Վահան Տերայան Հանդիպում

Նուրբ ստվերները փռվում են քնքուշ,
Կապույտ խավարն է երկինքը պատում.—
Անուշ վարդերից մնաց միայն փուշ
Եվ ցնորքներից վիշտ ու վհատում…

Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,—
Ահա,—մեր հոգում խավար է և մահ.—
էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել
Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա…

Քո արցունքները թափվում են ահա,
Եվ դառն է լացըդ հուսահատական.—
Քեզ ի՞նչ հավատով սփոփեմ հիմա,
Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ…

Հանդիպում

Նուրբ ըստվերները փռվում են քնքուշ,
Կապույտ խավարն է երկինքը պատում.—
Անուշ վարդերից մնաց միայն փուշ
Եվ ցնորքներից՝ վիշտ ու վհատում…

Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,
Ահա — մեր հոգում խավար է և մահ,
էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել
Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա…

Քո արցունքները թափվում են ահա,
Եվ դառն է լացըդ հուսահատական,—
Քեզ ի՞նչ խոսքերով սփոփեմ հիմա,
Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ…

Տերյանի աշխարհը նամակներում

Ա. Միսկարյանին
                                                  1917,7 հունվարի

    Ձեր սիրելի նկարն ստացա և սրտանց շնորհակալ եմ ձեզնից:Անտենկա,դրա համար և ձեզ մոտ գալու հրավերի համար,սակայն հազիվ թե կարողանամ հրավերից օգտվել և դրա համար շատ պատճառներ  ունեմ: Մի ժամանակ շատ էի ուզում գալ,բայց վերջին անգամ ձեզ և Մարթայի հետ տեսնվելուց հետո տրամադրությունս
միանգամից մի տեսակ ընկավ,և ես ինձ շատ և շատ անհարմար զգացի: Ինչի՞ն  պետք է վերագրել դա,արդյոք իմ զգայնությա՞նը,թե այլ հանգամանքների,բայց փաստը մնում է փաստ ,և ինձ թվում է ,որ նման որևէ բանի կրկնությունը ինձ համար կլիներ չափազանց  տհաճ, շատ ծանր:Ես մի րոպե իսկ չեմ կասկածում ,որ ձեր տանը կգտեի սրտաբացություն և հյուրընկալություն,բայց ինձ թվում է ,որ իմ բնավորությամբ այդքանը բավական չէր լինի,իսկ ձեզնից ավելին պահանջելու իրավունք չունեմ: Արդյոք ե՞ս  եմ տարօրինակ ,թե՞  դուք(և դուք,և Մարթան),բայց մեր վերջին տեսակցությունից հետո համոզվեցի ,որ համատեղ կյանքը կարող էր անցանկալի անախորժությունների տեղիք տալ:Իսկ ես կուզենայի դրանից խուսափել: Դա գլխավոր պատճառն է:Մնացածն էական չէ և կարևոր չէ: Իսկ ձանձրանալը՝ ես իսկապես ձանձրանում եմ,թեև կարող եմ լինել  և ոչ մենակ:Այստեղ բանը միայնությունը չէ: Դա երկար ու բարդ պատմություն է,որը ոչ մի ընդհանուր բան չունի « Սուսաննա-սիրո» (որի մասին ակնարկում եք նամակում) և այլնի հետ:Այստեղ ոչ մի Սուսաննա չի օգնի և ոչ ոք,գուցե,օգուտ չբերի:Ինձ հետ ինչ-որ վատ բան է կատարվում,Անտենկա,և երբեք այսքան վատ չեմ եղել: Դե ,այդ մասին չարժե: Ողջույն ձերոնց բոլորին: Հատկապես ձեր հիանալի հայրիկին: Եթե ցանկություն կունենաք ,գրեցեք:Ամենայն բարիք:
                                                                        Վահան Տերյան

   Սիրելի Անտենկա
   Ես որոշեցի օգտվել ձեր հրավերից և առժամանակ մեկնել Մոսկվայից: Ինձ թվում է ,որ ինձ կհաջողվի ձեզ մոտ մի քիչ հանգստանալ: Սակայն չեմ կարող ցանկությունս իրագործել անհապաղ և ստիպված կլինեմ  այդ անել փոքր -ինչ հետո: Ինձ համար այնքան էլ հեշտ չէ բոլոր գործերս թողնել ու մեկնել, այսպես  թե այնպես դա պետք է ձևակերպել,ընդ որում հիմա ինձ մոտ փող էլ չկա,սպասում եմ օրերս,և ահա, հենց  որ այդ բոլորը վերջացնեմ,կսլանամ ձեզ մոտ (զզվելի՜ գնացքով):Իհարկե, ես դրա համար շատ ուրախ եմ և հույս ունեմ,որ ինձ համար լավ կլինի՝ Ես ոչ մի րոպե չեմ կասկածում ձեր անկեղծությանը,բայց, ճշմարիտ ,երբեմն մի քիչ անհարմար եմ զգում, և հետո  մի քիչ վախենում եմ,թե հանկարծ ձեզ հետ և Մարթայի հետ չկռվենք կամ իրար չձանձրացնենք(այսինքն՝ ես հանկարծ ձեզ չձանձրացնեմ և սրտնեղություն չպատճառեմ իմ ներկայությամբ):Ինձ նույնիսկ  թվում է ,թե Մարթան գուցե դժգոհ կլինի իմ ներկայությունից,և ,հետո  գուցե  որևէ նեղություն կպատճառեմ ձերոնցից որևէ մեկին:Իսկ դա շատ և շատ տհաճ կլիներ:Բայց և այնպես ես վճռել եմ գալ ձեզ մոտ,և հիմա դա ժամանակի խնդիր է(իհարկե, ստիպված չեք լինի երկար սպասել,եթե միայն սպասելու լինեք): Համենայն դեպս ես ենթադում եմ ձեզ մոտ պարապել, չէ՞ որ անչափ շատ քննություններ ունեմ:Դա հնարավո՞ր կլինի,թե ոչ: Ախր  ես ոչ թե պարապմունքներից եմ հոգնել, այլ ուղղակի զզվեցրել է Մոսկվան և այստեղի կյանքը,և ես լռություն եմ ուզում և,իհարկե,մարդիկ,բայց մարդիկ ,որոնց հետ լինելը ինձ համար հաճելի լինի:Մի խոսքով,ինձ թվում է,որ մոտավորապես մի շաբաթից կկարողանամ մեկնել:
Դա հո ուշ  չէ՞:

 Բայց դուրս գալուս օրվա մասին կգրեմ,երբ պարզվի:Իսկ մինչ այդ, խնդրում եմ, մի փոքրիկ նամակ գրեցեք  և հայտնեցեք ,թե անհարմար չի՞,թե լինի(միանգամ էլ,որպեսզի միանգամայն հանգիստ լինեմ,բայց տեսեք,չստեք,այլ գրեցեք միանգամայն անկեղծ և առանց ձևականության ,հավատացնում եմ ձեզ,որ դա ամենևին  չի վիրավորի):Եվ հետո, Մարթայի վերաբերյալ էլ գրեցեք(ձեր մասին չեմ հարցնում,որովհետև,կարծես,չպետք է կասկածեմ)՝ ուզո՞ւմ է նա ինձ տեսնել ձեր տանը,թե գուցե նա այդ բանը չէր ցանկանա:Չգիտեմ ինչու ինձ շարունակ թվում է,թե նա ինձ մի քիչ չի սիրում կամ ինչ-որ բանի համար ինձնից նեղացած է: Եվ ապա, ողջունում եմ ձեզ և ձերոնց բոլորին,շնորհավորում եմ տոները և ցանկանում ամենայն,ամենայն… Կարծեմ ,ցտեսություն:
Ասեք….

Դե, սեղմում եմ ձեր ձեռքը պինդ-պինդ:

Վահան Տերյան

Հա ,ի դեպ ,երկու խոսքով գրեցեք,ինչպես պետք է գամ,չէ՞ որ աշխարհագրությունից լիակատար տգետ եմ,թեև ,գուցե այստե՞ղ կարելի է իմանալ:

Առայժմ: Բարևեցեք:

Նվարդին…

Դուք ինձ մի նայեք,գրեցեք-հավատացած,որ Ձեր նամակները ուրախություն են ինձ համար և իմ չգրելը թող Ձեզ երբեք չնեղացնե-եթե չեմ գրում ,միայն հնար չլինելու համար չեմ գրում…

Չեմ դավաճանի իմ Նվարդին
Որքան էլ դյութես ,օ, Շամիրամ
Որպես արքան այն ,մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին .
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես ,օ, Շամիրամ…

….Ձեզ հայտնի է,որ Արա գեղեցիկի կինը Նվարդն է եղել…Առհասարակ սա պատասխան է նրանց ,որ ուզում են տեսնել ուրիշ կողմեր իմ անուշ երկրից(միստիկ մտքով…)
      Ուզեցի ուղարկել Ձեզ սա,որովհետև այստեղ կա Ձեր անունը,թեև սա այն շարքից չէ,որ Ձեզ եմ նվիրել,այլ նաիրյան շարքից:
                              Ձեր Վահան

Նվ.Թումանյանին
1915,սեպտեմբեր,Պետրոգրադ

Սիրելի Նվարդ

Այս անգամ ուշացավ նամակս,բայց բանն այն է,որ ես վճռել էի գալ Կովկաս,դրա համար հետաձգեցի գրելս և հետո չհաջողվեց կրկին գալ և նորից խրվեցի այստեղի գործերիս մեջ ու չգրեցի……
ժողովածուն առաջ է գնում և շուտով պատրաստ կլինի:Մոսկվայի ժողովածուի հետ համաձայնեցինք այնպես անել, որ նույն նյութերը չլինեն,և մերում պոեզիան շատ կրճատեցինք-ընդամենը երկու թերթ պիտի բռնե,իսկ Մոսկվայինը ամբողջապես նվիրված պիտի լինի պոեզիային:

Այստեղ Պաոլոն է աշխատում գլխավորապես՝ թեև անունով կա խմբագրական մասնաժողով: Թարգմանել են «Անուշը»,«Աղավնու  վանքն» ու «Աղջկա սիրտը»,շատ լավ է թարգմանված,կարդացի- Վյաչեսլավ Իվանովն է թարգմանել Իվան Ֆադեյիչի գրվածների մեծ մասը:Եվ նա շատ է հավանում Իվան Ֆադեյիչին:Առհասարակ Մոսկվայի ժողովածուն հետաքրքրական կլինի և լավ,մերը ոչ, որովհետև հայոց պրոզան-Աստված գիտե,թե ինչ բան է:Ափսո՜ս չէ մեր պոեզիան. բայց ինչ արած, դարձյալ պետք է հրատակել և պրոզան:
   Մեր ժողովածուի մեջ պիտի մտնի «Պեպոն»,որ թարգմանել ենք ես ու Գորկին միասին:,«Ցավագարը» և մի շարք այլ գրվածներ:«Գիքորը» ինձնից անկախ պատճառով չհաջողվեց մտցնել:
    Ինչևէ,տեսնենք ինչ պիտի դուրս գա: Մեր պրոզան սարսափելի կերպով պրիմիտիվ է,երբեմն մարդ շշմած է մնում,թե ինչպես են այդքան միամիտ ու պարզամիտ մեր գրողները:Բոլորը գրված է կիսագրագետ մարդկանց համար:Ցավել պետք է,բայց,իհարկե,սիրել և աշխատել,որ առաջ գնա…Մի շաբաթ ապրեցի Գորկու մոտ ամառանոցում-շատ հետաքրքրական զրույցներ տեղի ունեցան-մի օր կգրեմ Ձեզ այդ մասին:Պատմեցի նրան մեր գրողների և պոետների մասին,ի միջի այլոց Իվան Ֆադեյիչի մի քանի սովորությունների մասին-շատ ծիծաղեց:
         Ա՜խ ,սիրտ չկա գրելու,սիրելի Նվարդ,չի գրվում,թողնեք մի ուրիշ օրվա….
                                                           Ձեր Վահան

«Սիրելի Նվարդ

                                   1916,մայիսի վերջ-հունիսի սկիզբ,Պետրոգրադ

 Նամակդ ստացա միաժամանակ Պաոլոյի նամակի հետ:Այս րոպեիս գրելու առանձին հավես չկա,բայց ուզում եմ ,որ նամակս դեռ Թիֆլիսում ստանաս: Այստեղ անձրև է  ու ցուրտ: Իմ բախտն է դա: Բոլորովին տարբերություն չկա այսպիսի գարնան և աշնան մեջ, եթե չհաշվենք «սպիտակ» գիշերները,որ իրոք լավն են:
  Վերջին երկու -երեք շաբաթը, գուցե և ավել,զբաղված էի պոեզներով-ուզում էի կարգի բերել հին բաներս ու նորերը գրել: Շատ բան չարի, բայց էլի մի քիչ բան արի-դա էլ է փառք մեզ նման անիծվածների համար:
   Մեր ժողովածուի համար  գրում ես ,որ խիստ են քննադատում:Ես հանգիստ եմ, վասնզի այնքան հիմար չեմ,որ այս հասակում չիմանամ,թե հիմարությունն ու չարությունն  «էս » աշխարհում ավելի առատ են, քան խելքն ու բարությունը:Եվ թշվառ գավառն ամեն բան թամաշա ու ղալմաղալ է դարձնում:Մարդիկ կարծում են,որ այդ փոքրիկ  բանից է կախված աշխարհի,հայոց ազգի լինել չլինելը և դրա  համար այդպիսի աղմուկ ու կռիվ են  հանում ամեն բանի շուրջը: Եվ,բացի այդ, ամեն մեկը կարծում է ,որ միայն ինքն է,որ գտել է ճշմարտությունը- նա արդեն այդ ուրիշին ժխտում է լիովին:
   Այդ հիմարներին ասա,որ նախ, այդ ժողովածուից չի կախված հայոց ազգի գոյությունը,երկրորդ,որ դա շտապ կազմված,այն էլ անմարդ մի երկրում կազմված բան է և բնավ претензия չունի հայոց գրականության լիակատար պատկեր տալու-այլ միայն նպատակ է ունեցել տալ որոշ նմուշներ,որոնք կարելի է բնորոշել նմուշներ-ուրիշ ոչինչ:Ախր մի ժողովածու,որքան և մեծ լինի նա,չի կարող պարունակել իր մեջ մի ամբողջ գրականություն,որքան էլ դա փոքր ու թշվառ լինի(ինչպես մերը- «խոստովանինք ասիկա»,ինչպես ասում է պոետ Թեքեյանը)…………….

   Նամակս ,սակայն ,երկարեց:Մյուս նամակումս կգրեմ մի քանի այլ բաների մասին,որ այժմ շատ հեռու կտաներ և նամակիս հղումը կհետաձգեր:կգրեմ Բորժոմ:
   Առայժմ ջերմ ողջույներս ձերոնց բոլորին և, ամենից առաջ,  իհարկե,մեր ալեհեր պառնասականին իմ և Սուսաննայի կողմից,ապա քեզ և հետո բոլոր այլոց…

                                                                       Վահան»

1914,հոկտեմբեր,2-րդ կես,Պետերբուրգ

Դուք ինձնից չպետք է նեղանաք ,սիրելի  և լավ Նվարդ,իմ գործերը այնպիսի ընթացք ստացան ,որ հնար չունեի իմ սրտի և հոգու մասին մտածելու:Մոսկվայում ,հակառակ իմ ցանկության և ի վնաս իմ գործի,մնացի ամիս և կես և այն խառն ու անախորժ գործերի մեջ խրված…
Զարմանալի դիպվածով Ձեր նամակը համապատասխան թվաց իմ տրամադրության:Ապացույց՝ վերջին օրերը գրած(դեռ անմշակ,բոլորովին սևագիր) ոտանավորս՝ահա.

  Երգն այս անզոր ու անզարդ,
Թող հիշեցնե քեզ կրկին
Գարնան անձրևն այն զվարթ
Եվ «Եդեմ» այգին:

Այսօր անձրև է նորից,
Բայց աշնանայի՜ն,բայց հյուսիսյա՜ն-
Ինչպե՞ս չըզգամ ես թախիծ,
Ինչպե՞ս չափսոսամ…

Ինչպե՞ս սրտով մորմոքուն,
Ինչպե՞ս,ինչպես չըթերթեմ
Հուշեր,որ դառն այս միգում
Երազ են արդեն…

Եվ շողարձակ այդ աչքերիդ
Որպես գերի մի անզեն,
Ինչպե՞ս կիզող ցոլքերիդ
Սիրտըս չըպարզեմ….

Տեսնո՞ւմ եք,ես էլ ,չնայած իմ խառը գործերին ու մտքերին,անձնատուր եմ լինում հույզերին:Բայց ավելին.ես երբեմն(գուցե լավ չեմ տեսնում) տխրությամբ մտածում եմ՝

     Եվ նոքա , ում սիրեցի,իմ սիրով ու խնդությամբ,
      Արբեցին ու մոռացան-ու ինձ ոչինչ չըմնաց….

(ցիտում եմ «Գեղարվեստի» վերջին համարում տպված իմ բանաստեղծությունից)
………
Այդպես,սիրելի Նվարդ…
Դեհ,առայժմ ցը,սիրելի լավ Նվարդ:Մի մոռանաք ինձ:Ամենաջերմ համբույրներով
                                                     Ձեր Վ.Տ.

  Ձեր հասցեն մի կարգին գրեք իմանամ:Հա,ներեցեք,ժամանակ չեղավ(իսկ երբ ժամանակ կար,փող չէր լինում) խոստացածս որոնելու և Ձեզ ղրկելու,բայց գործերս մի քիչ կարգի գան (տեր իմ,երբ է լինելու վերջապես այդ) ,իսկույն կղրկեմ:Դրա համար իրավունք եմ տալիս ինձ մի անգամ ևս համբուրելու ձեզ.չչարանաք այս աննյութ համբույրներից:

Graeme Gerken

Վ.Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

   Ուշանում է Ձեր նամակի պատասխանը,բայց Դուք չպիտի նեղանաք,սիրելի Նուարդ:Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը,նախ նրա համար ,որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում:Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը,բայց առավել այն պատճառով,որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել:Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ,եթե  միայն կարելի է հիմնավոր  համարել որևէ պատճառ:Սակայն առհասարակ կուզեի ,որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ ,երբ«գրվում է»,երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն:Այս ամենն ասում եմ,որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի:Եվ ,իրավ,ինչ արժե այն նամակը,որը գրվում է միայն գրված լինելու համար:
Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ:Серьезно,да.  Լինենք միշտ ազատ և անկեղծ,որքան հնարավոր է:Կարծեմ կան ծաղիկներ ,որոնք փակվում են երբ մոտենում ես,կամ ձեռք ես տալիս նրանց,կարծեմ կան այդպիսի ծաղիկներ:Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից  ու բռնությունից:Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ,որ շատ  քչերի հետ ,գրեթե ոչ ոքի հետ,բացի Պաուլոյից,նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:
Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ:Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու,ինչպես ինքս իմ առջև:Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն  շատ անախորժ մոմենտներ:Բանն այն է,որն նամակ գրելը ես համարում եմ մի զրույց,իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք»,այլ զրուցում ես անբռնազբոսիկ,ազատ,առանց վախենալու և քաշվելու:Ահա թե ինչու ես ասում եմ,որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա ,ում գրված է նա:Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու,ինչպես իմ մտերմին ասած մասնավոր,ինտիմ խոսակցության համար-ինչին էլ վերաբերվի այդ զրույցը:Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես:Ուրիշ տեսակ ՝ոչ :
Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց:Ուրախացրեց,որովհետևԴուք էիք գրել այն,տխրեցրեց,որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու,իսկ Դուք չկայիք և հեռու էիք……

Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը,որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ……

Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում …..

Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Որպես առօրյա ծանոթներ երկու…..

Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ,լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ…….

          Չկարծեք ,սիրելի Նվարդ,որ ես սովորություն ունեմ իմ նամակները «պոեզ»-ներով զարդարելու:Քավ լիցի:Այս էքսպրոմտը վաղուց  «լեզվիս վրա»  էր,ինչպես ասում են դուրս թռավ:Այս «պոեզ»-իս  ներող աչքերով նայեցեք և խիստ մի դատեք:Գուցե ապագայում նա ավելի շնորհալի հագուստով ու ձևով ներկայանա  Ձեզ,թեև նա նույնը կլինի (եթե միայն« համաձայնի»  փոխվել): Թող Ձեր անուշ աչքերը սիրով ընդունեն իմ այս տխուր թռչնակին:
           Դուք ուզում եք ,որ « այն գրքույկը» ղրկեմ ,բայց ես առայժմ չեմ ղրկում:Գուցե ինձ հաջողվի մի ավելի լավ հիշատակ ղրկել Ձեզ ,երբ այս չոլ երկրից դուրս գամ լույս աշխարհ:Համենայն դեպս ես երբեք չեմ զլանա Ձեզ «մնայուն» հիշատակ նվիրելուց,եթե միայն Ձեր մեջ«մնայուն » լինի այդպիսի հիշատակ ունենալու  և մոռացության ցանկություն չզգաք դեպի իմ հիշատակը:Այդպես եմ ասում ,որովհետև իմ սիրտը տխուր է այսօր,թեպետև պայծառ տխրությամբ:Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները,որովհետև իմ սիրտը տխուր է:Այո,ես այդպես եմ կարծում :Серьезно,да!
Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի,քնքույշ ծաղիկներով:Շատ են ,անունները չգիտեմ:Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից:Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա մի քանի ծաղիկ,որ նա ինձ չմոռանա……Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ,գիտեք որքան լավ կլիներ-ես պիտի ասեի նրան.«սիրուն աղջիկ,տեսնում ես-ահա մեր սարերը լա՜յն ու բաց,տեսնում ես որքան ծաղիկ կա այնտեղ-ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար,քան այս սարերում բարձր, և դաշտերում լայն,որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»: Այդպես կասեի ես այն սիրուն աղջկան,եթե նա մեր սարերում լիներ ինձ հետ,այն աղջկան ,որին այսօր ուղարկում եմ մի քանի ծաղիկ մեր սարերից ,մի քանի անմոռուկ,որ նա ինձ չմոռանա……..
Բայց կուզեի,որ այդ աղջիկը ինձ «սենտիմենտալ» տղու տեղ չդներ:
Серьезно,да. Մինչև վստահելի մարդ չգտնեմ ,չեմ կարող նամակը ուղարկել քաղաք՝փոստ:Ինձ ասեցին,որ վաղը մեկը քաղաք է գնում,բայց ես վախենում եմ ,ուստի շատ կուզենայի իմանալ ,արդյոք հասավ սույն ուղերձը նաև նրա համար ,որ ուզում եմ Ձեզանից մի լուր իմանալ: Ի դեպ,որտեղ եք լինելու ամառը:
                                                                                                                    Ձեր Վ.Տ.

6

Graeme Gerken
Նվ. Թումանյանին

«Ես մի քանի տրիոլետ եմ գրել Ձեզ համար,իմ սիրելի ,իմ լավ Նվարդ,բայց ուղղելու կարիք կա,ուստի չղրկեցի:Ուզում էի,որ «տրիոլետների մանյակ»լինի դա,բայց ամեն անգամ  երբ նստում էի Ձեզ գրելու,միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր……
Ահա, սիրելի Նվարդ,իմ տրիոլետներից երեքը:Պետք է լինի յոթը,բայց մնացյալները դեռ շատ են անմշակ:Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի մտածումներով,ուստի.պոեզ»-ներով զբաղվելու ժամանակ չի լինում բոլորովին….
Առայժմ վերջացնում եմ նամակս,որ ուշարկեմ,իսկ եթե հետաձգեմ նոր բաեր ավելացնելու՝ կմնա և գուցե ետ մտածեմ՝ուզենալով նորը գրել և այսպես ձգձգվի:
                                                  Ամենաջերմ համբույրներով
                                                                     Ձեր Վահան

Տեսնու՞մ ես որքան ,որքան արագ
Անցնում է բոլորն ու դառնում հուշ.
Այժմ ո՞վ է արդյոք գրկում զգույշ
Իրանըդ այնքա՜ն,այնքա՜ն բարակ:
Եվ ո՞վ է ,ո՞վ է լսում անուշ

Խոսքերըդ սիրո և սևորակ 
Հուրերիդ խառնում մի նոր կրակ,
Արբած ջեռ փայլով աչքերիդ նուշ….

Ես ձմռան օրով տեսա գարուն
Ու մայիսից վառ տեսա հունվար.
Եվ ի՞նչ մնաց ինձ այն լուսավառ 
Օրերից…. Հուշերգ մի ոլորուն
Եվ այս կարոտը,կարոտն անզոր,
Որ դառն երգում է գիշեր ու զոր…
                                      ****

Սրտիս հուշերը բարի են դեռ,
Եվ քո անվամբ է,անուշ Նվարդ,
Որ մայիսին այս դառն ու անվարդ
Սրտիս հուշերը բարի են դեռ:
Թեև իջնում է հոգուս ըստվերը
Եվ չեմ սպասում գալիք ից վարդ,
Սրտիս հուշերը բարի են դեռ
Քնքուշ անվամբ քո,անուշ Նվարդ:

                           2
 Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
Որքան էլ գալիքն իջնի տրտում-
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ.
Որքան էլ սրտիս տիրե խավար,
Որպես նայվածիդ  հուրը ցայտուն,
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում:

                           3
Հիմա բացվում են այստեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու,հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն,Նվարդ,
Թեև բացվում են նորից վարդեր:
Օ,եղիր խնդուն,որպես թիթեռ,
Ու թող հրահրի հուրըդ կախարդ.
Հիմա բացվում են այստեղ վարդեր
Եվ դու՝վարդերում վարդերի վարդ:

               ***
Նույնն է հասցեդ հնամյա,
Նույնն է՝օթելը՝«Պարիժ»
Բայց տրտմությունըս հիմա
Այլ է,կարոտըս՝ուրիշ:

Նույնն է խանութը դեմի,
Նույնն է ցուցանակը հիմար.
Նույն մեղմախոս Վեռլենի
Երգն ես կրկնում դու համառ:

Գուցե այստեղ գտներ իմ
Սիրտս շրջիկ ու մոլոր
Եվ խնդություն մի վերին,
Եվ ամոքում,և օրոր…

Բայց հեռանում եմ անկամ,
Ի՞նչն էվանում ինձ,ինչու
Մի՞տդ է,ինչպես մի անգամ
ինձ ասացիր դու «գնչու»…

Մ. Շահխաթունուն

 1917,հուլիսի 2-դ կես,Ախալքալաք

Սիրելի Գրետա

        Ձեր նամակն ստացա հենց նոր և,ինչպես տեսնում եք,պատասխանում եմ անմիջապես,որովհետև այս անգամ հայտնել եք Ձեր հասցեն,թեպետև ոչ մշտական: Մի շաբաթից մտադիր եմ մեկնել Պիտեր:Ըստ երևույթին չի հաջողվի Ձեզ տեսնել-ես կանցնեմ Բակուրիանով:Թիֆլիսում հավանաբար կանգ չեմ առնի(եթե չհաշվենք այն մի քանի ժամը ,որ ստիպված կլինեմ այնտեղ անցկացնել գնացքի սպասելով):
Եթե հաստատապես իմանայի,որ Դուք այնտեղ եք ,այն ժամանակ ուրիշ բան:Ինձ անհրաժեշտ է շտապել Պիտեր -այդ են պահանջում գործերը:Ես դեռ բոլորովին չգիտեմ ,թե որտեղ կլինեմ ձմռանը և առհասարակ ինչպես կտեղավորվեմ,թեև հաղորդում են ,որ արդեն բնակարան վարձված է -ըստ երևույթին Պիտերում ապրելու հնարավորություն կա :Տեսնենք ինչ կլինի:Դեռ ամեն ինչ անհայտ է:Եթե Ձեզ այդ հետաքրքրում է ,կգրեմ,երբ ինքս ինձ համար պարզեմ դրությունը(եթե ,իհարկե,Դուք ցանկանաք ինձ հայտնել Ձեր հասցեն):
Ինչ տխրալի է ,սիրելիս,որ կովկասը թողնում եմ առանց Ձեզ տեսնելու:Առհասարակ հայրենիքս թողնում եմ տրտմությամբ և ինչ-որ տագնապի զգացումով:Դուք լավ գիտեք իմ վերաբերմունքը դեպի  Ձեզ: Հավատացնում եմ Ձեզ,սիրելի Մարգո,դա չի փոխվի նույնիսկ այն դեպքում,երբ Դուք ինձ«դավաճանեք»:Ես գիտեմ և լավ եմ հասկանում,որ Ձեր կողմից այդ «դավաճանութունն » անխուսափելի է,այլ կերպ չի էլ կարող լինել,բայց ինձ համար թախծալի է մտածել,որ այդ «դավաճանությունը» կփոխի մեր հարաբերությունները,ավելի շուտ ,Ձեր վերաբերմունքը դեպի ինձ,
քանի որ ,ինչպես վերն ասեցի,իմը երբեք չի կարող փոխվել:Որքան էլ տարօրինակ թվա,բայց հավատացնում եմ Ձեզ,որ եթե մեկին սիրեցի,չեմ կարող դադարելնրան սիրելուց:Միչդեռ Դուք անխուսափելիորեն կսիրեք մեկ ուրիշին  և սիրելով կդադարեք ինձ սիրել,քանի որ ես «մարմանդ վառվելու եմ,իսկ Դուք ՝փթթելու»: Փթթեցեք ուրեմն,սիրելի, սքանչելի Գրետա,և թող ուրախությունը Ձեզ ուղեկից լինի:Սրտանց ցանկանում եմ ,որ Ձեզ համար լավ լինի:Ես հիմա այնպես տխուր-տխուր եմ ,բայց և թեթև ,կարծես վախճանվել եմ,կարծես կենդանի չեմ արդեն,այլ սոսկ ստվեր,հուշ որևէ տեղ: «Վահան Տերյա՜ն»-Ձեր,բոլոր նրանց ,ում սիրում եմ և ով քնքուշ էր դեպի ինձ:« Վահան Տերյա՜ն»-արդյոք ես եմ այդ….
Դուք գիտեք ,իմ լավ ,ինչպես քնքշորեն կապված եմ Ձեզ և որքան հաճելի կլինի ինձ գիտենալ այն ամենը ,ինչ վերաբերվում է Ձեզ,ուստի գրեցեք ինձ,հաշվի չառնելով պայմանականությունները ,հիշեցեք ,որ ինձ շատ կուրախացնեք Ձեր մասին մի լուր տալով:Ինձնից մի պահանջեք չափազանց մեծ ճշտապահություն,չէ որ այն թափառաշրջիկ կյանքը ,որ վարում եմ ,այնքան էլ չի նպաստում դրան:Բայց հավատացեք ,ես հարմար առիթը բաց չեմ թողնի,որպեսզի մի քիչ շատախոսեմ Ձեզ հետ,հաղորդեմ մտքերս ու տրամադություններս: Գրեցեք միանգամայն ազատ-ոչ ոք,բացի ինձանից ,չի կարդա երբեք: Ինձ համար հաճելի է մտածել ,որ Ձեզ հետ դեռ էլի կհանդիպենք:Իսկ առայժմ ցտեսություն(եթե  մինչ այդ չեք մոռանա ինձ կամ չեք կորցնի ինձ տեսնելու ցանկությունը):
                                                                         Քնքշորեն համբուրում եմ Ձեզ:
                                                                                                          Ձեր Վահան Տերյան

Avi Belaish.

Մ. Շահխաթունուն
Սիրելի Գրետա

       Ձեր փոքրիկ նամակն ու սիրուն բացիկն ստացա:Բացիկի վրա նկարված աղջիկն իրոք քնքուշ էր ու սիրուն,բայց նա ու՜ր,Գրետան ու՜ր…եթե ինձ հարցնեին,ես կասեի,որ Մարգոն բյուր և բյուր անգամ և սիրուն է ,և սիրելի:Ահա մի շաբաթ է ուզում եմ գրել Ձեզ և չի հաջողվում:Վերջերս դեպքերն այնքան հուզիչ են ,որ ոչ միայն գրել,այլ հանգիստ նստել չի կարողանում մարդ:Ես իսկույն ուզում էի գնալ այստեղից,բայց ֆիզիկական հնար չկա:Կարող եք երևակայել ,սիրելի Մարգո,թե որքան մեծ է իմ ցավը,որ այս զզվելի հիվանդության պատճառով ես մի այսպիսի ժամանակ Պետերբուրգում լինելու փոխարեն ընկած եմ այս անկյունում:
Ինչ լավ կլիներ ,եթե զատկին Դուք այստեղ լինեիք:Ես Ձեզ շատ կարոտել եմ:Եթե գյուղ գնալու լինեմ,անպայման Ախալցխայով կերթամ,բայց դեռ չգիտեմ Թիֆլիս բժիշկներն ինչ պիտի ասեն ինձ:Առայժմ գիտեմ միայն,որ մի քանի օրից գնում եմ Թիֆլիս:
Դուք հարցրել էիք,թե ինչ է նշանակում«սնորակ» բառը Ձեզ ուղարկած ոտանավորի մեջ-չգիտեմ ես եմ սխալ գրել,թե Դուք եք սխալ կարդացել,պետք է կարդալ սևորակ:Ես հույս ունեմ,որ մենք շուտով կտեսնվենք:Վերջացնում եմ նամակս և խնդրում եմ չնեղանաք,որ այսպիսի անշնորհք նամակ եմ ուղարկում Ձեզ նման մի շնորհալի և անուշ օրիորդի,և չմոռանաք: 
                                   Ձեր Վահան Տերյան

Ափսոս չէ՞ ,Մարգո,այս երեկոն,
Երբ հազիվ են մեզ թողել մենակ,
Երբ քեզ է պարզված հոգիս համակ,
Նստած կարդում ես «Սատիրիկոն»-
Ափսոս չէ՞, Մարգո ,այս երեկոն…

Արդեն քնած է,Մարգո,նայիր,
Այս խեղճ ծերուկը,որին «նոքա»
Մեզ մոտ թողել են իբրև վկա-
Ես քո գերին եմ-հրամայիր,-
Արդեն քնած է,Մարգո, նայիր…

Ա՜խ, կանցնի, Մարգո,այս երեկոն
Եվ կանհետանա հավերժի մեջ.
Գեթ իմ գրքում թող մնա մի էջ,
Ուր հավետ ապրի անուշ Մարգոն.-
Ա՜խ, կանցնի,Մարգո,այս երեկոն…

Մ. Շահխաթունուն
               1917,17մարտի,Սուխումի


Նկ. Իվան Ալիֆան

Սուսաննա Տերյանին 
   1918,սեպտեմբերի 2-րդ կես,Մոսկվա      

Թանկագին Սուսաննա

Քեզ շատ անգամ եմ գրել ,բայց ըստ երևույթին նամակներս չեն հասնում:Չգիտեմ,արդյոք այս նամակս կհասնի…Գրում եմ համենայն դեպս:Եթե հասնի ,իմացիր,ողջ -առողջ եմ :Սարսափելի անհանգստանում եմ քեզ համար ,բայց քեզ մոտ գալ չեմ կարող:Ես շարունակ հույս էի տածում ,թե դու Մոսկվա կկարողանաս ընկնել Ուկրաինայի վրայով: Բայց հիմա այդ հույսն էլ եմ կորցրել:
Եթե դու որևէ պատճառով չես կարող գալ ,ապա, ի սեր Աստծո,աշխատիր քո մասին մի լուր ուղարկել:Առանձնապես ծավալվել չեմ ուզում,Աստված գիտի ,նամակս կհասնի ,թե  ոչ:Եթե հնարավոր է,անհապաղ եկ,շատ եմ կարոտել քեզ և շատ եմ անհանգստանում :Խիստ ցավալի է,որ չեմ կարող քեզ փող ուղարկել,որովհետև մարդ չկա,որի  հետ ուղարկեմ: Նամակս կարող եմ ուղարկել որևէ կերպ ,իսկ փողը հազիվ թե:Եթե հնարավոր լինի ,այդտեղ որևէ մեկից վերցրու ,պայմանով,որ վճարվի Մոսկվայում,ես անմիջապես կճարեմ :Շատ կուզենայի,որ գայիր:Ես ռիսկ կանեի մի անգամ էլ գալ ձեր կողմերը,բայց չգիտեմ…..Մի քիչ էլ կսպասեմ.եթե հնարավոր է,ավելի լավ է դու եկ:Ուկրաինայի վրայով մարդիկ գալիս են:Ամենացավալին այն է,որ քեզ փող ուղարկել չի կարելի:Գրիր գոնե մի քանի տող:Աշխատիր անպայման քո մասին տեղեկացնել:
Դե, առայժմ,համբուրում եմ:
                                                                                                     Քո Վահան
 Գրում եմ հապճեպ:Այսօր ինչ-որ մեկը գալու է Ուկրաինա և մի ծանոթ(Կարենոյի աներձագը) խոստացավ և իմ նամակը հանձնել նրան:

Մ. Շահխաթունուն
                        1917,11 փետրվար,Սուխումի

Սիրելի Մարգո

  Ձեր ծածկաբացիկին պատասխան գրել էի դեռ Երևանում,բայց չգիտես ինչու չուղարկեցի:Հիմա թղթերիս մեջ գտա այդ պատասխանը՝Պավլի հավելագրումով:Իմ պատասխանը խոտանեցի,իսկ պավլյան հավելագրումն ուղարկում եմ սույնին կից:Ուղարկում եմ նաև այն բանաստղծությունը,որ Դուք խնդրել էիք և որը Ձեզ խոստացել էի,թեև տհաճ է չհղկված բան ուղարկել:
   Դրանից կարող եք եզրակացնել,որ ավելի լավ է այդ բանաստեղծությունը մարդու ցույց չտալ:Ասենք,ինչպես կամենաք:
  Հիմա իմ տրամադրությունը շատ-շատ վատ է:Նստած եմ սանատորիայում,ուր մտա երեք օր  առաջ:Ինձ զգում եմ ինչպես բանտում,թերևս ավելի վատ…Ծանր է և տհաճ: Ուրեմն ողջ լերուք,սիրելիս, և մի մոռացեք ինձ,թշվառիս….

                                                           Ձեր Վահան Տերյան

Հասցես՝Сухум, санатория врача Кошко, Вагану Териану

Նվ. Թումանյանին
1917,11 փետրվարի, Սուխումի

Սիրելի Նվարդ

Չորս օր է ,որ մտել եմ սանատորիան և սիրտս շատ տխուր է,և տրամադրությունս,այսինքն քեֆս խարաբ: Իսկի  հավաս ու հալ չկա գրելու:Գրում եմ միայն տեղյակ կացուցանելու համար ,որ կենդանի եմ և այստեղ եմ : Ճանապարհին «Քրիստոսի պես չարչարվեցի»: Բայց էլի կենդանի եմ դեռ: Հույս կա ,որ ավելի ևս կենդանանամ  մի երկու ամսից:
                      Առայժմ այսքանով վերջացնում եմ նամակս:
                                  Ջերմ ողջույնով
                                            Քո Վահան
Հասցես՝Сухум, санатория врача Кошко, Вагану Териану


   Նկ. Մ. Գորդեեվա                                           
Աշուն
սևագրություններ

Պուրակն է ժպտում ոսկե զարդերով,
Երկինքը՝ դժգույն,աստղերը գունատ,
Ես քեզ սիրում եմ մի քնքուշ սիրով,
Որպես մեռնողի ժպիտն անհաստատ:

Անեռանդ ու հեզ գունատվող կրակ,
Աշուն մեղմաշունչ,խաբված կնոջ պես,
Գունատ օրերի տխուր երկնի տակ
Անխոս վայր ընկնում ու անխոս մեռնում,
Ոսկե թերթերըդ քամին է թաղում,
Անծանոթ քամին,անծանոթ հեռվում…
Այդպես իմ հոգու թևերն են դողում,
Այդպես իմ հոգու աստղերն են մեռնում….

                                 Աղոթք
Սիրո քարոզիչ,այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,

Հայտնվիր դու ինձ՝ խաղաղ,անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանժանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինք ոսկեշող,
Որպես գուրգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ դիմում եմ այս ցուրտ աշխարհից,Ես քեզ բերում եմ հույզերս բոլոր:

Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…

Կարդում եմ ահա նամակդ ինձ գրած
Ու բառերի մեջ սիրտդ եմ որոնում.
Ինչպե՜ս տանջված ես,ա՜խ ,ինչպես հոգնած,
Եվ ինձ ես փնտրում քո ամեն քայլում:

Բայց ես անուրջ  չեմ,ես կամ ,ես կըգամ,
Կոչիր ինձ միայն,և ես կըդառնամ,
Կգամ վանելու քո բյուր ցավերը,
Հեքիաթ դարձնելու քո ապրումները:

Կըգամ իմ հոգու ալ-լավ վարդերով
Հոգուդ դրախտը նազան զուգելու,
Իմ երազների հուր բույր թևերով 
Անուրջ -պատրանքի գիրկը տանելու:

Միայն թե ծածկիր այդ բացված վիհը
Աշնան տերևով,անդարձ մահերով,
Ու վերածնվիր,անցիր անդունդը,
Հոգուդ անդունդը անվախ,անխռով:

Ինձ մի նայիր,օ՜,մի նայիր ինձ այդպես,
Ես սոսկում եմ քո….հայացքից,
Ես հիշում եմ,քեզ հիշում եմ,գիտեմ քեզ,
Օ,հեռացիր,օ,մի նայիր  այդպես ին:…
Դու կանգնած ես անխոցելի ու անխոս,
Դու չես գնում-օ,իմ սիրտը մի խոցիր,
Ես դողում եմ քո հայացքից-օվկիանոս,
Օ, մի նայիր,ինձ մի նայիր, հեռացիր…



Վերջալույսի ստվերներում խուսափուկ,
Հափշտակված երազներով դյութական՝
Հոգիս զգաց մտերմական մի շշուկ-
Քո խոսքերի գգվանքները դյութական:
Որոնումիս կասկածների անտառում,
Ուր հոգնատանջ սիրտս թույլ էր ու հիվանդ,
Տեսա ուղին ,տես կյանքի ողջ հեռուն,
………..աղոթքներով ջերմառատ,
Եվ դու այնտեղ ,խավարներում այն հեռու,
Վառում էիր քո լույսերը անաղոտ,
Վերջալույսը գունատվում էր.սակայն դու
Վառում էիր քո արշալույսն անծանոթ…

           Graeme Gerken                                   
Живопись. Красочные пейзажи Грэма Геркена
 Հ.Թումանյանին
                                                        (հեռագիր)

1913,նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1,Պետերբուրգ
                                                             Թիֆլիս,Վոզնեսենսկայա 18,Հովհաննես Թումանյանին

           Հիվանդ եմ,նյութապես ծայրահեղ դժվարին վիճակում,խնդրում եմ ,եթե հնարավոր է ,ճարեցեք փոխարինաբար 150 ռուբլի:Հուսով եմ ինձ կպաշտպանեք ստորացումներից,ավելորդ խոսակցություններից:Ընդունում եմ նյութական բնույթի ամեն պայման:Սպասում եմ շուտափույթ հեռագրական պատասխանի:
                                                                                                     Վ.Տերյան

                                                        Հ. Թումանյանին
                                                       (հեռագիր)

Զգացված եմ Ձեր ուշադրությունից,ջերմությունից,մեծապես շնորհակալ եմ,կգրեմ առաջին հնարավորության դեպքում:
                                                                                                                  Տերյան


                                     Հ. Թումանյանին
                                                                            1913,11 դեկտեմբերի,Պետերբուրգ

          Սիրելի և հարգելի պարոն Թումանյան

             Ամենից առաջ խնդրում եմ ներողամիտ լինեք դեպի ինձ,որովհետև ինքս շատ լավ զգում եմ,որ արածս բանի նման չէր,բայց արտակարգ պայմաններն ստիպեցին ինձ դիմելու մի այդպիսի արտակարգ միջոցի և այնքան անսպասելի ու անտեղի կերպով Ձեզ անհագստացնելու: Որքան մեծ էր իմ շփոթմունքը ,երբ Ձեր ուղարկած փողն ստանալուց մի քանի օր անց ստացվեց «Հորիզոնը» ,ուր ես ամոթով կարդացի Ձեր հայտնած կարծիքը իմ գրվածների մասին:Այդ զարմանալի զուգադիպությունը ինձ ուղղակի շվարեցրեց: Թույլ տվեք այդպիսի պարագաներում խուսափելու իմ զգացմունքներն արտահայտելուց,թեպետ գիտեմ,որ Ձեր պայծառ ու ազնիվ լավատեսությունը թույլ չի տա Ձեզ իմ մշտական և խոր հարգանքի ու սիրո զզգացումները կապելու այդ վերջին դեպքերի հետ:
      Ինձ խորապես հուզում է Ձեր բարի և բարեկամական վերաբերմունքը,և Ձեր սիրելի հովանավորությունը «ի սկզբանե» ես ընդունել եմ իբրև անգնահատելի  և բարձր պատիվ:Ընդունեցեք իմ ամենաջերմ շնորհակալությունը և թույլ տվեք այս անգամ չերկարացնելու նամակս,որովհետև ,կրկնում եմ,ներկա պարագաներում ,չնայած վերը հիշածս վերապահության Ձեր մասին,իմ նրբանկատ դրությունը թույլ չի տալիս բուռն զգացմունքներս արտահայտելու:Կուզեի խնդրել ,որ հայտնեք ինձ ,թե ինչ պայմաններով ու ժամանակով է ուղարկված այդ փողը ,որպեսզի  օր առաջ մտածեմ  ու անելիքս  իմանամ:Ներողություն եմ խնդրում և այս անհանգստության համար,որ պատճառում եմ կրկին Ձեզ,բայց,հուսով եմ,մի երկտողով չեք զլանա ինձ տեղեկացնելու այդ մասի: Իմ ջերմ ողջույնների հետ ընդունեցեք անկեղծ ու խորին հարգանքս ու շնորհակալությունս:

                                                Ձեր Վահան Տերյան

                                        Ավ. Իսահակյանին
                                                                   1917.մարտ,Սուխումի

          Սիրելի Ավո

         Շատ վաղուց է ,որ դու ինձ չես գրել-ես էլ քեզ:Չգիտեմ ինչպես է պատահել,որ այդպես է եղել:Ես եմ մեղավորը,թե դու,թե ,վերջապես,ամենից զորեղ ու ամենից մեղապարտ պատահմունքը,համենայն դեպս ուզում եմ քավել իմ մեղքը:Այդ մեղքն այն է ,որ ժամանակին քեզ չեմ ուղարկել մեր կազմած ժողովածուն:Խոսքս   сборник арм.литературы  մասին է ,որ նամակիս հետ ուղարկում եմ քեզ( երկու օրինակ ,որ եթե մեկը կորչի ,գոնե մեկը հասնի): Ինչևէ :Ներիր և ինձ , և նրանց:Մյուս ժողովածուն (Поэзия Армении ) երևի ստացած կլինես:Նա անշուշտ ավելի հետաքրքրական է ,քան «մերը»:Որովհետև սա միայն նոր գրականության է նվիրված  և գլխավորապես պրոզային ,որ, ինչպես գիտես,մեզանում շատ թույլ է և անգույն:Այս բոլորի շուրջը ասելիքներ շատ կան ,բայց չեմ ուզում գրել այդ ամենի մասին-մի օր կպատմեմ,եթե հետաքրքրվես:Ես չգիտեմ ինչու հույս ունեմ ,որ շուտով պիտի տեսնվեմ քեզ հետ:
Գրում եմ քեզ Սուխումից,ուր մտել եմ սանատորիա,որովհետև Պետրոգրադ թոքերս վնասել եմ:Շատ անախորժ է այստեղ և անհամբեր սպասում եմ  գարնան բացվելուն,որ գնամ մեր սարերը,ուր ,ինձ թվում է ,շուտ կբժշկվեմ:Գրելու բան շատ կա ,բայց հալ ու հնար չկա գրելու . չգիտեմ էլ որը քեզ հետաքրքրական կլինի,որը ոչ:Շատերից երևի նեղացած կլինես ( ի թիվս այլոց գուցե և ինձնից,որ այսքան երկար ժամանակ չեմ գրել քեզ): Խնդրում եմ ինձանից չնեղանաս ,որովհետև դու ինքդ էլ ինձ չես  գրել: Համենայն դեպս հավատա,որ քեզ երբեք չեմ մոռացել և միշտ էլ սրտանց սիրել եմ թե իբրև պոետի,թե իբրև ընկերոջ ու մարդու:

                                                         Առայժմ ողջ լեր,սիրելի                                                                                Ավո,և մնա պայծառ:
                                                            Ընդունիր կարոտագին                                                                                համբույրներս:

                                                                                                     Քո                                                                           Վահան Տերյան

Ինձ կարող ես մշտապես գրել «Մշակի »խմբագրության հասցեով:
Գոնե մի բացիկով տեղեկացրու գրքերն ստանալուդ մասին,որ խիղճս հանգիստ լինի:

Ց. Խանզադյանին
1908,4-8 մայիսի,Թիֆլիս

Սիրելի Ցոլակ

   Այսօր գնացել էի Հովհ. Թումանյանի մոտ «Իլիա Մուրոմեցի» թարգմանությունը վերցնելու և մի բան հարցնելու:
Որովհետև պատահմամբ ընկա նրա մոտ,ուստի ոտանավորներս էլ հետս էին:Նա հետաքրքրվեց,և կարծում եմ կարծիքները քեզ համար անհետաքրքիր չեն լինի, ուստի ուզում եմ համառոտ կերպով քեզ հայտնել մեր խոսակցության բովանդակությունը: Նախ և առաջ ընդհանուր տպավորությունը. մտնում ես մի շքեղ կաբինետ ,ուր երեք շկաֆ կա և մի գրքակալ  լիքը գրքերով և ընտիր գրքերով:Կաբինետը ճաշակավոր է և տպավորիչ,մանավանդ որ չես սպասում մի այդպիսի բանի հանդիպելու հայ գրողի- բանաստեղծի մոտ:
     Գնացել էինք Սաթենիկի հետ:
    Ընդունեց շատ սիրալիր:Տեսնելով ոտանավորներիս տետրը ՝ասաց,որ  իրան ավելի է հետաքրքրում այդ  « նոր  բանաստեղծի տետրը»:
    Պետք է նկատեմ,որ ես քաշվում էի,մանավանդ որ,չնայած իր պարզության,նա իմ վերա տպավորություն գործեց:Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ:Գուցե հասա՞կը,կամ հենց այն հանդարտ պարզությո՞ւնը-չգիտեմ :
    Նա սկսեց  թերթել տետրս: Սաթենիկը շուտով գնաց,որովհետև ասացին,որ Օնիկը եկել է(իսկ նա ինչ-որ խաղ է սկսել վերջինիս հետ):
Մնացինք ես ու Թումանյանը:
   « Մի բան ,որ իմ առաջին պահանջն է ամեն սկսնակ գրողից,-ասաց նա,-դա այն է, թե արդյոք մի ինքնուրույն-նոր բան բերո՞ւմ է այդ մարդը կամ ցույց տալի՞ս է նշաններ այդ ունենալու:Ձեր վերաբերմամբ պետք է պատասխանել դրականապես:Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է:Դուք խոսքերի հետ չեք խաղում: (օրինակ է բերում Ահարոնյանին,որը խոսքերի հետ խաղում է և դրանով կորցնում է երեք քառորդը իր ունեցածի):Հետո խոսում է արվեստի վերա ունեցած իր կարծիքների մասին և վերջացնում է նրանով,որ ասում է. «Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ-բարո՜վ եկաք»:
     Ապա խորհուրդ է տալիս նշանակություն չտալ զանազան թերթերի խոսքերին: Գովասանական ,թե վատաբանական լինեն նոքա-միևնույնն է:
   Դուք ,ասում է նա, ավելի լավ եք սկսում,քան մենք:Ես նկատում եմ ,որ այստեղ մեղավորը ժամանակն ու պայմաններն են: Ընթերցողի համար դա նշանակություն չունի,նկատում է նա,երբ ես իբր ընթերցող վերցնում եմ մի գիրք,ուզում եմ ,որ նա բավարարություն տա իմ պահանջներին,ես պարտավոր չեմ հաշվի առնելու  նրա ստղծագործության պայմանները : Մի քանի տեղ նա նուրբ նկատողություններ  արեց ,որ ես աչքի առաջ կունենամ,իհարկե:
   Համենայն դեպս երևում է,որ խելացի և տաղանդավոր մարդ է….

……Հա,Ավետիքը այստեղ չէ…
    Երեկ ինքնասպանություն է գործել Գրիգոր Վանցյանը: Այսօր այստեղի  վայրենի գիմանզիստները Կագան ազգանունով մի ուսուցչի սպանել կամենալով սպանել են մի 8-րդ դասարանի գիմնազուհիի…
Վրաս շատ վատ ազդեց այդ դեպքը,որին գրեթե ականատես էի….
   Սոսկալի երկիր է,ամեն ինչ այստեղ այլանդակ կերպարանք է ընդունում,ամեն ինչ վայրենի ձևով արտահայտվում և այլասերվում:
Եվ մենք պետք է աշխատենք այստեղ, մտածիր՝ ինչքա՜ն ուժ է պետք ,ինչքա՜ն տոկունություն:
                                                          Քո Վահան
 Գրիր հին հասցեով:

                                                       Ստ. Զորյանին
                                                                       1917,օգոստոսի կեսեր,Պետրոգրադ

     Հասել եմ Պետրոգրադ ,բայց դեռ տուն ու տեղ եմ լինում,ուստի ժամանակ չի եղել Ձեր թարգմանությունը կարդալու,մանրամասն գրելու:Մոտ օրերս կգրեմ: Ես էլ դարձա Թումանյանի «Շունն ու կատվի» կատուն-«հլա նոր եմ ցրցամ տվել,թե որ կարեմ»:Մի օր «կկարեմ»,վնաս չունի:Դուք ուղարկեք շարունակությունը:Գրեցի Կարենին ,որ պակաս մնացած 100 ուբլին էլ ուղակե Ձեզ:Գրեցեք:
                        Իմ հասցեն-
Ողջույններով Ձեզ և մեր բոլոր բարեկամներին
                                                               Ձեր Վահան Տերյան

                      Նվ. Թումանյանին
       Սիրելի Նվարդ

Չորս  օր է,որ մտել եմ սանատորիան և սիրտս շատ տխուր է,  և տրամադրությունս ,այսինքն քեֆս, խարաբ: Իսկի հավաս ու հալ չկա գրելու: Գրում եմ միայն տեղյակ կացուցանելու համար ,որ կենդանի եմ և այստեղ եմ:Ճանապարհին «Քրիստոսի պես չարչարվեցի»:Բայց էլի  կենդանի եմ դեռ:Հույս կա ,որ ավելի ևս կենդանանամ մի երկու ամսից:
   Առայժմ այսքանով վերջացնում եմ նամակս:
                                                                                                             Ջերմ ողջույնով
                                                                                                                                Քո Վահան

     Ավ. Իսահակյանին
                                                                   1917.մարտ,Սուխումի

          Սիրելի Ավո

Գրում եմ քեզ Սուխումից,ուր մտել եմ սանատորիա,որովհետև Պետրոգրադ թոքերս վնասել եմ:Շատ անախորժ է այստեղ և անհամբեր սպասում եմ  գարնան բացվելուն,որ գնամ մեր սարերը,ուր ,ինձ թվում է ,շուտ կբժշկվեմ:Գրելու բան շատ կա ,բայց հալ ու հնար չկա գրելու . չգիտեմ էլ որը քեզ հետաքրքրական կլինի,որը ոչ:Շատերից երևի նեղացած կլինես ( ի թիվս այլոց գուցե և ինձնից,որ այսքան երկար ժամանակ չեմ գրել քեզ): Խնդրում եմ ինձանից չնեղանաս ,որովհետև դու ինքդ էլ ինձ չես  գրել: Համենայն դեպս հավատա,որ քեզ երբեք չեմ մոռացել և միշտ էլ սրտանց սիրել եմ թե իբրև պոետի,թե իբրև ընկերոջ ու մարդու:

                                                         Առայժմ ողջ լեր,սիրելի Ավո,և մնա պայծառ:
                                                            Ընդունիր կարոտագին համբույրներս:

                                                                                                     Քո Վահան Տերյան

                                                                    Ջավախեցուն
                                                                      (հատված)
                                                                                                   1917,11 փետրվարի,Սուխումի

     Կյանքիս վերջին օրերն եմ ապրում,Ղազար ջան: Ցավ չէ մեռնելը,բայց այսպիսի ժամանակ մեռնելը կրկնակի մահ է……… դեռ ինչքան գործ կա անելու…….. Սուտ է ,Ղազար ջան ,սուտ,խաբում են ինձ բոլորը…… Ցավս է մենակ ,որ չի խաբում,խեղդում է………………

   Ընկերներից մեկին
(հատված)
                 1919,հոկտեմբերի վերջ-նոյեմբեր

  Ես ինձ լուսավոր ու ջինջ եմ զգում,ինչպես հավանաբար իրենց զգում էին առաջին քրիստոնյաները:

Ես շատ եմ խորհել և վերջ ի վերջո եկել եմ այն եզրակացության, որ միայն կինը կարող է լինել այդպիսի մտերիմ ընկեր, բայց, իհարկե, ոչ քաղքենի – կնիկը, այլ կին-մարդը, խելացի-կինը, կին-ընկերը: 
Արդյոք կա՞ այդպիսին «ընդլուսնյա աշխարհում»: Անուրջներում` այո, իրականության մեջ` չգիտեմ, չեմ հանդիպել:
                              Վահան Տերյան

                          ***

Կանայք Վահան Տերյանի կյանքում
Անթառամ Միսկարյան` նրա քնքուշ սերը, Սուսաննա Պախալովա` նրա ճակատագրական սերը, Անահիտ Շահիջանյան` նրա ամոքիչ սերը:

….Միաժամանակ երկու կին ներկա էին Տերյանի կյանքում: Նրանք չէին խանգարում պոետին, այլ, կարծես, լրացնում էին մեկը մյուսին: Նա ներդաշնակություն էր փնտրում: Իր կողքին ունենալով կին-կիրք՝ Սուսաննային՝ նա հոգեկան խաղաղության կարիք ուներ: Դրա համար էլ չկարողացավ թողնել Անտենկային: Թեկուզ միայն նամակագրությունը նրա կյանքը լցնում էր անասելի հմայքով և ջերմությամբ: Անթառամի հետ ունեցած նամակագրության մասին Սուսաննա Պախալովան տեղյակ էր: Անգամ հաճախ ստիպում էր ամուսնուն բացել փակված ծրարները և ավելացնել իր բարևները Անթառամին: Խորամանկ և խելացի կին: (փոքրիկ հատված Ն. Թուխիկյանի «Խոստովանություն» գրքից) )))»

                            ***

Գինով եմ ,գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ,լեզվանի.
Օրորիր մեզ,պանդոկ-կարուսել,
Օրորիր,օրորիր մեզ,գինի:

Պոետ մի անտեր ու անտուն, 
Գիտեմ ես՝կորա՜ծ եմ,կորա՜ծ .
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում-
Օ,երա՜զ է, երա՜զ, ու երա՜զ…
Ինչ քա՜ղցր է նստել այստեղ,
Ժպտալ քո խոսքին սեթևեթ…

Իսկ ներսում իմ ,ներսում մի ասեղ
Ասղտում է-ննջե՜լ առհավետ…

Պարում են, երգում վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ « հանգաւ ի տեր»…  

հ.գ. բանաստեղծությունը նվիրված է Անահիտ Շահիջանյանին…Գեղեցկուհի Անահիտը առանց վարանելու ,հետևելով սրտի ձայնին( այդ ժամանակ նա  կրծքի տակ կրում էր Տերյանի զավակին՝  Նվարդ Տերյանին,որը ծնվեց հոր մահից չորս ամիս անց) ,  գնաց Տերյանի  հետ…երբ նա կանչեց նրան ՝չխոստանալով «ո՛չ երանություն ,ո՛չ դրախտ»…

Գինով եմ ,գինով եմ ես էլ…(Տերյանի վերջին բանաստեղծությունը…)
Չէ ,Տերյանը գինուց չէր հարբած  …սիրուց էր արբած …նրանք  միասին են …մեկնում են Սամարա  ,մենակ…մե-նա՜կ …իրար հետ,հեռու մարդկանցից ,նրանց դատապարտող հայացքներից,հարցերից  …
Ո՛չ , Տերյանը թաքուն չէր հեռանում Սուսաննայից …նրանց ընտանեկան կյանքը կործանվեց   Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ..
    (1921թ Սուսաննան դառնում է Ալեքսանդր Մյասնիկյանի կինը…) :

Վ, Տերյանի նամակը զոքանչին՝Ալեքսանդրա ՆազարովնայինՅասնայա Պոլյանայում

                              Հայ ընթերցողը պետք է ունենա իր գրադարանում հայերեն լեզվով  բոլոր ռուս գրողների գրվածքները՝ և Գոգոլի,և՛ Պուշկինի ,և՛ Տոլստոյի ,և՛ Չեխովի-գոնե նրանց լավագույն գրվածների ժողովածուները …Իզուր են կարծում շատերը,որ այդ գրքերըն ընթերցողներ չեն ունենա :Գուցե դրանք ավելի շատ ընթերցողներ ունենան ,քան հայ հեղինակների  գրվածները:   Չի կարելի պահանջել հայ ընթերցողից ,որ միայն Րաֆֆիով և Պռոշյանով սնվի:Որքան էլ բարձր գնահատելու լինենք մեր հեղինակներին      ,այնուամենայնիվ նրանք չեն կարող բավարարություն տալ ընթերցողին:

Լև Տոլստոյն այնպիսի մի հեղինակ է,որի գրվածների եթե ոչ լիակատար ժողովածուն ,ապա գոնե ժողովածուն ,ըստ կարելվույն լիակատար ժողովածուն  պետք է ունենա  ամեն մի ժողովուրդ,եթե նա կուլտուրական կոչվելու հավակնություն  ունի:Ուրեմ, եթե մենք համարում ենք  քիչ թե շատ կուլտուրական մեզ, անհրաժեշտ է մտածել այդ բանի մասին:  

Եթե Չեխովին բերեին Ախալքալակ կամ Շուշի ,անշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտար Շուշիի կամ Ախալքալակի կյանքից: Մինչդեռ մեր հասակավոր կամ ջահել հաճախ անվանի և վաստակավոր գրողները կարծում են ,որ բավական է հերոսուհու  անունը Լյուսի դնել կամ Օլգա և գրվածքը եվրոպական բնույթ կստանա:Կարծես մի Շողակաթ կամ մի Կիրակոս չեն կարող բարձր գեղարվեստի նյութ ծառայել….)))
Թումանյանի մի «Փարվանան» ես չեմ փոխի պոլսահայ բոլոր հանկարծակի հեթանոսացած պոետների արտադրության հետ…  Բայց ինչո՞ւմն է հայ գեղարվեստական կոչվող գրականության գլխավոր պակասությունը :Գեղարվեստականությունը: Նա այն ժամանակ կկանգնի  իր բարձրության վրա ,երբ կզգա իր իսկական կոչումը,երբ ազատ կզգա իրան ,որովհետև գեղարվեստն անազատ լինել չի կարող : Այդ ազատությունը զորություն կներշնչե նրան  ինքնամփոփ ու սահմանափակ ազգային կեղևից դուրս ելնելու  և ազատ օդ շնչելու: Ամեն ինչ կա հայ գրականության մեջ ՝ չկա միայն մարդը ,նրա հոգին ,նրա միտքը , նրա անհուն խորությունը ,այն ,ինչ Դոստոևսկին անվանում է « անդունդ իմ մեջ» :    Արդյոք հայ գյո՞ւղն է եղել մեղավորը,որ Պռոշյանը գեղարվեստական գրվածների տեղ ազգագրական  պրոտոկոլներ է տվել,արդյոք հայ ժողովո՞ւրդն է մեղավոր ,որ հայ  քննադատը  Ծատուրյանին Թումանյանից, Իսահակյանից ու Հովհաննիսյանից բարձր է դասել ,վերջապես ով է եղել մեղավոր ,որ հայ սեմինարիստ ինտելիգենցիան իրան ինտելիգենցիա է համարել և իրա կուլտուրան — ազգային կուլտուրա : Սրան կասեն — с больной головы да на здоровую!
Ինչպես անհատն է առանձնության մեջ քարանում  ու մեռնում ,այնպես էլ ազգը: Ազգերի զարգացումն ու առաջընթացը պայմանավորված է փոխադարձ հարաբերություններով,փոխադարձ ազդեցությամբ:
….եթե լեզուն ընդունակ է ժամանակի ստիլը ստեղծագործելու,այսինքն ժամանակի ոգին  արտահայտելու ,եթե լեզուն ընդունակ է  ժամանակի հասկացողությունների ու զգացմունքների թարգման հանդիսանալու ,ուրեմն նա  կենդանի լեզու է  և դեռ կենսունակ: Ինչպես անհատի հոգեկան ուժերի չափը երևում է այն ժամանակ ,երբ նա բախվում է արտաքին աշխարհի հետ, երբ նա հարաբերության մեջ է մտնում ուրիշ մարդկանց հետ ,այնպես էլ լեզվի զորությունը երևում է ,երբ նա բախվում է  ուրիշ լեզուների հետ: Ինքնամփոփ ու վայրի ցեղերի լեզուն ,որքան  և ուժեղ թվա իր վայրի առանձնության մեջ ,անզոր է դառնում ,երբ բախվում է  ավելի կուլտուրական մի ազգի լեզվի հետ: Ինչպես անձնամոռացության հասնող քաջությունն ու ըմբոստությունը  չի օգնում լեռնականներին դիմադրելու կուլտուրական  մի ազգի արշավանքին,նույնպես ինքնամփոփությունը և տգիտությունը չեն օգնի նրանց լեզուն պահպանելու…

  Լեզուների պատմությունը մեզ ասում է ,որ հասարակական տարբեր խմբակցությունների լեզուները ազդում են իրար վրա,խառնվում , և այդպիսով ստեղծվում է մի նոր լեզվական միություն: Այդ լեզուների  իրար խառնվելը կարող է զանազան աստիճանների հասնել- սկսած մինիմումից մինչև մաքսիմում ,այսինքն  մինչև լեզվական դենացիոնալիզացիա,երբ մի ազգը ընդունում է մի ուրիշ ազգի լեզուն: Ինչպես ,օրինակ, հրեաները: Այդ լեզուների փոխադարձ հարաբերության մեջ մտնելու  հետևանք լինում են ՝ 1) օտար բառերը,որ այն լեզվի մեջ, որն ընդունել է այդ օտար բառերը ,ենթարկվում են կատարյալ ասիմիլյացիայի, 2)  կատարելապես  չեն ենթարկվում  ասիմիլյացիաձի ,պահպանելով իրանց օտար ծագման հետքերը ,կամ  երկու լեզվական տարր միանում են  և փոխադարձաբար ձուլվում իրար:   Օրինակ ,այդպիսի մի խառը լեզու է հայոց լեզուն: Դա պարզ ապացուցել է Մառը:
Եվ հիրավի,գերմանական գրականության լեզուն ծնվել է սաքսոնական դիվանատներում լատին լեզվի գերիշխող ազդեցության տակ, լեհական լեզուն չեխերի ,գերմանացիների և նույն լատին լեզվի խոր ազդեցության տակ է առաջ գնացել: Նույն լատին լեզվի ծնունդ է իտալերենը : Նույնպիսի ընդհանուր ազդեցությունների տակ զարգացել են անգլիական լեզուն և Սկանդինավայի լեզուները: Նույնը եղել է  և Ռուսիայում,ուր գրական լեզուն զարգացավ հին սլավոնական լեզվի անմիջական ազդեցության տակ ,թեպետ գերիշխող հանդիսանում  է վելիկոռուսների բարբառը, սակայն նա դարձել է գրական մի լեզու  մի արվեստական  ,ինչպես ասում են,լեզու ,որ ընդունել է իր մեջ ահագին նյութ թե օտար լեզուներից ,թե հարազատ ու ցեղակից բարբառներից:   Ճիշտ նույն ձևով ,ինչպես մեզ մոտ ,նա սկզբում եղել է ավելի մեռած ,կիսակենդան ,թույլ ,հետո կենդանացել  է և հասել է իր զարգացման  այն հսկայական բարձունքին ,ուր շողշողում է Պուշկինի դյութական անունը:   Սակայն Պուշկինը երկնքից չիջավ: Նրա գալուստը պայմանավորված էր Սումարոկովի, Լոմոնոսովի,Դերժավինի հայտնվելով: Եվ մինչև որ գրականությունը չանցներ այդ մարդկանց մեռած լեզվի բովով ,մինչև որ  չընդուներ իր մեջ Սումարոկովի կեղծ-կլասիցիզմն ու Ժուկովսկու և Կարամզինի սենտիմենտալիզմը և ռոմանտիզմը ,չէր կարող անցնել Պուշկինին….
                                                 (())                         
…Կապիտալը գալիս է մեր երկիրն ու հեղաշրջում է նրա համայն կերպարանքը:

   Հեղաշրջում է իհարկե և մտքերը,տրամադրությունները ,զգացմունքները,ինչպես և հագուստները: Ճիշտ է,հագուստն ավելի հեշտ է փոխել,քան միտքը,սակայն մեկը մյուսին ,ինչպես ասում են այժմ,բնաահրաժեշտորեն  պայմանավորում է,մեկին հետևում է մյուսը ,թեկուզ ոչ արագ ,գուցե մեկ կամ երկու սերնդի կյանք է հարկավորում,բայց այդ հեղաշրջումը կատարվում է….

  Այդ  տնտեսական և կուլտուրական հեղաշրջման  առաջին շրջանի նկարագիրը տվել է մեր գեղարվեստական գրականության մեջ Շիրվանզադեն:Այստեղ նա ծաղրում է այդ երեկվա տրեխավորին ,որն այսօր լաքած կոշիկ է հագնում,իսկ հոգով տրեխավոր է մնում: Դա Շիրվանզադեի այն  գրվածներն են ,որոնց համար Լեոն կշտամբել է նրան,որովհետև Լեոի աչքում այդ նոր հասարակական-կուլտուրական  երևույթը գեղարվեստորեն պատկերացնել,նշանակում է գնալ դեպի,ինչպես նա է ասում «արիստոկրատները»: Լա՜վ արիստոկրատներ են…)))))

նկ.Մհեր Աբեղյան

Գրեթե բոլոր հայ պուբլիցիստները տվել կամ պակաս եռանդով ու զայրույթով մտրակել են հայկական (ինդիֆերենտիզմը) անտարբերականությունը:
Ինդիֆերենտ վերաբերմունք դեպի ամեն ինչ- դեպի քաղաքական-հասարակական կյանքը,դեպի արվեստը, դեպի գրականությունը:

Չպետք է զարմանաք ,եթե տեսնեք,որ այստեղ կյանքը պահպանում է իր սպեցիֆիկ հայ-գավառական կերպարանքը-գուցե ավելի շքեղ ու հարուստ հագուստով,ավելի ճոխ դեմքով,սակայն նույն մանրբուրժուական ներքինով….

                                                              (())

Ռուսաստանի ամեն մի հայ գաղութ-դա նույն գավառն է ,նույն հետամնաց վայրը,ուր ամեն ինչ ներփակված է ընտանեկան շրջանում,ուր գրեթե գոյություն չունի որևէ հասարակակն կյանք:
Մի որևէ բորսային տուզի ամուսնությունը կամ մահը ավելի մեծ հետաքրքրություն է շարժում ,քան ամենակարևոր ու նշանակալից հասարակական երևույթ:

                                    (())

Հայրիկի մահը եկեղեցում բավական խուռն բազմություն էր գումարել,սակայն դա մի պաշտոնական ,գուցե շատերի համար ակամա մի այցելություն էր,որ այնուամենայնիվ կատարում էին ըստ ավանդության:Նույն պապենական ,նահապետական  հոտն է փչում  և այն ճառերից ,որ արտասանեցին մի քանի ազգայիններ՝ դրվատելով Հայաստանյայց առաքելական եկեղեցվո պետին:
Թափվեց խոսքերի տարափը,ուր մտքերը համեստաբար անհետացել էին ճոռոմ ու փքուն խոսքերի անտառում,երևի վախենալով հանկարծակի լուսավորել այն հասարակությունը, որ այնքան սովոր է անմիտ ու բարձրակոչ բացականչություններ լսելու:
     Կարիք չկա կրկնելու այդ ճառերի բովանդակությունը ,երևի դուք լսել եք գավառներում երդվյալ հռետորներին ,որ ամեն տարի խոսում են  Վարդանաց տոնին և ուրիշ ազգային տոներին կամ հայ գործիչների թաղման ժամանակ:
-Վարդանը մեռավ,սակայն նա կենդանի է…
-Հայրիկը մեռավ,սակայն նա կենդանի է և այլն….
   Շարունակությունը արդեն գիտեք,հազար անգամ լսել եք ,մեծ մասամբ ոչ միայն «մտքերը» նույնն են, այլև բառերը ,նախադասությունները…..

                                              (())

….Թույլը կորչում է:Բնական օրենքի անսասան,տիրական զորությամբ է կատարվում այս ամենը :
Այն ,ինչ մեր ազգային ինտելիգենցիան անվանում է ռուսական արշավանք -իրոք եվրոպական կապիտալի,ուրեմն և եվրոպական կուլտուրայի արշավանք պետք է անվանել,մանավանդ  եթե աչքի առաջ ունենանք գալիք օրերի,և այն ըստ իս ոչ այնքան հեռավոր գալիքի,տնտեսական արշավանքը:
  Եվրոպական ազդեցությունը ,որ ռուսական  քաղաքական տիրապետությամբ մուտք է գործել մեր երկիր ,աստիճանաբար զարգանում է և քանի գնում ավելի արագ,ավելի տիրական քայլերով Է արշավում  մեր երկրի ամեն անկյունը, քանի գնում լայնանում է այդ . խորանում,այո, և խորանում է այդ ազդեցությունը :Եվ ռուս-եվրոպական ազդեցության տակ է,որ աճում է մեր ինտելիգենցիայի միտքը ,և այսօր կանգնում են նրա առջև կամ,ինչպես պոլսեցիք են ասում,ծառանում են  այն հարցերը ,որոնց հանդեպ տիրացուական ինտելիգենցիայի  միտքը մոլար  ու երկչոտ դողում է,պատեպատ ընկնում-ահով բռնված տեսնում է այն ,ինչ չկա,և չի տեսնում այն,ինչ ակնբախ է արևի նման:
  Արդ՝ ինչ հետևանք կարող է տալ այդ արշավանքը:Երկու հետևանք կարող է լինել:Մեկը այն է,որ մենք կձուլվենք.այսինքն կկորցնենք մեր կուլտուրական առանձնության գործոնները,կկորցնենք մեր լեզուն և կդառնանք մի ապազգային մասսա: Կամ թե չէ, կզարգացնենք մեր ամենից առաջ լեզուն,հետո մյուս ազգային-կուլտուրական գործոնները և ընդունելով եվրոպական կուլտուրան,կմնանք եվրոպական ազգերի շարքը իբր կուլտուրական մի ազգ:Ուրեմն կուլտուրական մի ազգ լինելու համար մենք պետք է  ամբողջապես յուրացնենք  Եվրոպայի ժամանակակից կուլտուրան  և միայն այն ժամանակ կարող ենք ազգային կուլտուրա ստեղծել:Այսինքն ազգային կուլտուրային ձգտելով ,այսպես ասած,մենք պետք է նախ դուրս գանք մեր այժմյան ազգային կճեպից և ընդգրկենք  լայն հորիզոններ:….

«Չպետք է ծույլերի
հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա.չպետք է մեզ կերակրենք այն հավատով,որ մի արտաքին փոփոխություն ,մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնե:Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան «նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել,այլ պիտի տենչանք ու աշխատենք «հոգևոր Հայաստանի» համար»:
«Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր հայրենիքը,հոգու և մտքի հպարտությամբ  ճոխացնենք  նրան»

«հիշենք ,որ այդ «զոոլոգիական » ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան-մտավոր սնանկությունը,մեր կուլտուրական թշվառությունը »

«Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում,եթե արհամարհում եք այն,ինչ հոգին և սիրտն է նրա…»:

«Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի,դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը…»:

«Լեզուն մենազորեղ զենքն է մարդու ,որովհետև նա միացնում է նրան   մյուս մարդկանց հետ,նա է մարդուն անբան անասունից զատողը»:

«…Օտար բառը թարգմանում են կամ տեղը մի նոր,ինչպես իրենք են ասում ,ավելի «հայաշունչ» բառ են թխում… վելոսիպեդին ասում են հեծանիվ,ինտելիգենցիային-մտավորականություն,սոցիոլոգիային-ընկերաբանություն,պալտոյին-վերարկու,գալոշին-կրկնակոշիկ և այլն…
 Այդ ձևը սխալ է ոչ միայն նրա համար ,որ «տրամվայ »բառը « էլեկտրաքարշ» բառից և բարեհնչյուն է, և դյուրըմբռնելի,այլև գլխավորապես նրա համար,որ այդպիսի սխոլաստիկ ձևով ստեղծվում է մի շարք անկենդան,շինծու,անհասկանալի բառերի ու դարձվածքների ,որոնք մեր լեզուն դժվարացնում են,դարձնում ավելի դժվար յուրացվող մի լեզու:Իսկ լեզուների պատմությունը և համեմատությունը մեզ ցույց է տալիս ,որ մրցության մեջ հաղթում է այն լեզուն,որը ավելի հեշտ է յուրացվում,որի կազմվածքը ավելի պարզ է….
    Լեզուն զարգացնել չի նշանակում խուսափել եվրոպական բառերից,նրանց տեղը հայերեն հնացած կամ բոլորովին անտեղի մեռած բառեր դնել:Պարզ է,որ վառարանը փեչ չէ,ոչ էլ տրամվայը-էլեկտրաքարշ,ոչ էլ պալտոն-վերարկու,կամ գալոշը-կրկնակոշիկ:
Ժողովրդական բնազդը այս դեպքում էլ ավելի առողջ է և զորեղ,քան ինտելիգենտի կամ վանականի սխոլաստիկ ազգասիրությունը…»:

«Լեզուն զարգանում է և ազատ է և չի կամենում հպատակվել լեզվաբանների պեղած հին օրենքներին և օրինակներին…»:

«Եթե լեզուն, ասում է Մաքս Մյուլլերը, բնության ստեղծագործությունն է ,ապա դա բնության ամբողջ ստեղծագործությունը պսակող մի հրաշալիք է,որ պահպանված է եղել մարդու համար ,եթե դա մարդկային ստեղծագործության արդյունք է ,ապա նա բարձրացնում է ու հասցնում մարդուն աստվածայինի աստիճանի,եթե աստծո պարգև է՝ ապա դա նրա ամենամեծ ու ամենաթանկագին  պարգևն է …Ամենահին դարերից սկսած  խոսքը  եղել է հիացումի առարկա մարդկանց համար :Ոչ արտաքին աշխարհը կամ բնությունը ,ոչ մարդու ներքին աշխարհը  չեն հարուցել այնքան խորը զմայլմունք ու զարմանք ,որքան լեզուն:Եվ դրա համար էլ դարերից ի վեր ժողովուրդը առանձին մի հավատ  ունի դեպի խոսքը : Խոսքը դարձել է հավատալիք ,պաշտամունքի առարկա :Խոսքի զորությունը ահեղ է ,անքննելի  և ամենակարող՝ժողովրդի աչքում մինչև մեր օրերը :Խոսքը կենդանի շունչ է համարվում -ոգի ,զորություն կախարդական: Դեռ 1812թ., ասում է պրոֆեսոր  Բոդուեն դե Կուրտենեն ,մի ֆրանսիացի ,որ Նապոլեոնի հետ ընկել էր Մոսկվա,հավատացնում էր հետո իր հայրենակիցներին ,որ Ռուսաստանում այնպիսի խիստ սառնամանիք է  լինում ,որ խոսքերը  շրթունքներից դուրս են թռչում ,բայց մինչև լսողի ականջը չեն հասնում ՝որովհետև ճանապարհին սառչում են…»:

Վահան Տերյան

Սովետական գրող,1989

Տերյանը` մարդ

Ծննդյան անունՎահան Սուքիասի Տեր-Գրիգորյան
Ծնվել էհունվարի 28 (փետրվարի 9), 1885
ԾննդավայրԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 71920[1] (34 տարեկանում)
Վախճանի վայրՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան[1]
Մասնագիտությունբանաստեղծթարգմանիչգրող և հասարակական գործիչ
Լեզուհայերեն[2]
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Լազարյան ճեմարան
Ուշագրավ աշխատանքներՄթնշաղի անուրջներԳիշեր և հուշերՈսկի հեքիաթԵրկիր Նաիրի և Կատվի դրախտ
ԱմուսինՍուսաննա Տերյան

Տերյանը երաժշտության մեջ

-Հայ երաժշտական ոգին, հայոց երաժշտությունը` խոսքի մեջ, թերևս, ամենազգայուն ու նուրբ ձևով Տերյանի պոեզիայի մեջ է: ՈՒրիշ պոետներ հասնում են դրան, եթե պետք է լինում, կամ եթե կարողանում են, կամ եթե նյութն է պահանջողը: Բայց Տերյանը մշտապես է այնտեղ: Օրինակ, Չարենցի հնչողությունների մեջ էնպիսի արտառոց գեղեցկության հայերեն կա, հնչողությունների իմաստով, մանավանդ երբ առնական շերտն է լեզվի: Սա Չարենցի մոտ, իսկ Տերյանի պարագայում համակ երաժշտականությունն է հայ լեզվի մեջ.
«Ոսկեհանդերձ եկար և միգասքո՜ղ,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն…»:
Էս «ոսկեհանդերձ»-ը ախր գժվելու գեղեցկություն է, կամ «միգասքող»-ը, բառեր` հատ-հատ ոսկի: Իրենն են էդ աշխարհի բոլոր զգացողությունները, որ էդպես բառ դառնալ կարող են, էդպես հայերեն կարող են դառնալ: Ինքը արտակարգ երաժշտական է, արտակարգ, ամբողջությամբ: Հենց իր առաջին ժողովածուն և առաջին բանաստեղծությունը` «Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև…», աներևակայելի, միանգամից թագավորական, արքայական հայոց լեզու, զարմանալի առեղծված է: Ինչպես ամեն հանճարեղ երևույթ առեղծված է, Տերյանը նույնպես առեղծված է: Էդպիսի մո՞ւտք կլինի ժողովածուի, բանաստեղծության էդպիսի առաջին է՞ջ կլինի, աներևակայելի է:
-Ինչպե՞ս մտահղացաք Տերյանի գործերը երգել:
-Ես միշտ վախեցել եմ Տերյան երգելուց, որովհետև ինքը թաթախուն է երաժշտության մեջ, և այնտեղ սեփական արահետը գտնել, սեփական ելևէջների ուղղությամբ գնալ, սեփական ռիթմը գտնել` դժվար է: Նրա ռիթմին եթե ենթարկվում ես` աշակերտական ընթերցանություն է դառնում ընդամենը: Եթե իր ռիթմը վերցնում, դարձնում ես քո երաժշտության ռիթմը` տխուր բան է ստացվում. «Սահուն քայլերով, աննշմա՛ր, որպես քնքուշ մութի թև…»: Եթե այդպես ես կարդալու, ավելի լավ է հեռու մնաս: ՈՒրեմն պետք է անվերջ հաղթահարվի և ստեղծագործաբար յուրացվի, երգե՛ս այսինքն, դո՛ւ երգես: Եվ երբեմն պատահում է, որ երջանիկ պահ է լինում հազվադեպ, երբ տեսնում ես, թե ինչպես` բանաստեղծությունն իբրև մարմին, ամբողջություն, առաջին տողից մինչև 6, 7, 8, 9, ա՛յ էսպես բառ առ բառ երաժշտությունը ճիշտ նույն օրենքով հյուսվում ու դառնում է նույնքան մարմին, ինչպես այդ բանաստեղծությունն է` ճշգրիտ նրան համապատասխանող, իրար վրա եկող մարմին: Այսինքն՝ ոչ թե միայն երգել, այլև նրա շարժման օրենքներով շարժվող երաժշտական մարմին ստեղծել: Դա երջանկություն է երաժշտի համար, այդպիսի համընկնումը` բառային շեշտերի, տրամաբանության, զգացողական ելևէջների, երբ որ դրանք, մեկ էլ տեսնում ես, ճիշտ կտոր են քո երաժշտության: Դրանք գերագույն հաճույքներ են ինձ համար, որովհետև ես պաշտում եմ հայոց լեզուն և հայոց լեզվի արքաներին, որոնցից մեկը, անշուշտ, Վահան Տերյանն է` իր փոքրաքանակ, երկու հատորով, բանաստեղծությունների երկու հատորով:
-Ինձ հայտնի է Ձեր վերաբերմունքը Տերյանի պոեզիային: Երբեմն Դուք ասում եք` Տերյանին պետք է ճիշտ ընթերցել: Ի՞նչ է նշանակում դա:
-Երաժշտության մեջ Տերյանը թռիչք է անում, և եթե դու իրեն ընթերցելու բանալի չունես երաժշտությամբ` դու հայտնվում ես կամ սենտիմենտալ, անորակ զգացականության մեջ կամ առհասարակ սխալ ընթերցված բանաստեղծություն է դառնում քեզ համար: Մեր երգված տերյանները մեծ մասամբ այդ մակերեսային շերտն են: Տերյանն ինքը, ի՞նչ ասեմ, շատ պինդ տղա է եղել: Եվ նրան էդպես ընկալելը, էդպես հեղհեղուկ զգայականության ներկայացուցիչ իբրև` այնքա՛ն սխալ է, այնքա՜ն սխալ է: Իր նամակները, իր նկարագիրը, ընտանիքը, կապերը, իր աշխատանքը` իբրև կոմունիստ, երբ որ նայում ես, փառավոր գոյություն է: Էն աստիճանի, որ հանուն դրա նաև բանաստեղծությունից, գրականությունից գրեթե, քանի ժամանակ, չեմ ուզում ասել ձեռք քաշեց, բայց ամբողջությամբ Հայաստանի փրկության ծրագրին էր տրվել: Եվ, ցավոք, տեսաք, ինչով ավարտվեց իր այդպիսի մոլեգին նվիրվածությունը էդ գաղափարին, Հայաստանի անկախության, ազատագրության գաղափարին, սարսափելի բաներ էին տեղի ունենում իր հետ:
-Տերյան երգելը հե՞շտ է, թե՞ դժվար:
-Շատ դժվար է Տերյան երգելը: Ինչո՞ւ, որովհետև Կոմիտասը դրել է մի փառավոր հիմք հայ երաժշտության, որը հիմնվում է, մի կողմից, ժողովրդական բանահյուսության վրա, գեղջկական երգի վրա, մյուս կողմից` հոգևոր երաժշտության վրա: Դարավոր հոգևոր տաղեր, գանձեր, շարականներ: Սրանցից ոչ մեկով Տերյան չես երգի: Հստակորեն: Դավաճանություն է մի տեսակ: Տերյանը քաղաքային պոեզիա է, քաղաքի պոեզիա է: Եվ, ընդ որում, քաղաք, որը մենք դեռ չունեինք: Դա ի՞նչ երազ է, լեզվի, զգացողությունների էսպիսի շքեղություն է, երազ է, երազ, երկիր ստեղծելու երազանք է, չէ՞: Էդպիսի օր ստեղծել, բանաստեղծական ապրումների օր, էդպիսի ինտերիեր, տարածք, էդպիսի սալոն, պալատ ստեղծել:
ՈՒրեմն, ո՛չ հոգևոր երաժշտությամբ կերգես, ո՛չ ժողովրդական, գեղջկական երգի սկզբունքներով կերգես: Չես երգի Տերյան: Երգը մեծավ մասամբ տանում է դեպի սենտիմենտալ երգը, որը, ի վերջո, իր ընդգծված արտահայտություններով ներկայանում է մեզ` ռաբիսն է:
Հայտնի է, որ Տերյանը երաժշտության նկատմամբ շատ մեծ սեր է ունեցել, շատ մեծ: Նույնիսկ պատմում են, որ երբ գյուղում, փոքր տարիքում, լսում էր երաժշտական գործիքի ձայն, վերանում էր ամբողջությամբ, վերանում էր: Բնական է, որ էդ լեզվի, էդ երաժշտականության ներկայությունը իր բանաստեղծության մեջ` անշուշտ երաժիշտ մարդու, երաժիշտ հոգու արտահայտություն է: Եվ հանճարեղ Ռոմանոս Մելիքյանը, որ Տերյանի ընկերն ու մտերիմն էր, Պետերբուրգի կոնսերվատորիայում սովորելու տարիներին ստեղծեց տերյանական շարք` «Աշնան տողեր»: Անկախ Ռոմանոս Մելիքյանի տերյանական երգերից, երբ ուզում ես Տերյան երգել` պետք է ուշադիր լինել Ռոմանոս Մելիքյանի նկատմամբ: Դա կլինի Ռոմանոս Մելիքյանը` Տերյանի հետ, թե ոչ Տերյանի հետ, միևնույն է, էնտեղ է, Տերյանի մերձավոր երաժիշտ-ընկերն է նա: Ռոմանոս Մելիքյանն անկրկնելի մի երևույթ է, իմ կարծիքով՝ առայսօր ամբողջությամբ չգնահատված: Ինչո՞ւ, որովհետև նախ իր ամբողջ եռանդը, տարիները նվիրեց երաժշտական հանրային կյանքի կայացմանը Հայաստանում, կոնսերվատորիա հիմնեց, մասնակցեց Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը և ապա` մշակեց մի շարք ժողովրդական երգեր, գրեց ռոմանսներ և այլն: Նա չափազանց մեծ պատասխանատվություն ուներ ամեն մի փոքր գործի նկատմամբ, մանավանդ նրա էն նորարարական ոգին, որ ուղղակիորեն գալիս-մտնում էր 20-րդ դարի ամենաարդիական պրոբլեմների տարածք, երբեմն: Զարմանում ես, թե Ռոմանոս Մելիքյանը ինչպես է կարողացել ճշգրտության հասնելու, գունային անսովոր համադրություններ ստեղծելու, հնչյունի և բառի կապը կայացնելու միջոցով` աներևակայելի բարձունքների հասցնել հայ երգը, տերյանականը` մասնավորաբար: ՈՒրեմն, որտեղի՞ց է օգտվել Ռոմանոս Մելիքյանը: Տերյանին նվիրված աշխատություններում մասնագետները նշում են, որ, մի կողմից, եղել է իր համար քաղաքային երգը, մյուս կողմից` աշուղական արվեստը: Բայց սա մի ակունքն է միայն էս մտավոր զարգացումի, մյուսը էլի առեղծված է, որ ինքն է ստեղծել: Երբ Ռոմանոս Մելիքյանի փոքր ռոմանսը վերցնում ես ու տեսնում երկու ակորդ իրար կողքի, անսովոր, գեղեցիկ, նուրբ, և հանկարծ տեսնում ես, թե ինչպես էդ նույնը, նույն մեղեդիական ծալքեր բացահայտելիս` Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի երրորդ մասում է ներկայանում, նույնությամբ, զարմանում ես, ապշելու բան է: Այնպես որ փոքր գործերի մեջ ստեղծել է սաղմեր` մեծ գործ ծնելու, ինքը մնալով էդ ձևերի, չափերի մեջ: Ինչպես ասացի, Ռոմանոս Մելիքյանը Տերյանի մերձավորագույն երաժիշտ-ընկերն էր: Կապը կա, նրանց նամակագրությունը կա: Ռոմանոս Մելիքյանի գրած երաժշտությանը Տերյանը տեղյակ էր, սպասում էր, թե ե՞րբ պիտի գա, որ լսի նրա երաժշտությունը: Նույնիսկ նոտաներն էր խնդրում, որ կազմակերպի երգիչ-երգչուհիների կատարմամբ, դաշնամուրի նվագակցությամբ իր բանաստեղծությունները լսի Ռոմանոս Մելիքյանի երաժշտությամբ:
-Ո՞ր ճանապարհով է պետք գնալ դեպի տերյանական երգը:
-ՈՒրեմն, մի կողմից` Ռոմանոս Մելիքյան, պետք է ուշադիր լինել: Մյուս կողմից` ես, երբ աշխատել եմ Տերյանի բանաստեղծությունների հետ, փորձել եմ երգել դրանք, ես տարիներով նայել եմ այն ուղղությամբ, որ ուղղությամբ գրականության մեջ նայել է Տերյանը: Եվ էն ուղղությամբ, որտեղ իրեն հետաքրքրած, իրեն զբաղեցնող բանաստեղծներին երգել են ուրիշ երաժիշտները: Տերյանական սիմվոլիզմը, անշուշտ, իր արմատները բերում է Պոլ Վերլենից, Ստեֆան Մալարմեից, Արթուր Ռեմբոյից, Վալերի Բրյուսովից: Տերյանը չէր կարող նրանց չիմանալ: ՈՒրեմն պետք է նայել, թե Մալարմեին ովքեր են երգել Ֆրանսիայում: Մի շատ կարևոր հանգամանք ևս. ֆրանսերենի և հայերենի շեշտադրական համակարգը նույնն է: Ֆրանսերենում և հայերենում կայուն շեշտադրական համակարգ է, այլ ոչ թե թափառող կամ բացակայող շեշտադրություն: Մերը մշտապես վերջին վանկի վրա է, ֆրանսերենում` նույնպես: ՈՒրեմն սա արդեն մի կապ է, որը քեզ թույլ է տալիս առավել վստահ մտնել էդ, էսպես ասած, քեզ համար թարգմանելու ակունքները, որոնց հետ կապված էր Տերյանը: Էդ ակունքների երաժիշտներին դու պիտի լսես: Տարիներո՛վ պիտի լսես: Երբ որ դրանց էությունը քեզ հարազատ դարձավ, դու կարող ես արդեն դրանց միայն գեղագիտական և այս կարգի այլ սկզբունքներ կիրառել, բայց դու պիտի գաս քո՛ հողը, ելևէջների, ռիթմերի, բառի և երաժշտության կապի քո՛ հողը պիտի գաս: Սա, իմ կարծիքով, լավագույն, բեղմնավոր ճանապարհն է հասնելու Տերյանի դռանը, եթե դու ուզում ես նրան երգել: Ֆրանսիացիներին իմանալ` Դեբյուսի, Ֆորե, ովքեր երգել են էս բանաստեղծներին, Ռոմանոս Մելիքյան` մյուս կողմից, իհարկե նաև տարիներով պիտի ապրես Տերյանի բանաստեղծության հետ և սիրես, անսահման սիրես էդ հրաշք բառեր հունցելու, բառերի աներևակայելի մագմա ստեղծելու պահերը: Բառերը էնպես են, որ դրանք և՛ առանձին են, և՛ իրար կողքի, և՛ ռիթմի մեջ են, և՛ խորքերի ուղղությամբ են, և՛ երիտասարդ մարդուն հասանելի: Այնքան հասկանալի են, որ երբեմն երիտասարդները` 16, 18 տարեկանները կարող են իրենց բարձի տակ պահել էդ գիրքը, էդ աստիճանի մտերմություն կա:
-Դուք քանի՞ բանաստեղծություն եք երգել Տերյանից:
-Ես Տերյանից երգել եմ 6 երգ: Առաջին անգամ երբ փորձեցի, տեսա, որ ինձ համար ավելի հեշտ է երգել դրամատիկ շեշտերով բանաստեղծությունները և ոչ այն բանաստեղծությունները, որոնց մեջ բնությունն է, իր սիրած գույներն են, դրանք չէ, այլ դրամատիկ շեշտերով`
«Որպես Լաերտի որդին, որպես
ՈՒլիս մի` թողած և հող, և տուն…»:
Ա՜խ, Աստված իմ, այս ի՜նչ զորավոր ոգի է «Երկիր Նաիրի» շարքը, ա՛յ դրանից ես 4 բանաստեղծություն հանեցի.
«Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին»,
կամ`
«Քեզ կըմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին…»:
Էստեղից 4 երգ երգեցի, հետո մի քսան տարի անցավ, և ես 2 երգ ևս գրեցի, սրանցից մեկը.
«Ցրտահա՜ր, հողմավա՜ր,
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…»:
Ա՜խ, Աստված իմ, ի՜նչ գեղեցիկ պատկերներ են, էս «ա»-երը, վրան բացականչական նշա՜ն, դե գնա էդպիսի «ա» գտիր: «…Ցր-տա-հա՜ր, հող-մա-վա՜ր դողացին մեղ-մա-բա՜ր տերևները դեղին, պատեցին իմ ուղին…», պատը քաշեց, բերեց ուրիշ ձայնավորների, փակեց:
Երանի ես կարողանայի էլի անել ևս մի փունջ Տերյան, երանի կարողանայի անել: Կունենամ երևի էդ ազատ ժամանակը նորից վերադառնալու Տերյանին: Շատ դժվար է մտնել: Երգ երգելը առեղծվածի պես մի բան է, առաջին թրթիռը, առաջին գրգիռը, կարծես, չգիտեմ, ֆանտաստիկ մի դուռ բացվի, մտնես ներս, որը իրականում գոյություն չունի: Գոյություն չունի, բայց, մեկ էլ` վա՜հ, ներսում եմ, սկսվո՜ւմ է: Բայց եթե չես մտել առեղծված, էդ դռնից ներս, ուր բոլորովին ուրիշ կանոններով է կյանքը, ուրիշ օրենքներով է ամբողջությունը` իրականություն, ժամանակ, զգացողություն, ամբողջությամբ իր օրենքներով է, է՛ս օրենքները չեն, եթե չես մտել` ուրեմն չես կարող երգել: Դա պիտի դու ուզես, բայց ինքն էլ պիտի ուզի գալ քեզ: Եթե եկավ էդպիսի մի քանի բան Տերյանից` էդպիսի բանաստեղծություն, ուրեմն կստացվի: Իհարկե, պետք է հետապնդել: Պետք է հետապնդել, մեկ էլ տեսար Աստված նվիրեց, կամ իր Աստվածը, Տերյանի Աստվածը նվիրեց:
-Բայց Դուք մի անգամ արդեն բանալին գտել եք Տերյանի դռնից ներս մտնելու: Հիմա իրապե՞ս դժվար է Տերյանի դռնից նորից ներս մտնելը:
-Դժվար է: Շատ, շատ դժվար է: Այսօր որ նայում ես, թե ո՞ւր հասավ քաղաքային երգը` Բաբաջանյանի երգն է: Բաբաջանյանով Տերյան չես երգի: Բա էլ ո՞ր քաղաքայինն է: Ա՛յ էստեղ դո՛ւ պիտի ստեղծես, պիտի ստեղծես քաղաքայինը և միաժամանակ` տերյանակա՛ն քաղաքի: Հետո մեղեդին ես հանում, բայց նաև կա նրա մարմինը ամբողջական` նվագակցություն, ներդաշնակ միջոցներ: Երաժշտությունը միաձայնություն չէ, միայն բանաստեղծություն և մեղեդի չէ, ամբողջություն է: ՈՒրեմն սա լուրջ աշխատանք է պահանջում, ու, էլի եմ ասում` եթե մնաս Ռոմանոս Մելիքյանի հույսին միայն, դու հայտնվում ես 30-ական թվականներին, և բացի այդ դու դու չես: Օրինակն է էստեղ պետք քեզ Ռոմանոս Մելիքյանի: Ցավոք, քիչ գնահատված երաժիշտ է Ռոմանոս Մելիքյանը: Եվ կարծում եմ, թե առհասարակ շատ արժեքներ իրենց իրական գնահատանքին են սպասում: Մեզանում վերջին հարյուրամյակի արժեքներից շատերն իրենց ճշգրիտ գնահատմանն են սպասում: Առայժմ դրա ժամանակը, ինչպես երևում է` չունենք, բայց կգա, վստահ եմ, որ կգա մի օր այդ պահը` գնահատելու:
-Դուք բարձր եք գնահատում Ռոմանոս Մելիքյանի արվեստը: Տերյանին երգեցին նաև ուրիշ երգահաններ: Այս բոլորը Ձեզ չխանգարեցի՞ն, Դուք ուրի՞շ մի ճանապարհով մտաք նրա մոտ:
-Էն հեղինակները, որոնց մասին ասվեց` չեմ կարծում, որ Տերյան են կարդացել: Այսինքն՝ Տերյանին բերել են երաժշտություն, է՜ն երաժշտությանը, որով Տերյանն է խոսում: Կարող է լինել գեղջկական երգի ելևէջներով, Տերյանը դա չէ, բոլորովին դա չէ: Այդ ելևէջներով կարելի է երգել Իսահակյան, այդ ելևէջներով կարելի է երգել Շիրազ, այսինքն՝ հայոց լեզու, բանաստեղծական մտածողություն, որ անմիջապես կողքն է բանահյուսության, ժողովրդական բառ ու բանի, անմիջապես նրա կողքին է, էդ ելևէջները անմիջապես միանում են, իրար գտնում են, բայց Տերյանը այնտեղ չէ: Այնտեղ չէ Տերյանը: Երաժշտության էդ տարածքներում չէ: Ախր իր քաղաքը գոյություն չունե՛ր էն ժամանակ: Ռոմանոս Մելիքյանի քաղաքը նո՛ւյնպես էն ժամանակ գոյություն չուներ: Էս ի՞նչ տեսակ առեղծված է, էսպես երկնելու, ստեղծելու էդպիսի մի իրականություն: Ռոմանոս Մելիքյանի պարագայում չեմ կարող ասել, որ ամբողջությամբ միայն քաղաքային երգն է, նա աշուղական, գեղջկական տարրերն էլ է ներբերել իր երաժշտության մեջ, եթե պահանջել է էդ բանաստեղծությունը, բայց Տերյանի պարագայում` ոչ, էնտեղ չկա էդպիսի շերտ: Ախր հայոց լեզվի գերագույն հաղթանակը, իրեն վերևներում տեսնելու, իրեն վերևներում զգալու, բարձունքներին` իր կարողությունների, իր հնչողությունների, իր զգայունությունների բարձրակետին զգալու էդ պահը Տերյանն է արել: Եվ դա, իրոք, գոյություն չունեցող մի հսկա քաղաքի պոեզիան է: Քաղաքի, էդ քաղաքի ներսում հասարակական կյանքի, քաղաքում ապրող, բարձր վայելքներ գիտակցող հասարակության պոեզիան է: Դե, պատկերացրեք, ինչե՛ր կարող են լինել մի ընտիր հայ սալոնում: Եթե այդպիսին պատկերացնենք` ի՛նքը, Տերյանը ա՛յ դրանց վրա թագավորն է, ոչ թե նրանց ներկայացուցիչն է կամ արտահայտիչը, այլ նրանց թագավորն է: Սա եթե պոեզիա կարող է դառնալ` ինքն է դա, եթե կարող է դառնալ, որովհետև կենցաղը, ի վերջո, ինչքան էլ շքեղ լինի` հո չի՞ դառնալու պոեզիա: Շատ նուրբ մի կետ է երաժշտության մեջ Տերյան իրականացնելը` և՛ իր եղբայրներին, ֆրանսիական պոեզիայում, ռուսական պոեզիայում, որոնց հետ ինքը առել-տվել է, ապրել է նրանց հետ, նաև քաղաքային երգ, որը ի՞նչ է, եթե շատ ես ուզում քաղաքային երգը մեր քաղաքում ջուր ծախողի երգն է, կամ Հավլաբարի ընտիր երգերն են` Թիֆլիսի հայ միջավայրում ստեղծված, աշուղական երգերն են:
-Այսինքն, եթե Վահան Տերյանի պոեզիան այդքան դասական է, ուրեմն երաժշտությունը, որ հյուսվում է պոեզիային` պարտադիր պիտի դասական հարթության վրա՞ լինի:
-Շատ հստակ է, հաստատորեն այդպես է: Բայց պետք է ասեմ, որ այս նախադասությունը անվերջ իմ մտքին է` Մալարմեն ասում է. բանաստեղծությունը ոչ թե զգացմունքներով է գրվում, այլ բառերով: Երբ որ դու էդ բառերը չես տեսնում, «ոսկեհանդերձ»-ը չես ապրում, «միգասքող»-ը չես ապրում, այլ նրա` քեզ վրա թողած զգացական շերտն է քեզ առաջնորդ դառնում` խաբված ես, խաբվա՜ծ ես: Շատ էլ որ քո հարևանը, երաժշտություն սիրողը, քո տղան, աղջիկը կսիրեն, կապ չունի, կա՜պ չունի: Կարող է սիրեն, ինչո՞ւ չէ: Մենք երբեմն այնպիսի արժեքներ ենք կարևորում մեր կյանքում, բայց էդ արժեքները, որոնց մասին ես ասում եմ, Տերյանի հետ որևէ ընդհանրություն չունեն, որևէ ընդհանրություն: Մոտավոր չէ, շատ հստակ` սա բարձր երևույթ է, որի իրականությունը կարծես թե քիչ-քիչ պիտի գոյանա մեզանում: Ես հույս ունեմ, այո, կարծում եմ, որ Տերյանը դեռ նվաճելու տարածքներ ունի, նվաճելու հոգիներ ունի, մշակութային դաշտ նվաճելու մեծ ուժեր ունի, մեծ ուժեր:
-Հարգելի պարոն Մանսուրյան, Դուք էդ ինչքա՞ն եք սիրում Տերյանին, ինչքա՜ն եք իրենով տարված, որ սիրով ու տառապանքով էլի ուզում եք երգել Տերյան:
-Ես և՛ Տերյանին եմ շատ սիրում, և՛ էն հայոց լեզուն, որ ինքը հասցրեց էդ բարձունքին: Էդ լեզուն գժվելու բան է: Բայց չէ՞ որ էդտեղից Կարսի այգում տղան էդ գիրքը գրպանում` Չարենց դարձավ, է՜, տես ի՜նչ ռումբ էր էդ գիրքը նրա ձեռքին:
Միտքս ամբողջացնելով պիտի ասեմ, որ ոսկի թորելու է՜ն նուրբ աշխատանքն է Տերյանից երաժշտություն բերելը, այո՛, ոսկի թորելու պես բան է Տերյանից երաժշտություն բերելը:
-Շնորհակալ եմ, մաեստրո:
-Մենք երկուսով շնորհակալ լինենք Տերյանին

Տերյանը ՝ բանաստեղծ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: … Փետրվարի 9-ը նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Տարին հոբելյանական է, քանի որ նշվում է Տերյանի ծննդյան 130-ամյակը: 

Ավետիք Իսահակյանը նշել է. «Նա (Տերյանը) մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»: 

Վահան Տերյանը  (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան)  ծնվել է 1885 թվականին Գանձայում: Սովորել է Գանձայի ծխական, Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, այնուհետև՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1908-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն: 1913–17-ը Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել հայագիտական  առարկաներ, մասնակցել Վալերի Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը: 1914 -ին բանաստեղծը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցմամբ:  1917-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 1919-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին` Օրենբուրգում վախճանվել է:

«Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է»,-մի առթիով ասել է Տերյանը, և առաջնորդվել այդ գաղափարախոսությամբ

Վահան Տերյանի կենսագրոըթյուն

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր ՄյասնիկյանիՊողոս ՄակինցյանիՑոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

19151916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ։

Հասարակական և պետական գործիչ Տերյանը

1914-1915 թթ. ընթացքում Վահան Տերյանի՝ Նվարդ Թումանյանին ուղղված նամակները բացառապես հայրենիքի ցավով տառապող բանստեղծի հոգու արձագանքներն են: Այդ նամակներից մեկում գրում է.  «Դուք երևակայել չէք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում է մի ներքին կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Հայրենիքի ցավը մեզ այնպես է ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է, դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը»:

1918 թվականին Տերյանն իր անմիջական մասնակցությունը ցուցաբերեց Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմի թոհուբոհում հայտնված հազարավոր հայ փախստականների փրկության գործին: Օգտագործելով խորհրդային կառավարության կողմից տրամադրված ավելի քան 6 միլիոն ռուբլի գումարը և 2 վագոն դեղամիջոցներն ու այլ ապրանքները, նա, վտանգելով իր կյանքը, գլխավորում էր Մոսկվայից ժամանած բժշկա-սանիտարական խումբը և անձամբ էր զբաղվում փախստականներին տեղի հայերի տներում և այլ կացարաններում տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ստեղծում էր աշխատատեղեր, ապահովում էր նրանց անվտանգությունը: Ընդսմին, պոետը, որին նրա լիրիկական բանաստեղծությունների պատճառով շատերը պատկերացնում են որպես երկչոտ և թախծոտ մարդ, ցուցաբերել է նախանձելի քաջություն և սառնասրտնություն` փրկելով իր պայուսակում պահվող 6 միլին ռուբլին, երբ գնացքը, որով նա մեկնել էր Կովկաս, գրավել են ավազակները: Նույնպիսի քաջություն պոետը ցուցաբերել է նաև Հյուսիսային Կովկասում, որտեղ տեղի իշխանությունը ներկայացնող որոշ կոմունիստ ղեկավարներ զենքի սպառնալիքով պահանջել են, որ Տերյանն իր մոտ եղած գումարները տրամադրի իրենց կոմունիստական կարիքների համար:
Վահան Տերյանի այդ հայրենասիրական պահվածքի համար նրան մեղադրել են հայ նացիոնալիստ լինելու մեջ, քանի որ խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված բոլոր գումարները նա օգտագործել է բացառապես հայերին օգնելու համար: Հյուսիսային Կովկաս կատարած իր առաքելության շրջանակներում Վահան Տերյանը օգնել է նաև տեղի շնորհալի հայ երիտասարդներին, որոնցից մեկն էլ քանդակագործ Երվանդ Քոչարն էր: Տերյանը տրամադրել է նրանց փաստաթղթեր ու գումար և բացատրել է, թե ինչպես պետք է նրանք քաղաքացիական կռիվների հրում հայտնված իրենց բնակության վայրերից հասնեն Մոսկվա, որտեղ կկարողանան սովորել և հղկել իրենց բնատուր տաղանդները: Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ Տերյանը Մոսկվայում նույնպես հովանավորել է նրանց: Նշենք, որ Կենտգործկոմի` իշխանության այդ ժամանակվա բարձրագույն մարմնի նախագահը Լենինն էր:

Ձախ էսէռների 1918 թվականի հուլիսի 6-ի մոսկովյան խռովությունից հետո, երբ Լենինի հրամանով փակվել էին բոլոր «բուրժուական» կազմակերպությունները, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվել էր, Տերյանը փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Նա, հղում կատարելով 1918 թվականի հուլիսի 19-ի Լենինի կարգադրությանը, ըստ որի Հայկական գործերի կոմիսարիատին պետք է հանձնվեին Ռուսաստանում գտնվող բոլոր ոչ կոմունիստական հայկական կազմակերպությունների փաստաթղթերը, շինությունները, ունեցվածքը և կապիտալը, թույլ չի տվել, որ չեկիստները բռնագրավեն Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Տերյանը կողպել և կապարակնքել է եկեղեցու դռները, այդպիսով փրկելով նրա մեջ գտնվող գանձերը, որոնք հետագայում, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, վերադարձվել են Սբ. Էջմիածնին:
Տերյանը նամակներից մեկում այսպես է գրում .«…գուցե դրա համար է այրվում իմ հոգին,որովհետև իմ հոգու մեջ Նաիրյան չքնաղ հոգին է այրվում: Եվ ես սկսում եմ զգալ ինձ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է Նաիրյան բարձր հոգու տառապանքը կրել իրենց հոգու մեջ»:

Վահան Տերյանը չի ընկրկել, կռիվ է տվել Լև Տրոցկուն և Իոսիֆ Ստալինին` պաշտպանելով Հայկական հարցի հայանպաստ լուծումները, ինչի համար արժանացել է նրանց թշնամանքին:

Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի բանակցությոնների ժամանակ, որոնց Տերյանը մասնակցել է որպես խորհրդական` առանց ձայնի իրավունքի, հերթական բուռն վեճից հետո զայրացած Տրոցկին Տերյանին կոչել է «արմյաշկա» վիրավորական անունով: Տերյանը բողոքել է հայկական տարածքները Թուրքիային հանձնելու Լև Տրոցկու մտադրության դեմ` որպես իր բողոքի փաստարկ ներկայացնելով Մոսկվայից իր պահանջով ստացված փաստաթղթերը: Դրանք վկայում էին, որ մինչ Առաջին համաշխարհային պատերազմն ու Մեծ Եղեռնը հայերն այդ տարածքներում կազմել են բնակչության մեծամասնությունը:
Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինը իհարկե չէր կարող համակերպվել և հանդուրժել այդպիսի սկզբունքային, անվախ և հայրենասեր տեղակալի, որը Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարն էր և Վահան Տերյանին հեռացրել է պաշտոնից` առանց պատճառների մասին հայտնելու: Ի վերջո, Ստալինը գտել է Տերյանից ազատվելու ձևը` նրան գործուղել են Պարսկաստան և Թուրքիա` Թուրքեստանով: «Ժողովուրդների հայրը» ըստ երևույթին հաշվարկել էր, որ Տերյանին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին: Չէ՞ որ տուբերկուլյոզով ծանր հիվանդ Տերյանի համար դա իսկական մահվան ճամփա էր, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհ այդ օրերին գոյություն չուներ` փակ էր քաղաքացիական կռիվների պատճառով, իսկ վագոնները չէին տաքացվում:

«Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում ու կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է- այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ»:

«Կարդում ենք Տերյան» նախագիծ

Նախագծի ժամկետը`փետրվարի 3-ից մարտի 13
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Հասարակական և պետական գործիչ Տերյանը
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանի աշխարհը նամակներում
Հայ գրականության գալիք օրը՝ ընթերցում, քննարկում
«Մթնշաղի անուրջներ», «Երկիր Նաիրի» ժողովածուներ
Տերյանի կանայք
Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ

Առաջադրանքներ:
Ծանոթանալ  Տերյանը` գրական հայերենի հիմադիր նյութին:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2 բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը: