Կարդում ենք Սահյան

hamo-sahyan-300x204
Նախագծի ժամկետը`մարտի 30-ապրիլի 14
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Բանաստեղծությունների ընթերցումներ
վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրումներ:

Սահյանական ընթերցումներ մեր կրթահամալիրում
Կարդում ենք Սահյան 
Մանե Թոռունյան
ԱրտԲզզանի եթերում սահյանական ընթերցումներ են:
Նինել Աղանյան
Միքայել Բարսեղյան
Աշոտ Գևորգյան
Հուշեր Սահյանի մասին 12

Ֆիլմեր Սահյանի մասին և նրա մասնակցությամբ
Իրիկնահացի հրավեր
Երկու հանճարի զրույցը. Սահյան և Մաթևոսյան
Քարափներից երկինք
Համո Սահյան. Բանաստեղծություններ:

Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:


«Ախր ես ինչպես վեր կենամ գնամ»

Բոլոր բանաստեղծները յուրովի տարբերվում են, և ամեն անգամ տարբեր բանաստեղծների գրված բանաստեղծությունները ընթերցելիս հասկանում եմ, որ ինձ համար հարազատ գրողը Համո Սահյան է: Սիրում եմ միայնակությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ ընթերցանությունը: Սահյան ընթերցելիս կարծես միայնակությունս լցվում է  մարդկանցով, տխրությունս վերափոխվում բերկրանքի:

Այսօր խոսքի մշակույթի դասաժամին ընթերցեցինք բոլորին հայտնի, իմ կարծիքով բոլորի կողմից էլ սիրելի մի բանաստեղծություն՝ «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ»: Բանաստեղծությունը հայրենասիրական է, ու այն կարդալիս ինքս ինձ մտածում եմ. «Ախր ինչքան հայ կա, որ իր երկիրը թողել, ուրիշ երկրում իր հայրենիքի օդն է փնտրում, բայց միևնույն է ինչքան էլ փնտրի, համոզված եմ, որ չի գտնի»:

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…
Հեղինակը ասում է , որ ունի մի թուլություն որից ազատվել չի կարողանում , իր սիրած էակի չարության դեմ բարություն անել չի կարոզանում։ Նրանից հեռանալ , մոռանալ չի կարողանում ։ Նրան հեռացնել իրենից չի կարողանում։

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:
Բանաստեղծությունը նվիրված է հեղինակի պապիկին , նա ասում է , որ իր պապը տնկել է գյուղի բոլոր շիվերը։ նրա պապը ցանել է ։ Հողի հետ խոսել է։ Զարմանքից քարացել ամոթից շիկնել է ։Եվ պապը ակոսումՊառկել ու քնել է, Խառնվել այն հողին, Որ իրեն սնել է:

Նույն երկինքն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն կածանը,
Բայց ուրիշ են ամպ ու անձրև,
Եվ ուրիշ է ծիածանը։
Նույն արևն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն մարգերը.
Բայց ուրիշ են ծաո ու տերև,
Եվ ուրիշ է այգու տերը։
Նույն աստղերն են գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն ափերը.
Բայց ուրիշ է ջուրն, արդարև,
Եվ ուրիշ է նրա բեոը։
Նույն տանիքն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն հատակը.
Ավա՜ղ, ինչո՞ւ նույնն է նաև
Մեզ րաժանող ամբարտակը։
Հեղինակը գտնվել է օտարության մեջ ,նա ասում է , որ գլխի վերևում երկինքը նույնն է , բայց ուրիշ է ծիածանը , ասում է , որ նույն արևն է, բայց ծառն ու տորևն է ուրիշ։

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, —
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Հեղինակը գտնվել է օտարության մեջ և ամեն անգամ հայաստան անունը տալիս մի բան է հիշել հայաստանի մասին ։ Երբ տվել է հայաստան անունը ժայռի մեջ մի տուն է հիշել , հիշել է լքված թոնիր , արևոտ մի սար է հիշել

Համո Սահյան բանաստեղծություններ



Համո Սահյան
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ

Պարիսպներով շրջապատված
Բերդի պես էր ձեր տունը հին.
Գյուղի մեջ, բայց գյուղից զատված
Մի դղյակ էր հեքիաթային։

Ես մեր բակից ամեն անգամ
Նայում էի ձեր դղյակին…
Եվ նախանձում էի անգամ
Կտրին իջած կաչաղակին։

Տենչում էի հավքի թևով
Հասնել մի օր երկրորդ հարկին,
Բայց ո՞վ, բայց ո՞վ կթողներ, որ
Արժանանամ ես այդ փառքին։

Նայում էիր հաճախ ինչպես
Տասնհինգօրյա լուսինն ամպից
Եվ չքանում վայրկենապես
Երկրորդ հարկի պատշգամբից։

Մերթ հրճվում էր, մերթ վշտանում,
Կրակված էր իմ սիրտն անբիծ,
Ու նայելով չէր կշտանում
Երկրորդ հարկի պատշգամբից։

Անցնում էի ես ձեր դռնով,
Մնում էի գիշերն անքուն,
Եվ մի օր էլ դափ ու զուռնով
Ձիավորներ եկան ձեր տուն…

Նոր առավոտ բացվեց գյուղին,
Ժպտաց գյուղին արևն անշեջ,
Մնացել է ձեր տունը հին
Նոր շենքերի ստվերի մեջ։

Բոլորեցին ու կյանք դարձան
Որքան կային երազ ու տենչ,
Մխրճվել է կտուրն իմ տան
Երևանի երկնքի մեջ։

Փաթաթեցի իմ մատներին
Ես Տյան-Շանի բաշն սպիտակ,
Առա անգամ Կարպատների
Գագաթները ոտքերիս տակ։

Աստղերի հետ վեճի մտած
Բարձունքները ելա փառքի…
Բայց ինձ համար անհաս մնաց
Պատշգամբն այն երկրորդ հարկի։
Համո ՍահյանԿԳԱՄ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:
Համո ՍահյանՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԴՈՒ

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:
Համո ՍահյանԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ

Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն — առանց մեզ:

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Խառնվեցին երկու «ես»
Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու,
Ես չիմացա, թե ինչպես:

Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես:
Համո ՍահյանՕՐԸ ՄԹՆԵՑ

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով՝
Կրտսեր ու ավագ:
Նստում էին և սպասում,
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:
Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…
Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:
Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում,
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:
Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխատավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ:
Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Համո Սահյան***
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

***
Երազիս մեջ ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի:
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի:

Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ
Թե ես ինչպես համբերեցի երազիս մեջ

Երազիս մեջ համբերեցի, բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել…
Ես մեկն էի, ինչպե՞ս որ երկու դարձա,
Միտք եմ անում… ու չեմ կարող լուսաբանել:
Համո Սահյան
***
Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած,
Եվ գլխիս վերև ամպեր են ոսկի…
Չգիտեմ ինչո՞ւ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:
Ամպերն են լողում մայրամուտի մեջ
Գնում են գալիս, գգվում իրարու,
Հորիզոնն ի վար ձգվում են անվերջ,
Անջատվում նորից և գնում հեռու:
Երկու ամպ եկան, հասան իրարու, —
Մեկը ոսկեմորթ եղնիկ թվաց ինձ,
Մեկը լեռներից փախած եղջերու…
Փարվեցին նրանք քնքշանքով մի մեծ,
Հետո հեռացան անհոգ ու անփույթ,
Վառվեցին ոսկե հրդեհների մեջ,
Կապույտների մեջ ծուխ դարձան կապույտ…
Բայց վաղը անձրև կդառնան նրանք
Եվ կհանդիպեն ծովերում հեռու,
Իսկ մենք աշխարհում ինչ էլ որ դառնանք,
Էլ ոչ մի անգամ չենք հանդիպելու:
Այդ մասին գիտե հովիտն այս ծաղկած,
Եվ գիտեն անգամ ապերը ոսկի…
Դրանից չէ՞ որ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:


Բնություն

Ես ծունկի եմ գալիս
Խոնարհվում եմ ահա,
Ասա, ինչ որ կուզես…
Օգնիր տառապյալիս
Ողորմություն արա,
Եթե աստված ունես:
Օգնիր ինձ իմանամ,
Ինձ քեզանից զատեմ
ՈՒ խառնվեմ քեզ հետ:
Օգնիր, որ դիմանամ,
Չբարձրանամ քո դեմ
Եվ չդառնամ աղետ:
Օգնիր, որ արգելեմ
Արհավիքրները նոր:
Օգնիր, որ ես ջանամ…
Օգնիր իրար բերեմ
Բևեռներս բոլոր,
Օգնիր ամբողջանամ…
Համո Սահյան
ՊԱՊԸ

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:
Համո Սահյան
ԻՆՉՈՒ ՀԻՇԵՑՐԻ

Քամին սարերից
Առաջին ձյունի
Փոշին է բերում
Եվ շաղ է տալիս
Բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված
Մազերիս վրա:

Շապիկիս փեշքից
Ու թևքից կախված
Մաշված, գույնզգույն,
Խաշամանման
Կարկատանները
Պոկում է քամին,
Խառնում ծառերից
Թափվող խաշամին…

Խաշամ, ի՜նչ խաշամ,
Թեժաթուխ լավաշ,
Տավարն ուտում է,
Ու չի կշտանում:

Ես լուռ նստել եմ
Կապույտ մի քարի,
Կապտել եմ ես էլ,
Եվ կապույտ քարից
Տարբերվում եմ ես
Այնքանով միայն,
Որ ես դողում եմ,
Քարը չի դողում:

Գյուղ տանող ճամփով
Անցնում է հայրս,
Ցախը շալակին:

-Ցո՞ւրտ է, — հարցնում է:
-Տաք է, — ասում եմ:
-Քարին մի նստիր,
Վեր կաց, — ասում է:
-Տավարն, — ասում է, —
Լույսով չբերես:

Ասում է, գնում…

Անցել է ուղիղ
Քառասուն տարի…
Հիշեցրի երեկ,
Հայրս լաց եղավ:

Ինչո՞ւ հիշեցրի:
Համո ՍահյանԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ

Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:

Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում, —
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:

ՆԵՂՎՈՒՄ ԵՄ…

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ

Համո Սահյան
ԵԹԵ ԱՇԽԱՐՀԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ ՄՆԱԼՈՒ

Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։
Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես…
Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։
Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա

։Համո Սահյան
ԱՎԱՂ, ԻՆՉՈ՞Ի ՆՈԻՅՆՆ է ՆԱԵՎ

Նույն երկինքն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն կածանը,
Բայց ուրիշ են ամպ ու անձրև,
Եվ ուրիշ է ծիածանը։
Նույն արևն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն մարգերը.
Բայց ուրիշ են ծաո ու տերև,
Եվ ուրիշ է այգու տերը։
Նույն աստղերն են գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն ափերը.
Բայց ուրիշ է ջուրն, արդարև,
Եվ ուրիշ է նրա բեոը։
Նույն տանիքն է գլխիս վերև,
Ու ոտքիս տակ նույն հատակը.
Ավա՜ղ, ինչո՞ւ նույնն է նաև
Մեզ րաժանող ամբարտակը։

ԿՈՒԶԵՍ ՊԱՅԹԻՐ

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սի՛րտ, անցել է սրտի դարը։
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սի՛րտ, անցել է քո հազարը։
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշխարհի
Եվ աշխարհի ճանապարհը

Համո Սահյան
ՄՈՐՍ ԾԱՂԻԿ ԾՈՑԻ ՄԵՋ

Մորս ծաղիկ ծոցի մեջ
Կար մի ծիվ-ծիվ Հայաստան,
Ամեն ծալքում մեր ծխի
Կար մի ծիլ-ծիլ Հայաստան:

Հույսեր, հույսեր իմ բուռ-բուռ,
Ձեր ամեն մի հատիկում
Ծլարձակում կար մի լուռ
Եվ կար մի ծիլ Հայաստան:

Երազներ իմ ձյունեղեն,
Մաքուր, մաքուր երազներ,
Ձեր ամեն մի փաթիլում
Կար մի փաթիլ Հայաստան:

Արտասուքներ իմ վճիտ,
Որ ծորացիք ամենուր,
Ձեր ամեն մի կաթիլում
Կար մի կաթիլ Հայաստան:

Երամներ իմ կարոտի,
Ձեր ամեն մի կանչի մեջ
Կար մի տատրակ, մի կռունկ,
Մի արագիլ Հայաստան:

Զարկերակներ իմ զարմի,
Ձեր ամեն մի զարկի մեջ
Զնգում էր մի զրեհիկ,
Զվարթ ու զիլ Հայաստան:

Հավերժություն, աչքդ լույս,
Ուղևորդ է մի նորոգ,
Կանաչ-կարմիր, ծիրանի,
Ճերմակ ու բիլ Հայաստան:

Համո Սահյան
ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ

Մի տեղ իշխան ու տեր,
Մի տեղ համեստ հովիվ,
Մի տեղ ճորտ եմ եղել,
Մեկին մոտ-մտերիմ,
Մեկին հազիվ ծանոթ,
Մեկին խորթ եմ եղել:
Մի օր զարթնած անտառ,
Մի օր հնձած հովիտ,
Մի օր կորդ եմ եղել:
Ինչ եղել եմ, եղել, —
Միայն չասեք, թե ես
Ավելորդ եմ եղել:
Ես կատարյալ մարդու,
Մարգարեի, աստծո
Հավակնորդ եմ եղել:
Ես և բարձր եմ եղել,
Եվ շիտակ եմ եղել
Իմ երազի նման,
Եվ իմ անցած երկար
Ճանապարհի նման
Խորդուբորդ եմ եղել:


ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, —
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում

:Համո Սահյան
ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, —
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:


ՆԱԽԱՆՁ


Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ էր Երևանում,
Ամենքի հետ քեֆ է անում
Ծաղիկ ծախող Կարաբալան:
Գլխարկներ է փոխում հաճախ…
Եվ մշտական կե**** բացի,
Մի օր դնում է նոր փափախ,
Մի բերետ մի կանացի:
Մակինտոշ է հագնում մի օր,
Մի օր հին ջուլ ու փալան,
Միշտ ուրախ է ու բախտավոր
Ծաղիկ ծախող Կարաբալան:
Մեկ էլ տեսար գոտին հանեց,
Մեջքին կապեց մի հին պարան,
Կարծեմ մի քիչ դերասան է
Ծաղիկ ծախող Կարաբալան:
Բարեկամներ ունի նա մոտ
Եվ ընկերներ ամեն տիպի…
Ծանոթ լինի, թե անծանոթ
Բարևում է ում հանդիպի…
Ո՞վ չգիտի, ասեք, նրան,
Ո՞վ չի նրա ծաղիկն առնում,
Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ է Երևանում:
Բայց մի պոետ չի դիմանում,
Գանգատվում է սրան-նրան,
Թե ինչու է Երևանում
Այդքան հայտնի Կարաբալան:
Թե իր փառքն է նա գողանում,
Թե իր գոված հազարանուն
ծաղիկներն է նա վաճառում
Եվ դրանով հայտնի դառնում:
Ու գոչում է բարձրաձայն,
Թե.-երբ ես կամ Երևանում
Էլ ի՞նչ ունի, ի՞նչ է անում
Ծաղիկ ծախող Կարաբալան…

Համո Սահյան

ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով» …
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով» …
Համո ՍահյանԱրագիլները

Դուք ինձ չե՞ք ասի, որբացած բներ,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելուց առաջ:
-ՏԱՌԱՊՈՒՄ ԷԻՆ:

Դուք ինձ չե՞ք ասի, աստղեր ու արև,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելու պահին:
-ՏԱԳՆԱՊՈՒՄ ԷԻՆ:

Դուք ինձ չե՞ք ասի, անձմեռ հեռու,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելուց հետո:
-ԿԱՐՈՏՈՒՄ ԷԻՆ:

Անքուն եղեգներ անձմեռ հեռվի,
Ի՞նչ էին խոսում արագիլները
Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ:
-ՇՏԱՊՈՒՄ ԷԻՆ:

Բուք արտաշնչող լեռնագագաթներ,
Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած
Արագիլները ետ գալու պահին:
-ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ:

Համո Սահյան
ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում

։Համո Սահյան
ՄԻՋՈՑՆԵՐՍ…

Միջոցներս… չէ,
Այս անտեր փողից
Բան չեմ հասկանում։
Երբ չեմ ունենում,
Քունս չի տանում.
— Փող, բարի գալուստ։
Երբ ունենում եմ,
Քունս չի տանում.
— Փող, գնաս բարով։
Հոգիս դուրս եկավ
Լավ քնողներին
Երանի տալով:

ՀՈԳՍԵՐՍ…

Հոգսերս… նրանք
Պնդաճակատ են
Ու երես առած,
Խոսք ու խրատիս
Գլուխ չեն դնում,
Արթնանում են միշտ
Ինձանից աոաջ,
Ու միշտ ինձանից
Հետո են քնում:
Մնում է միայն
Մի մխիթարանք.
Այն, որ չեմ կարող
Ինչ անեն-չանեն,
Չհավատալ, թե
Աճյունս նրանք
Ինչպիսի շուքով
Շիրիմ կտանեն:Համո ՍահյանԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ…

Ես չեմ կարող չհավատալ
Կռունկների վերադարձին,
Երբ արթնացող առվակն արդեն
«Բարի գալուստ»,
«Բարի լայս» է ասում դաղձին,
Երբ պատրաստ է հողը՝ լալու
Մայրանալու
Խուտուտ բերող մի սարսուոից,
Եվ քունն առած ծծկեր մի ծիլ
Նայում է իր թավշյա խոնավ
Խանձարարուրից…
Ես չեմ կարող չհավատալ
Այն զինվորի սուրբ երդումին,
Որ երդումը հազիվ կերած,
Կուրծքը դրել խրամատի
Խոնավ թմբին,
Ծիծաղում է մահի վրա։
Ես չեմ կարող չհավատալ
Արյան գույնին իմ երակի…
Ես չեմ կարող չհավատալ
Այն գրերին,
Որ խոսում են երկինքն ի վեր
Սուրբ քարերից ավերակի,
Մեր պատմությունն արթնացնում,
Մարդ են դարձնում մեզ եռակի։
Ես չեմ կարող չհավատալ
Մեր հինավուրց հայրենների
Թափառական համ ու հոտին,
Որ դարերի մշուշներից
Ոլորվել են ու խառնվել մեր երազին,
Մեղ դպրությանն ու կարոտին։
Ես չեմ կարող չհավատալ
Այն ավանդին,
Որ ամեն օր նորանալով,
Ծաղկում է մեր շուրթի վրա,
Մեր սրտի մեջ։
Եվ վերջապես ես չեմ կարող
Չհավատալ իմ հավատին,
Որ մարդկության հավատն է մեծ:

Համո ՍահյանԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉՆԵՐՇՆՉՎԵԼ

Ես չեմ կարող չներշնչվել,
Ամեն բացվող առավոտով,
Առավոտի բարի հույսով,
«Բարի լույս» –ով բարեկամի:
Ես չեմ կարող չներշնչվել
Երկինքների բաց ոլորտով,
Եվ աստղերի յոթը պորտով,
Եվ ամպերով յոթգլխանի։
Ես չեմ կարող չներշնչվել
Քաղաքների եռազեռով
Եվ լեռների լանջերն ի վեր
Ավանդապահ անտառների
Կանաչ-կարմիր, լուրթ ու դեղին
Երազներով։
Ես չեմ կարող չներշնչվել
Այն քարափով,
Որ իմ ամեն մի հուշի մեջ
Ծիածան է թողել մի բուռ
Իր ամեն մի դիմախաղից։
Ես չեմ կարող չներշնչվել
Մինչև անգամ մասրի թփով,
Որ իր ամեն փշի վրա
Մի թել ունի
Պատանության իմ մախաղից։
Ես չեմ կարող չներշնչվել
Եվ այն կապույտ սարահարթով,
Որ ամեն բուո հողի վրա
Ոտնահետքերն ունի պապիս,
Ես չեմ կարող չներշնչվել
Այն հավիտով,
Որ ինձ ափով ջուր է տվել
Եվ ջուր խմել ինքն իր ափից։
Ես չեմ կարող չներշնչվել
Այն ամոթով,
Որ շիկնելով աղջիկների
Այտերն ի վեր,
Մայր է մտնում կոպերի տակ:
Ես չեմ կարող չներշնչվել
Ձյունից պոկված ջրվեժների
Ծնկի ծալով
Եվ իմ ազնիվ տոհմածառով,
Եվ վերջապես
Ես չեմ կարող չներշնչվել
Իր այս արդար ճանապարհով
Աշխարհների առաջն ընկած
Իմ աշխարհով։Համո ՍահյանՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:Համո ՍահյանՀոգնել եմ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ հոգնել:Համո ՍահյանԴՈՒՔ ԼԱՎՆ ԵՔ, ՄԱՐԴԻԿ

Աշխարհում միշտ բաց են եղել
Դռներս կրնկի վրա…
Ելնողին չեմ ասել՝ արի՛,
Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
Բոլորը բաշխել եմ ձրի՝
Եվ հացի պատառը վերջին,
Եվ վերջին կաթիլը ջրի։

Բաշխել եմ եղածի չափով,
Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ…
Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
Երբեմն հատիկ առ հատիկ։

Բաշխել եմ կրակ ու կորով,
Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
Թե մեկից մի բան եմ խնայել,
Իմ ցավն եմ խնայել մենակ։

Բաշխել եմ ինչ որ աշխարհում
Տրվում է միայն մեկ անգամ,
Ու որքան առատ եմ բաշխել,
Դժգոհ եք եղել դուք այնքան։

Ասել եք, խոսել, բողոքել
Եվ անգամ նախանձել, որ կամ,
Կոչել եք դժկամ ու դժնի,
Ժլատ եք կոչել ինձ անգամ…

Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
Եվ ինձնից առածի տեղակ
Հոգսեր ու ցավեր եք տվել։

Որքան էլ ինձնից հեռացել,
Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։

Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
Ասում եմ որերորդ անգամ,
Առանց ձեզ ոչ միայն ապրել,
Ես մեռնել չեմ կարող անգամ։

Համո Սահյան բանաստեղծը:

Գրական գործունեություն

Առաջին շրջան

Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941), «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965): Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Շնորհիվ Համո Սահյանի և Մուշեղ Գալշոյանի համատեղ ջանքերի 1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը».

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,Թփերում կորած կածանի վրա,Կարծես քանդակված մի տերև լինիՄոր լեզվի հետքը ճակատին նրա…Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփիՏերևը հանկարծ քսվում է նրան,Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Երկրորդ շրջան

Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։ Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում է. «Քո սարերին եմ թիկնելու նորից»։ Այդ նույն բանաստեղծության մեջ Սահյանը բերում է երդման խոսքը.

…Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջԻնչ կաչերով էլ ականջս շահեն,Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն,Ինչ համերով էլ կաշառեն լեզուս,Շաղոտ շուրթերով՝ շարականաշուքՔո շշուկներն են կրկնելու նորից…


Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։

1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1989 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Այդ ժողովածուներով Սահյանը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը՝ բանաստեղծության բնապաշտական տարերքը։

Համո Սահյան մարդը:

1914 – 1993

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: