չեմ կարող արտահայտել այն ինչ զգում եմ ես Թումանյան կարդալիս:

Թումանյան կարդալիս անկախ ինձնից դեմքիս հայտնվում է ժպիտ, նա այնքան գեղեցիկ, այնքան հիասքանչ է ամեն ինչ գրում, որ չես կարող չժպտալ, չմտածել: Թումանյանի հեքիաթները կարդալիս չես կարող չվերադառնալ քո մանկություն, չես կարող չհիշել թե ինչպես էր մայրիկդ քեզ պատմում <Շունն ու կատուն> և սովորեցնում, որ պետք չէ երբեք խաբել, չես կարող չհիշել թե ինչպես էիր լսում <Բարեկենդանը> և ծիծաղում մարդկանց միամտության վրա: Չես կարող կարդալ <Սուտասանը> հեքիաթը և չուրախանալ գյուղացիների ասած ստերից: Եվ այս ամենը գրել է հենց մեր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Սիրում եմ կարդալ Թումանյան սիրում եմ երբ նրա ամեն մի տողի մեջ ես ինձ եմ գտնում, հայտնվելով Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում՝ խելագառված Անուշի կողքին, լոռվա միամիտ գյուղացիների շրջապատում, և վերջապես այն Սուրբ հողում, որը ծնել է մեծն բանաստեղծ Թումանյանին: Սիրում եմ՝  երբ կարդալով Թումանյան սովորում եմ թե ինչպես ապրել ինչպես կասեր Թումանյանը՝ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք… Իմ սիրելի բանստեղծությունը չեմ կարող ասել, որն է քանի որ այնքան լավն են բոլորը, այնքան հարազատ են դարձել ինձ, որ չեմ կարող առանձնացել գոնե որևիցէ մեկը, բայց ուզում եմ միայն բոլորին մի խորհուրդ տալ, որպեսզի բոլորը կարդան Թումանյան, սիրեն քանի որ հենց Թումանյանն է ճանաչվել ամենայն հայոց բանաստեղծ։

Թումանյանը` ընկեր

Ֆրանսիայի հասարակությանն արդեն ծանոթ են Թումանյանի ստեղծագործությունները: Ալիս Վառվառյան-Սապունջյանն է թարգմանել նրա 24 ստեղծագործություն ֆրանսերեն, եւ ժողովածուն վերնագրել «Իմ ընկեր Թումանյանը»: Ֆրանսիայում այն հայտնի է ապրիլից, հայ հանրությանը ներկայացվում է հիմա:  Երեկ  Հայաստանի Ֆրանսիական համալսարանում գրքի շնորհանդեսն էր: Թարգմանչուհին «Առավոտին» պատմեց, որ  գրքի թարգմանությունն սկսել է երկու տարի առաջ, մինչ այդ՝ նա արդեն ֆրանսերեն թարգմանել էր Թումանյանի հեքիաթները եւ այլ հեղինակների ստեղծագործություններ: Երբ լսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն հայտարարությունը, թե խրախուսվում էր տարբեր գրականությունների տպագրությունը, որոշել է. «Մտածեցի, որ Թումանյանն է այն հեղինակը, որ պետք է ներկայացնել ամբողջ աշխարհին»: Ալիս Վառվառյան-Սապունջյանը պատմում է՝ շատ է հուզվել Թումանյանին թարգմանելիս, վերնագրի՝ «Իմ ընկեր Թումանյանը»  ընտրությունն էլ բացատրում է. «Ինձ թվում էր՝ Թումանյանն իմ մեջ է: Երկու տարի անընդհատ իրար հետ ապրեցինք, իմ ընկերն էր, ես նույնիսկ զգում էի՝ ինքը գոհ չէ իմ թարգմանած այս կամ այն բառից: Ես էլ փնտրում էի ճիշտ համարժեքը: Ստեղծագործությունները թարգմանելիս նպատակ եմ ունեցել հայ գրականությունը Թումանյանի միջոցով ներկայացնել եվրոպական լսարանին»: Թումանյանին թարգմանչուհին այլեւս չի անդրադառնալու, հիմա աշխատում է «Սասնա ծռեր» էպոսի թարգմանության վրա: «Իմ ընկեր Թումանյանը» տպագրվել է SIGEST հրատարակչությունում: Հրատարակչության տնօրեն Վարուժան Սիրափյանը «Առավոտին» պատմեց, որ գիրքը Ֆրանսիայում լայն տարածում է ստացել: «Ցանկացած վայրում, ուր գրախանութ կա, գիրքը դրված է վաճառքի»,- ասում է Վ. Սիրափյանը՝ ավելացնելով, գիրքը կարդում են եւ՛ ֆրանսահայերը, ե՛ւ հենց ֆրանսիացիները: «Ֆրանսիացիները սկզբից վերցնում են գիրքը, որովհետեւ այն գեղեցիկ կազմով է, նկարազարդ, հետո արդեն բովանդակությունն է նրանց գրավում»,- ասում է նա:

Թումանյանի զավակները


ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույնքաղաքի Սակրավորների ուսումնարանում:Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916թ.կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918թթ.

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել  Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան:
Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:

ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938թթ.

ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Ներսիսյան դպրոցից հետո  ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, /Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին/, նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը:
Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:

ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939թթ.

ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման:

ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968թթ.

ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին  տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966թ.: Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:

ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957թթ.

ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:

ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981թթ.

ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:

ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927թթ.

ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում:Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:

ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988թթ.

ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ: Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:

ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989թթ.

ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով:

Նվարդ Թումանյանի հուշերը

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***
Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ  խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:
***
Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:
***
1916 թվականին հունվարյան ցուրտ օրերը կյանքում ու գրականության մեջ մնացին որպես տոնական ջերմ օրեր` բրյուսովյան օրեր:
Առաջին անգամն էր, որ ռուս նշանավոր գործիչ այնքան ջերմ խոսքեր էր ասում և այնքան բարձր գնահատական տալիս հայոց գրականությանը:
Բրյուսովը բացառիկ ընդունելություն ու վերաբերմունք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ Թիֆլիսում, ապա և Երևանում: Պողոս Մակինցյանը, որ դասատուի պաշտոնով Երևանում էր, Բրյուսովի գալու առթիվ Թիֆլիս էր եկել, մասնակցելու այդ օրերին:
Բրյուսովի առաջին դասախոսության մասին հայտարարված էր թերթերում և աֆիշներում: Տոմսերը վաճառվում էին Թիֆլիսի «Чашка чая» կաֆեում: Հենց առաջին օրը բոլոր տոմսերը սպառվեցին:
Բրյուսովի գալու օրը` հունվարի 12-ին, մի խումբ գրական-հասարակական գործիչներ հայրիկի առաջնորդությամբ գնացին կայարան: Բրյուսովը կնոջ` Յոհաննա Մատվեևնայի հետ էր. դիմավորեցինք ծաղկեփնջերով, ծանոթացանք: Եկանք «Гранд отель» հյուրանոցը /Գոլովինսկի պողոտա/: Հայրիկը նախորոք վերցրել էր երկու սենյականոց լավագույն համարն այդ առաջնակարգ հյուրանոցում: Մի կարճ ժամանակ հյուրանոցում մնալուց հետո, հայրիկը նրանց ընթրիքի հրավիրեց մեր տուն: Մոտը փող չուներ, Մակինցյանից պարտք վերցրեց: Տանն էլ նախօրոք ոչինչ չէինք պատրաստել, բայց հայրիկը ամենայն հանգստությամբ հյուրերին ու դիմավորողներին ընթրիքի հրավիրեց: Գնացինք Պուշկինի փողոցի շուկան, գնումներ արինք, բերինք տուն: Ժամը 9-ին հյուրերը եկան: Երեկոն անցավ ջերմ ու հետաքրքիր:
Մյուս օրը` հունվարի 19-ին, Արտիստական թատրոնում Բրյուսովը դասախոսություն կարդաց հայ պոեզիայի մասին, որը գտավ բացառիկ ընդունելություն: Նույն օրը, ի պատիվ Բրյուսովի, շքեղ բանկետ տրվեց. հարյուրից ավելի հյուրեր կային. թամադան հայրիկն էր:
Հաջորդ օրը Բրյուսովը մեկնեց Երևան:
***
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:
***
Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:
***
Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:
***

Ամենայն հայոց բանաստեղծ

Թումանյանը թեև որպես գրող արժևորված է, սակայն որպես անհատ, որպես ազգային գործիչ` գրեթե չի հասկացված:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և Հայաստանում այն նշվում է որպես գիրք նվիրելու օր:


«Ընդհանրապես Թումանյանին ամբողջության մեջ պետք է նայել և չառանձնացնել նրան` որպես` գրող, հասարակական գործիչ, հայրիկ, ընկեր: Երբ դու իրեն քառատում ես տարբեր ոլորտների, դու նրան  փոքրացնում ես, իսկ երբ ամբողջության մեջ ես նայում, հասկանում ես, որ այդ մարդը բացառիկ և չգերազանցված երևույթ է մեր իրականության համար: Իր յուրահատկությունն իր ամբողջականության մեջ է»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան պետք չէ նրան կուռք դարձնել, քանի որ դա խանգարում է նրան ճանաչել և արգելված է  Ավետարանով:


Նա նշեց, որ այն, ինչ ստանդարտ գիտելիքից դուրս է,  կարող ես ծանոթանալ թանգարանում: Նկատեց նաև, որ թեև խորհրդային տարիներին շատ լավ գրականագետներ են եղել, սակայն նրանք տոտալիտար ժամանակաշրջանում են գործել և շատ բան չեն կարողացել բացեիբաց  ներկայացնել, իսկ հիմա ճիշտ ժամանակն է` ազատ պետության մեջ ազատորեն խոսել Թումանյանի մասին` առավելապես նրա ազգային գործի, ռազմական ոլորտի հմտությունների  մասին:


Նարինե Թուխիկյանն անդրադարձավ Հովհաննես Թումանյանի 1915 թվականի գործունեությանը և նշեց. «Թումանյանն առաջինն էր, որ 1919 թվականի Բաքվի կոտորածների ժամանակ միտինգ արեց Թիֆլիսում և  ասաց, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, և այն երբևէ  թաթարական չի եղել և չի էլ լինի»: 


Նա նաև հայտնեց, որ Թումանյանը Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ մեծ գործունեություն է ծավալել, պայքարել է ցարական Ռուսաստանի դեմ: «Նա դեռ պատանեկան տարիներին գաղտնի հավաքների մասնակից էր և իր նպատակն էր ազատագրել Արևմտյան Հայաստանը իր ընկերների հետ և դարձնել միասնական Հայաստան: Նա կռվող և խիզախ մարդ էր` ինչպես իր նախնիներն են եղել»,-ասաց նա:


Նարինե Թուխիկյանը ներկայացնելով մեծ բանաստեղծին ասաց, որ Թումանյանը երեք կեղծանուն ուներ. առաջինը` Ամենայն հայոց թամադա, ինչը խոսում է այն մասին, որ նա ուրախ, զվարթ, քեֆչի մարդ էր: «Հետո` Ցեղասպանութան ժամանակ ստացավ ևս երկու տիտղոս`  մեկը Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձավ Արևմտյան Հայաստանից Էջմիածնում  բացեց որբանոցներ, հիվանդանոցներ: Եվ երրորդ` ինքն իրեն կոչեց Ամենայն հայոց բանաստեղծ` Կաթողիկոսի հետ վիճաբանության ժամանակ: Երբ Կաթողիկոսն արգելում էր վեհարանում ապաստան տալ գաղթականներին, Թումանյանը շատ կտրուկ խոսեց և Կաթողիկոսն ասաց` ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես Ամենայն հայոց  կաթողիկոսն եմ և հենց այդ ժամանակ էլ Թումանյանն  ասաց` իսկ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ»,- ասաց նա:

Թումանյան թարգմանիչը

Թարգմանչական աշխատանքը միշտ եղել է  Թումանյանի ստեղծագործական աշխատանքի անբաժան մասը, նրա գեղարվեստական սկզբունքների դրսևորման կարևոր ոլորտներից մեկը։ Թարգմանությունը երբեք չի եղել «երկրորդական զբաղմունք»՝ կտրված հիմնական ստեղծագործական խնդիրներից։ Եվ թարգմանությունների մեջ Թումանյանը դրել է իր տաղանդի ամբողջ ուժը : Բավականին բազմազան են Թումանյանի թարգմանությունները թե աշխարհագրական տեսանկյունով, թե ժանրային առումով: Հետաքրքիր է, որ Թումանյան թարգմանիչը չի սիրում կենտրոնանալ որևէ հեղինակի վրա: Թումանյանը ամենից շատ թարգմանություններ կատարել է ռուս գրականությունից, հատկապես Պուշկինի և Լերմոնտովի ստեղծագործություններից:
Ահա այն ստեղծագործությունների ցանկը, որ թարգմանել է Թումանյանը
Թարգմանած պատվածքները այբբենական կարգով
     Թարգմանած հեքիաթները այբբենական կարգով
     Թարգմանած բանաստեղծությունները և բալլադները այբբենական կարգով

Թումանյանը պատմության մեջ

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա