Ձեռնածուն

Օդակայանը կեսգիշերին դատարկ էր,Եվրոպայի չվերթները սպասարկող անձնակազմը կիսաքնած սպասում էր շաբաթվա վերջին օդանավին։ Այս չվերթով էր ժամանելու Կաֆոսկարիի համալսարնի պրոֆեսոր Ալբերտո Ալտիանին. նրա արշավախումբը հավաքվելու էր վաղ գարնանը։ Այս հետազոտությունը շատ վաղուց նախաձեռնել էին Վենետիկի համալսարանում, բայց շատ ջրեր էին հոսել այդ ժամանակներից, ու պրոսֆեսորը այստեղ էր եկել Մխիթարյան հայրերի վկայություններով ու նրանց կազմած քարտեզներով։
Խումբը կազմված էր հինգ-վեց անդամներից. մարտին նրան միանալու էին գերմանացի ճարտարապետ Հանցհոլֆը, մի իռլանադացի մարդաբան՝ Սվիրցկի ազգանվամբ և աբբահայր Ներսես-Պետրոս Պալյանը։ Աբբահայրը Մխիթարյան հայրերից էր և Վենետիկում գիտնականներին հին հայերեն էր սովորեցնում։ Սուրբ Ղազարի կղզում վերջին հանդիպմանը Պալյանն ակադեմիայի մեծ սրահում ճկասուսերով հատում էր օդը, թեթև շարժումներով սահում բյուրեղյա հատկին և փորձում որսալ իր վերևում կախված թափանցիկ մնջկատակին: Սա բնագետ էր, մեծ «LABORATORIA» և ծիծաղելի արտաքին ուներ, տարօրինակ վարք։ Ալտիանին պատմում էր, որ աբբան բարձրացել էր Պիզայի վերնահարկն ու ձայնով մեկ ինչ-որ թռչնի մասին երգ երգել՝ «գռունգ» էր կարծես այդ արարածի անունը։
Աբբահայրը, աջ ձեռքն առած վեղարի փեշը, ճկասուսերը դրել էր Ալտանիի պարանոցին և հարցրել .
-Ի՞նչու ես եկել ․․․
-Այս ի՜նչ խեղկատակություն է, – բարկացած պատասխանել էր պրոֆեսորը:
-Դոմինիկյանններն արգելում էին կատակակերգությունը, որովհետև երբ մարդը սկսում է ծիծաղել, դադարում է վախենալ,– հուպ տալով սուսերը Ալտանիի պարանոցին՝ հռհռալով պատասխանեց աբբան:
-Փոքր-ինչ լրջախոհ եղեք, հայր սուրբ, – սարսափած արձագանքել էր պրոֆեսորը:
-Աշխարհի մեծագույն աղետների համար պարտական ենք լրջախոհներին։
Դե նա էլ մատով շեղբը դեն էր հրել և ասել.
… «Poeta, io ti richeggio
per quello Dio che tu non conoscesti,
acciò ch’io fugga questo male e peggio,
che tu mi meni là dov’or dicesti,
sì ch’io veggiala porta di san Pietro
e color cui tu fai cotanto mesti».
Ասել կուզեմ, որ կարևոր առաջարկ կա «Սոթբիի» աճուրդի տնից, և հարկավոր է մեկնել Արևելք ու հետազոտել քրիտոնեկան որոշ սրբություններ։ Մեկնարկային գները նման առարկաների համար անցում են մի քանի միլիոն եվրոն։ Տասնյակ կոլեկցիոներներ ֆիանանսավորում էին հետազոտությունները և փորձում պատերազմող Արևելքից «փրկել» քրիտոնեական անգին մասունքները։
-Ահա՜, փաստորեն խաչակրաց արշավանք եք նախաձեռնել, հարգելիս, – իջեցնելով լյուդովիկյան սուսերը ասել էր աբբան, – ես կգամ, բայց նախ դուք մեկնեք: Ես կմիանամ գարնանը, երբ թույլտվություն վերցնեմ Վատիկանից։
-Անգլիանցիները փնտրում են «Խոտակերների» մասունքարանը, նրանց հավստմամբ հենց այդտեղ է պահվում խաչափայտի կտորը, – նամակը ցույց տալով աբբահորը՝ ասել էր պրոֆեսորը։
-Լավ, հիմա կտեսնենք՝ ինչ հետքեր կան այս մասունքարանից։ – Ասել էր Պալյանը և սուսերը դեն նետելով, ակնոցը աչքերին դնելով՝ առաջնորդել նրան դեպի գրադարան։
Նրանց որոնումները մի քանի օր էին տևել, և, ինչ-որ ճամփորդական հուշագրություն գտնելով, աբբան իտալացուն էր տվել կրկնօրինակն ու իր մասնավոր նամակն՝ ուղղված Մայր Աթոռի դիվանապետին։
Մինչև մարտ Ալտիանին ապրեց Մայր Աթոռում: Ջահել սարկավագների հետ հաճախ էր թափառում, իր սիրելի երիտասարդների հետ թաքուն գինարբուք էր սարքում, խմեցնում նրանց, վերջում մխիթարում, որ դեռ ձեռնադրված չեն ու անպայման Բոկաչչոյից ինչ-որ պատմություն էր հիշում։ Ճեմարանի տեսուչը մի օր բռնացրերց նրանց ու երկու երիտասարդին ուզում էր հանել հոգևոր դասից։ Դե պրոսֆեսորն անձամբ ներողություն խնդրեց եպիսկոպոսից ու հավաստիացրերց, որ էլ երբեք չի կրկնվի նման դեպք, վերջում այդ երկուսի հետ հաղթանակը նշելու համար երկու շիշ դատարկեց ու ճանապարհեց նրանց ննջարանները։ «Մարդ-ակադեմիա»՝ այսպես էր հաճախ իր նոթատետրում անվանում նրան դոկտոր Հանցհոլֆը, որ նրա կատարյալ հակապատկերն էր։
Մինչև մարտ մնացել էլ մեկ շաբաթից էլ քիչ: Իտալացին ամեն օր զուգվում-զարդարվում էր և ներկայանում տաճարի ձեռագրատան տեսուչին, ով թարս-մարս էր նայում եվրոպացուն և նրան ձևամոլ համարում։ Մի քանի օրվա մեջ նա հասցրեց քրքրել ձեռագրերի մայր ցուցակը, ծանոթացավ գանձատան հավաքածուին, տեսավ այն գաղտնի պահոցը, որ կնքված էր պատրիարքական կնիքով։
Ալտիանին վերջին պատրաստություններն էր տեսնում, մի քանի լուրջ գործարարների համոզել էր ֆինանսավորել այս արշավը և խոստացել էր վերադառնալ հարուստ բացահայտումներով ու գիտական ավարով։ Վաղ քրիստոնեական այս հարուստ երկրի ամեն քառակուսին մի հնություն ու գանձ է թաքցնում, և երջանիկ էին նրանք, ովքեր լեզու էին գտնում «կաշառվող» հայերի հետ։
Հանցհոլֆի փնտրտուքների շարժառիթն իր դոկտորական ատենախոսությունն էր, Գրաբարը նրանից մեծ ակնկալիքներ ուներ, և, վերջապես, սա հավակնում էր դառանալ Պինակոտեկայի ղեկավարը, իսկ այս պաշտոնը բանականաբար «գեղեցիկ աչքերի» համար չեն տալիս։ Իռլանդացի գիտնականը դասավանդում էր Կաֆոսսկարիում, նա բժիշկ էր՝ գենետիկայի մասնագետ, ով ծերացող մարդաբանական տիպերի հետազոտմամբ էր զբաղված, հիրավի լրջմիտ դեմք էր, բարեսիրտ ու երբեք չէր խառնվում այն հարցերին, որոնք դուրս էին իր ոլորտից և արվեստից։ Ամեն բան պատրաստ էր, հաջորդ երկուշաբթի նրանք կմեկնեն արգելոցի խորքերը։ Ով գիտեր, գուցե այդ խելքները թռցրած կղերականները պարզապես լեգենդներ էին հյուսել, և ոչինչ էլ չկար աշխարհից մոռացված այս անկյունում։
Գարնան բացվելու պես բոլորը կապեցին ճամփորդական պայուսակները և տարբեր ուղություններով ժամանեցին այն փոքրիկ երկիրը։
-Գրողի տարած անգլիացիներ, բայց արի ու տես, որ շնորհակալ եմ նրանց այս այցի առթիվ,– օդանավի կամրջակին շշնջաց աբբան՝ նայելով քաղաքի համայնապատկերին։
Նա իր հետ էր վերցրել նաև հուշագրության բնօրինակը. պայուսակը ձեռքում պահեց մինչև կհասնեին «Kongress » հյուրանոց։ Ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է այդ թավ մորուքով, լայնեզր գլխարկով օտարերկրացին, որ ժամանել էր Հռոմի չվերթով։
***
Ձորաբերանին մեքենաները կանգ առան, և նրանց միացան երկու տեղացիներ, ովքեր լավ գիտեին լեռնային նեղ արահետները։ Հեռվում՝ բլրի բացատից երևում էր կամրջակը, որ նշված էր ճանապարհացույցում, փոքր-ինչ հյուսիս ճարտարապետը նկատեց ինչ-որ շինության մնացորդներ ու տղաներից մեկի հետ կտրվելով խմբից` առաջացավ դեպի զառիթափը։
-Ահա ուրեմն, սա բազիլիկ է,– ասաց նա քթի տակ մռթմրթալով,- և, ինչպես երևում է, տղա՛, միանավ է , բայց այստեղ նաև մկրտարան կա, ահա զոհասեղան, ի՜նչ էլ խորն է անդունդը։ Երիտասարդը գլուխը տմբտմբացնելով հետևում էր նրան։
Մնացած խումբը տեղորոշիչ սարքերով մետր առ մետր քննում էր տարածքն ու առավել հեռու դիտվող տեսադաշտը։ Ամեն հաջորդ կիլոմետրին անտառն ավելի է սաղարթ էր դառնում, բայց վայրի գազաններ չէին երևում այդ հատվածում, առհասարակ, կենդանի շունչ չկար։ Աբբահայրը փլվածքնենր էր դիտարկում միայն՝ մի գլուխ քարաբեկորներ, որ պոկվել էին ժայռերից ու փակել արահետները։ Նա հեռվում նկատեց մի աղբյուր, որից կարմրորակ ջուր էր դուրս գալիս։
-Պրոֆեսո՛ր, մի էստեղ եկե՛ք, տեսնո՞ւմ եք այս աղբյուրի ակը, սա արտեզյան ավազան է, որը երկար պատմություն չունի, նույնիսկ տեղագրության մեջ չի հիշատակվում։
-Այսինքն՝ նոր բնական երևույթ է, որ ի հայտ է եկել վերջին շրջանում,– կզակը տրորելով ասաց իտալացին
-Այո՛, թերևս երկրաշարժից է գոյացել, իսկ կարմիր գույնը բազմամետաղային հանքերի մասին է հուշում։ Այստեղ խախտվել է սեյսմիկ գոտին, փլվածքներն էլ են դրանից։
Առաջին օրերը անցանում էին ապարդյուն, իռլանադացու և հոգևորականի մանր հիպոթեզներն արդեն բարկացնում ու հուսահատեցնում էին արշավախմբին։ Ճանապարհն ավելի դժվարանացանելի էր դառնում ու կեսօրից հետո աշխատել անհանար էր մառախուղի պատճառով, բջջային կապն անագամ չէր գործում։ Լեռնալանջերի մեջ նրանք վրաններ էին խփել, ու մի քանի օր ոչ մի տեսակի սարք չէր միանում։ Բժիշկն ու գերմանացին հուսահատությունից հումոր էին անում, իսկ Սվիրցկին քթի տակ ինչ-որ երաժշտություն էր մրմռում։ Ալտիանին զգուշացրերց, որ մթերքը սպառվում է, իսկ հետադարձի համար ճանապարհ նշմարելն իսկ անհնար էր եղանակի պատճառով։ Հաջորդ օրն անսպասելի կերպով Հանցհոլֆի աչքերը բոբոքվեցին, հետո քիթն արնահոսեց. նա եկել էր կատարյալ առողջ, բայց այստեղ գերմանացու առողջությունը տեղի էր տալիս։ Ոտքերն ուռել էին ու շուտով ճարտարապետն անկարող էր քայլել։
-Դե ՛, մի բան արա՛, նա մեզ շատ է անհրաժեշտ, – ասաց Ալտիանին բժիշկ Սվիրցկուն,- եթե այսպես շարունակվի, ստիպված կլինենք դատարկ հետ դառնալ։
Բժիշկն անխոջ ուսումնասիրում էր բույսերն ու հողը ու առաջանալով նկատել էր, որ տափարակի եզրից ամեն բան իսպառ բացակայում է։ Նա հետ դարձավ և համոզված ասաց, որ գտել է անապատը։
-Լավ, լավ, հիմա տեսնենք՝ ի՞նչ է այստեղ ասվում, – քննախույզ ու մտահոգված ասաց աբբահայրը։ – Տեսեք ուրեմն. Խոտակերների վանքը գտնվում է համանուն անապատում և լքվել է միայն 15-րդ դարում, այն զերծ է մնացել թուրքական ու մոնղոլական ցեղերի արշավանքներից, քանի որ ոչ մի մարտիկ ի զորու չի եղել մուտք գործել անապատ։ Մարդիկ խիստ տկարացել են, թուլացել և թունավորվածի նման ուշաթափ եղել։ Սա կապել են հրաշքի հետ. իբրև այստեղ ամփոփված մասունքը պահապանել է վանականներին ու տաճարը։ Այն անձը, որ կհանդգնի գողանալ կամ վնասել սրբությունը, պղծել մնջկատակի հիաշատակը, անիծված կլինի իր սերունդներով:
-Արևելյան եկեղեցու վարքագրություններում չկա հիշատակություն Խոտակերների սրբի մասին, առահասրակ, նրանց ինքնանվանումն է հետաքրքիր ՝«ԽՈՏԱԿԵՐ», նույնն է, թե բուսակերներ են եղել, բայց ինչո՞ւ։- Ինքն իրեն մտածում էր պրոֆեսորը։
Գիշերվա կեսին վրանի առաջ կրակ վառեցին ու նստած փորձում էին չորանալ կիսաթաց, խոնավ անտառից։ Գիտանակնները մտքեր էին փոխանակում, Սվիրցկին մտահոգ էր, որ իրեն անհրաժեշտ ոչ մի նյութ դեռ չէր գտնվել, գերմանացին ցույց էր տալիս աբբային իր չափագրած մի քանի քարի կտորն ու վաղ քրիտոնեական վկայարանի հատակագիծը։ Ալտիանին լուռ ու մտահոգ նայում էր թեժ կրակին, որ շարունակ բորբոքում էին տեղացի տղաները։ Ալտիանին բավական լռելուց հետո հարցրերց աբբային.
-Հա՛յր սուրբ, հուշագրության մեջ ինչ-որ տոնի մասին է խոսք գնում, ինչ-որ ժանգլիորների, ովքեր վանքապատկան կալվածներ էին գալիս ու ժողովրդին ուրախացնում, նրանք պարերգական թատերախմբեր էին, որ իրենց հետ բերում էին նաև խեղված մարդկանց, ովքեր այլանդակ տեսք ունեին և ծաղրի առարկա էին, որպես անիծվածներ Աստծո կողմից։
-Այո՛, պրոֆեսոր: – քննող հայացքով ասաց Պալյանը, – Այդ տոնը բարեկենդանն է, որ հար նման է Եվրոպայում հայտնի դիմակահանդեսներին, ասում էին, որ այն ամենասիրելի տոնախմբությունն էր ռամիկների կողմից, դա մեկ շաբաթ էր, որի ժամանակ ծառաները տեր էին դառնում, իսկ տերերը՝ ռամիկներ։ Ազնվականներն ու հոգևորականները մատռվակում էին ճորտերին, նրանց կանայք ոսկեթել հանդերձներ էին հագնում, իսկ խեղկատակները ծաղրում էին տերերի անօրինությունն ու վայրի բարքերը։ Ամենուր որսորդություն էր և գինարբուք։
Հանցհոլֆը տնքտնքալով, բժշկի թևն ընկած, մուտք գործեց շիկահող անապատը, մնացածները հետևեցին նրանց: Սարսափելի էր նաև տղաների ինքնազգացողությունը, ովքեր երբեք ոտք չէին դրել այս կողմերը։ Գիշերը մղձավանջային էր, բոլորը գալարվում էին ստամոքսի ցավերից։ Աբբահայրը գլուխը դրած մի սալի ուզում էր քնել։
Առավոտը բացվեց: Հոգնած ու թույլ գիտնականները մարմիններն էին շարժում ու փորձում թարմանալ։ Մեկ էլ լսվեց Ներսես-Պետրոսի ճիչը.
-Գտա՜, գրողը տանի, այս է, որ կա բանալին ժ։
-Ի՞նչ գտար, ինչ է նշանակաում այս հողմահար սալաքարը,- զարմացած հարցրեց իտալացին։
– Կողքի գրությունը տես, երիզով ձգվում է ու օղակում ողջ քարը։ Քարի երեսին ժապավեններ ու գնդեր են փորագրված
– Ե՞վ:
-Եվ այն, որ սա մնջկատակի գերեզմանն է, – ուրախացած ասաց աբբահայրը։
-Բայց դա ի՞նչ կապ ունի։
– Է՜հ, հարգելի՛ս, դու գիտես հայերեն, բայց ոչ իմ չափ,- քմծիծաղով ասաց նա։
-Այս հիշատակարանի վերջին հատվածում զարդագիր տեքստ կա, որը ամրացրել են կաշվե կազմին, և դու չես նկատել այն։ – Նա փոքրիկ շեղբով քանդեց կազմաստառը և սկսեց կարդալ գրվածքը։
«Բարեկենդանի տոնին Աստվածային լույսով օրհնված համրը մուտք գործեց վանք, նա ձեռնածու էր, և Աստված առել էր նրանից խոսելու ձիրքը։ Վանականներն արգելեցին խեղվածին մտնել տաճար, և նա վանահոր ոտքերն արցունքներով լվաց, համբուրեց և իր քղանցքով մաքրեց դրանք։ Հայրը ողորմաց նրան և թույլատրեց աղոթել։ Նա փակեց բևեռապինդ դռները տաճարի և ողջ գիշեր պառկեց խորանի մոտ, լուսաբացին չբացեց դռները և կասկած հարուցեց վանականների մոտ։
Ձեռնածուն կախված թռիչքներ էր գործում ջահերի վրայով, օդում ձգում էր մարմինը, գնդեր խաղացնում, օղակներ էր թռցնում ու քղանցքը օդում պտտելով լայնակի պարույրներ էր անում, դիմակներ դրած կենդանիների կերպեր էր առնում։ Մի ամբողջ օր, արյուն թքելով, նա ցուցադրում էր իրեն շնորհված ձիրքերը, իսկ անհանգիստ վանակնները փորձում էին կոտրել բևեռապինդ դռները։ Եվ երբ վերջին պարույրից դադրած ու քրտնաթոր ձեռնածուն շունչն էր փչում խավարի մեջ՝ խորանի առաջ, վանականները կոտրեցին դուռը և տեսան Աստծո հրաշքը. Սուրբ կույսը հայտնվեց բոցվառվող իր հանդերձներով, ճառագեց մահկանացուների առաջ և լուսե թաշկինակով մաքրեց ձեռնածուի քրտինքը, փակեց նրա աչքերը, հոգին դասելով Աստծո աջին»:
-Այսպես է եղել պատմությունը, և անապատի սուրբը հենց ինքը ձեռնածուն է, պրոֆեսոր Ալտիանի՛։ Վանականները այս դեպքից հետո ուխտ են անում սնվել միայն խոտերով և չեն որսում կամ պահում ոչ մի կենդանի արարած։ Եվ մասունքն էլ հենց մնջկատակից պետք է վերցրած լինեին։
– Հիացած եմ, հայր սուրբ , ձեր բացահայտող տաղանդն անսպառ է:
– Աստված օգնական հարգելիս, –ասաց աբբահայրը իտալացուն։
Հաջորդ օրը քիմիական թեստը, որ անց էր կացնում իռլանդացի բժիշկը նոր բացահայտում արեց։ Այն ապացուցեց , որ տարածքում գտնվում են ոչ խորքային ուրանի հանքեր, որոնք իրենց ճառագայթման արդյունքում առաջացնում են առողջական այդ սիմպտոմները, և, ըստ էության, հենց 15-րդ դարում եղած սեյսմիկ ցնցումերի արդյունքն էր դա։ Հենց այս պատճառով էր լքվել մենաստանը և շիկահողի անապատը նախկինում հիանալի այգիներով ծածկված սարահարթ է եղել։
Տաճարի ավերակների տակ՝ դեպի ձորաբերանը, փոքրիկ դմաբրան կար՝ վերգետնյա շիրմարկղերով։ Ալտիանին և Սվիրցկին մի կերպ հրեցին և բացեցին կափարիչը, բժշկի ուրախությանը չափ ու սահման չկար. նրա երկար չարչարանքները հատուցվեցին։ Նա ոսկորների մնացորդներն ուղարկեց Անգլիա հետազոտման և հետագայում մի ողջ մենագրություն գրեց անոմալիայից մեռածների մասին։
Հանցհոլֆի դոկտորական ատենախոսության համար առատ նյութ կար այստեղ. նա հայտնաբերել էր նորատիպ խոյակներ, քանդակային հարդարանք և հոյակերտ չփլված կամարներ։ Աբբահյարը լցրերց իր նոթատետրը վիմագրերով և չափագրումներով։ Իսկ այն, ինչ փնտրում էր պրոֆեսորը, գտնվեց խորանի փլատակների տակ։ Նա երեք օր շարունակ գերմարդկային ճիգերով քանդեց սալարկղերը և, քանդելով հողը մոտ հինգ մետր, գտավ մասունքարանը և մի ողջ օր, իր հաջողություից դադրած, քնեց վրանում։ Մանսունքարանը հադիսավոր կնքեց աբբահայրը։
-Որտե՞ղ է հայր սուրբը, – արթնանալով հարցրեց իտալացին և սկսեց վախեցած փնտրել գտածոն։
-Մառախուղը ցրվելուն պես տղաներից մեկի հետ գնաց ջուր բերելու, բայց արդեն երկու ժամ է՝ չկան, – պատասխանեց Սվիրցկին ։
-Գրողը քեզ տանի քեզ, աղվե՛ս, – բարկացած գոռաց տաքացած Ալտիանին։
Ներսես- Պետրոս Պալյանը փոշեթաթախ, կեղտոտ իջավ մեքենայից, բանալին կախելով գոտկատեղից՝ շտապեց դեպի եպիսկոպոսի նստավայրը։ Աբբայի ձեռքում կտորի մեջ փաթաթված ոսկեհուռ մասունքարանն էր։ Նա հանդիսավոր համբուրեց տաճարի դուռն ու, խորանի առաջ ծնկաչոք սահելով, վկայարանին դրեց «ԽՈՏԱԿԵՐՆԵՐԻ» մասունքարանը։
Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ ահաւոր,
Որ չթափանցի երկիւղըդ այնտեղ:
Թող որ չլինեմ ես անպտուղ` փոքր այս վաստակիս մէջ`
Անբերրի հողում, իզուր, ապարդիւն սերմանողի պէս:
Չլինի, որ երկնեմ ես, եւ չծնեմ,
Ողբամ` եւ չարտասուեմ, խորհեմ` եւ չհառաչեմ…
Առաքելական եկեղեցին աբբահորը արքության տիտղոս շնորհեց, իսկ Ալտանին հեռացավ այս երկրից դատարկաձեռն ու կատաղած։ Պրոֆեսոր Հանցհոլֆը հասավ իր բաղձալի պաշտոնին և իր հետ տարավ իտլացուն։ Հիմա երկուսն էլ բուժվում են արյան քաղցկեղից՝ Գերմանիայի առաջնակարգ կլինիկաներից մեկում։

Թորանջ

Օրն իր հանդարտ ու սահուն ավարտն էր առնում, գետի ցամաքած հունը արձագանքում էր մարդկանց ոտնաձայներին, ովքեր կոխկրտում էին ծարավ կենդանիների նման դեռևս կանաչ ու մամռակալած, կիսաճաք հողը։ Արևը ծայրեծայր խմել էր Զենդե-Ռուդը ու հիմա ջրաքամ հողը տապ էր շնչում, բորբ ու ցամաքեցնող ճառագայթները աչք էին կուրացնում, ու մարդիկ թափվում էին կամուրջների հով ստվերների մեջ:
– Աղա՛, մի քսան – երեսուն տարի առաջ պիտի տեսնեիր, թե ինչ հոյակապ տեսարան էր էստեղ. մարդիկ լաստերի վրա ղալիան էին քաշում ու ողջ օրը ծույլ մրափած էին ծառերի հովին, ղահվեխանեում թուղթ էին խաղում ու մինչև էդ թվերը կամուրջներին ուղտեր կտեսնեիր, որոնք թորանջ ու կիտրոն էին բերում մեծ շուկա։ Ոսկի ու կտոր էիր ուզո՞ւմ, հազար մեկը կտեսնեիր, զաֆրան ու թեյը քիլոմեթրերով փռած էին փողոցներում, հացը՝ մի թըման էր, հիմի՝ հազար է դառել…
Ահռելի ու խտաբնակ մայրաքաղաքը այքան էր մեծացել, որ նախկին կենտրոնը դարձել էր ծայրամաս և իր հին պալատներով ու այգիներով դասական արևելքի կտավ էր հիշեցնում։ Ջարդուփշուր եղած տաքսիները մեր ուղեկիցներն էին ու դրանց մեջ այնքան պատմություններ լսեցինք, որոնք հերթագայելով՝ շարունակում էին միմյանց մտքերն այնքան պարզ պատկերներով, որ օրերը շարժանկարներ էին թվում։ Ամեն զրույց իր վերջաբանում անդրադարձ էր անցյալին, ամեն մեկն իր պատմություններն ուներ մինչև 78-ը, մինչև պարզ մարդկանց «խիստ հոգևոր» կենսակերպը։
– Հիմա ո՞ւր ենք գնում -, հարցրի ես տիկնոջը, ով դրամապանակն էր քրքրում:
– Նիավարան՝ դեպի քաղաքի հյուսիսը։
– Այնտեղ գոնե հո՞վ է։
– Իհարկե, այնտեղ թագավորական ամառանոցներն էին մի ժամանակ, հիմա քաղաքի մասն են դարձել։
Գիտեք սարսռեցնող և տպավորիչ է տեսնել այդչափ բարձրաճաշակություն և զսպված շքեղություն։
Ինչպիսի՞ ճակատագիր է վիճակվում անշրջահայաց մեկին, ով հարբում է սեփական փառքից։ Պետք է խոստովանել, որ իրականում անտանելի է թղթի առաջ նստել ու պատմել մի ողջ ժողովրդի էպիկական շրջադարձի մասին, հետո դառնալ այդ ժողովրդի մի ստվար հատվածի մարմնավորումը։ Ռեզա շահը իր կենսագարական քրոնիկներում անդրադառնում է Իրանի պատմությանը՝ հոր գահազրկմանը և աքսորին, Անթոնի Իդենի այցին, Սառը պատերազմին, Ղավամ Սալթանիի քաղաքականությանը, սովետական էքսպանսիային և իրանա-ամերիկյան հարաբերություններին։ Պայթում է հեղափոխությունը:
Կայսրուհի Ֆառահը դեռ ողջ է և ապրում է Փարիզում, իսկ ես Սադոբադի պալատում նայում էի նրա ամուսնական զգեստին, շահի թագադրության զինվորական համազգեստին: Ինչ – որ բան այն չէ. ազնվական փայլից փոշին է մնացել։ Տեսնելով այսքանը՝ հասկանում ես, որ աշխարհում ոչինչ ողբերգական չէ. ո՛չ կայսրությունների փլուզումը, ո՛չ արվեստի ու մշակույթի մահը, ո՛չ էլ հույսերի ու փառքի ավերումը: Ողբերգական է միայն մարդը և նրա գոյության սահմանափակ ժամանակը։ Ամեն բան ածանցյալ է: Ժամանակը հիմնահատակ կավերի այս հարստությունն ու դղյակաները, բայց մարդի՜կ, մարդի՜կ, նրանք կմնան հավերժ…
Նրանք դեռ ողջ են և ձեզ ի՞նչ է թվում, ինչու՞ են ցուցադրում այս ամենը հասարակ մարդկանc…Մի իմաստուն մարդ մտլեով EL PRADO ասել է.
– Թանգարաններն առհասարակ մեծ գերեզմանատներ են։
Ինքաթիռը թռչում էր անապատի վրայով, ու մենք գնում էինք երկրի խորքերը՝ դեպի այն երակը, որտեղից մի ժամանակ բխել էր արևելքի պերճանքն ու իմաստությունը, պոեզիան ու արվեստը, ինձ թվում էր, թե այդ երկրում պատմությունն ամենուր հետևում է մարդկանց։ Գիշերվա կեսին երևացին Սպահանի լույսերը։
Քաղաքի ու մարդկանց մասին էր պատմում թափված ատամներով ու յուղոտ կեղտաբծերի մեջ կորած շապիկով մարդը, ով փռում կանգնած՝ հացի վրայից քարերն էր պոկում ու օդում տատանելով հովացնում էր բարակ ու անուշահոտ սանգակը։
– Խանում, համեցի՛ր, նստի՛ր, ձեռքդ չցավի… Ու՞ր եք ուզում գնալ,- խորամանկ ու պլպլան աչքերով հարցրեց վարորդը։
– Քշե՛ք վանք՝ Ջոլֆա,- պատախանեց կինը ձեռքի թեթև շարժմամբ՝ գլխաշորով ծածկելով շքեզ մազերը: Նրա ակնոցների մուգ ապակիներին հայելանում էին փողոցների վազող առվակներն ու ծառերի ձևախեղված արտացոլումները։ Կինը մեղմ ժպտում էր՝ շփելով ու հովացնելով երեխային։Նրա ոսկրոտ ձեռքերը հայտնվում էին ծնոտի հանդիման, ու ձևված մտածկոտ շարժապատկերը թվում էր կրկնատեսիլ, որ երևում է մարդուն մի հազար անգամ։
– Քիլիսե Վա՞նք փողոց…
– Այո՛, դեպի փոքրիկ հյուրատունը…
– Աչքիս վրա, խանու՛մ։
Տիկինը խոսում էր պարսկերեն ու բացատրում, թե որտեղից ենք ու ինչ ենք ուզում։ Վարորդը թավրիզցի էր ու պատմում էր հարուստ հայերի մասին, որոնք էս կողմերում հայտնի մարդիկ էին եղել ու իր քաղաքում էլ նրանք շատ էին ու ազդեցիկ։ Հայերն առհասարակ հայտնվել էին ու սկսել առևտուր անել, նրանք լավ էին տալ-առնելու մեջ, հետո խելոք էին ու արդարամիտ, դե իսկ շահն էլ նրաց հրամայել էր հավաքել եղած – չեղածն ու տեղափոխվել նոր շինվող մայրաքաղաքը։
Վանքի բարձր պարսպի առաջ մանրավաճառները հնոտիք էին պտտում ու փորձում ծախել ձեռքների եղածը, եկեղեցիներն իրար թիկնած գմբեթներով բաժանվում էին շնչահեղձ անող նրբանցքներով, կառուցվել էին իրար մոտ, ու կարծես, ի հեճուկս հովանավորների, ովքեր հաճոյախառն ոսկով, մետաքսով ու ակնեղենով ֆարմաններ էին ստացել այս ամեհի ու շքեղ շինությունները կառուցելու համար, հըմմ՜ … Ավաղ այդքան փողով հնարավոր կլիներ մի հայրենիք պոկել։ Հիմա հայեր գրեթե չկան. մի քանի ընտանիք, որ դժվարությամբ կարելի էր գտնել նախկին հարուստ, փոքր, մեկուսի այդ քաղաքում, որ նույնիսկ դարպասներ ուներ ու խիստ օրենքներ։ Մարդիկ վայրի չեն եղել այս քաղաքում, նրանք ժամ ու տպարան են կառուցել և հոյակապ բաղնիքներ, ընտիր ապարանքներ, բայց հիմա, երբ կեսգիշերն անց խփում են թանգարան դարձած վանքերի զանգերը, թվում է՝ կենդանություն են առնում մեռածներն, ու փողոցների հանդարտ լռության մեջ դուրս են գալիս ճեմելու տիկնայք ու խոջաները, թանձր թրքական սուրճ են խմում, և նրանց ծառաները ուսապարկերով հանդերձանք են տանում դեպի բաղնիք։ Գինին եռում է թասերի մեջ, խնջույքները դառնում են փողի ու նենգության ցուցարան, և խարդավանքներն ու հաշվենկատ բարեկամությունը իրար խառնված՝ ոստայն են հյուսում։ Արաբներն ասում են ՝ թափառող ժողովրդի ճակատագիրը առևտրականներն են սահմանում, և ո՛վ պատմական իրողություն, նրանք խորտակվում են սեփական փառքի և մետաքսե հանդերձների ճոխ ծալքերի մեջ։
Առավոտվա դեղին ու արևառ մշուշի մեջ, երբ հեռվից սահում է փոշու ամպը դեպի քաղաք, լսվում է կոկորդի ծանր ու հեծկլտացող մեղայական աղոթքը. ողջ քաղաքը ընկղմվում է ծորուն ու ներազդող աղոթքում և ի՞նչ կարևոր է, թե ինչ են անվանում Աստծոն իրենց բարբառումի մեջ, ի վերջո նա անուն չունի և բոլորինն է, ո՛վ աղոթող…
Եվ հանկարծ արթնացող ու տատանվող աղմուկը, պտտելով իր իգական լեզուն, լռեցնում է ուրվականների ոտնաձայնը և պատմությունն անցնում է գետնի տակ, առավել թարմ հոգիները քաշվում են դեպի իրենց տապանաքարերը։
Ցերեկը՝ ճաշին փակվում է ամեն բան, ու մարդիկ ծուլորեն գնում են դեպի իրենց տները: Դատարկ մայթերի վրա այս և անցյալի աշխարհը հանդիպում են իրար բարկ արևի տակ։ Երեկոյան կրկին արթնացում: Հանդարտ ու անշտապ մարդկանց բազմությունը լցվում է այգիները, ու խանի հռչակավոր կամուրջը դառնում է երազողների ու փնտրողների կեցավայրը:
– Խանու՛մ, ի՞նչ ազգի եք – հարցնում է տիկնոջը մի ծերունի՝ ծոծրակը քորելով…
– Աղա՛, ի՞նչ եք ցանկանում – հոնքերը վեր քաշելով հարցնում է նա։
– Ոչինչ, խանու՛մ ։
Ծովկապույտ աչքեր ուներ ծերուկը, մի թեյի գավաթ, որ դողահար ափերով մոտեցնում էր սմքած շրթներին ու խմում էր մտմտալով՝ ականջը երգին: Նրա շապիկի տակից ցցվել էին ոսկորները, ու մարդն իր ողջ իմաստությամբ ու խոհուն նայվածքով՝ պտտում էր շուրջբոլորը, թափառ ու ցրված հայաքի մեջ պտտահողմեր էին, որոնք ծերունական կապույտ աչքերը լցրել էին արյունով ու անհանդարտ տառապանքով։ Նա դողահար ափերը հանդարտ վեր բարձրացրեց ու հպելով աչքերին՝ դեպի շուրթերը տարավ։ Ինչ -որ աղոթք շշնջաց, որ կլսեր ինքը միայն: Ետ դարձավ, աչքերը հառեց դեպի հեռուն և կտրուկ նայելով տիկնոջը՝ հարցրեց մտածկոտ.
– Շահը հե՞տ կդառնա , ինչու՞ ձայն չի հանում…
– Չգիտեմ, աղա,- ասաց կինը կարեկցական անտարբերությամբ ու շտկեց փոքրիկի գլխարկը: Հետո դադար առավ ու փնչացրեց:
Ծերուկը մատով քիթը քորեց ու հիվանդոտ դեղնած ձեռքերով մի կերպ մի սիգարեթ հանեց տուփից և ասաց.
– Տեսնու՞մ եք, գետն էլ է ցամաքել …Տղաս գնաց աշխարքի մյուս կեսը, մի օրհնված ցեղից մարդ – մադար չմնաց: Էստեղից քիչ հեռու՝ Նազերի խիաբանի վրա խմիչքի խանութ ուներ, դե եկան արգելեցին, փակեցին: Նա էլ ունեցած- չունեցածը ծախծխեց ու մեկնեց…
– Էլ չի՞ երևացել, նամակ էլ չի գրե՞լ, չի էլ զանգե՞լ :
– Չէ, խանու՛մ: Դառը դատած, շահած – պահածս կորավ ու շան բաժին դառավ, մե թըման էլ չմնաց, բ՞ա իմ ղարիբս…
Կարճ զրույց էր : Հետո ծերունին կպցրեց սիգարետն ու ոտքերը հանելով կոշիկներից՝ ծալապատիկ նստեց կամրջասյուների ստվերում և սկսեց ցածր ու խռպոտ ձայնակցել քիչ հեռվում լսվող երգին։ Կամրջի տակ, որտեղ բազում կամարների մեջ քիչ զովություն կար, մի ահագին բազմություն ծալապատիկ նստած, խմբված լսում էր ալեզարդ մեկին, որ երգում էր ժողովրդական պարզ ու հաճելի մեղեդի, քաղցր ձայնով կանչում էր ջրի ոգիներին, ու կարծես լալիս էր նրա ձեռքում թառը։ Մենք տեղավորվեցինք այդ բազմության մեջ, որ տարված լսում էր մարդուն:
Ծալապատիկն նստած դերվիշը կում արեց թեյի բաժակից ու սկսեց երգե։ Որոտացող ձայնը հյուսվեց թառի նվագին և արձագանք առավ կամարների տակ:
– Ես հավատում եմ այն օրվան, երբ պիտի գա լազուր երկնքով ճախրելու իմ ժամանակը։
Իմ ունեցածն այն փայլուն խաղալիքն է, որ կոչվում է մարմին, գուցե ես քնեմ և արթնանամ Աստծո հորինած նոր աշխարհի վրա, գուցե այս գիշեր հրեշտակներն ինձ ճշմարիտ ճանապարհ ցույց տան, և ես արժանի լինեմ տեսնելու դրախտը…
Թափառող մեկն էր, որ իր գեղեցիկ ձայնով շարժում էր մարդկանց սրտերն ու մտքերը, նա մարդ էր՝ ով կապակացում էր ժամանակն իր երգերով և պատմում էր պատմություններ, որ արդեն վաղուց մոռացվել էին։
Քաղաքի տաք հոսանքները պտտվում էին կամուրջների տակ ու Սիսոսիփոլի բազրիքներին հայտնվում էին հեքիաթային պատմություննները: Մեկ մթոտ հեռվում երևում էր շահը, ով իր հեծյալ շքախմբով քառատրոփ արշավում էր դեպի Ալի Ղափու, մեկ երևում էր ապստամբ Հոսեյին Բախթեարին, ում կախաղան բարձրացրին իր ազնիվ պահանջների համար, երևում էին հեղափոխության կատաղած զավակները, որոնք հուժկու գոռոցներով արյուն էին պահանջում՝ առանց իմանալու, որ հենց ռեվոլյուցիան է հոշոտում իր զավակներին, մեկ էլ թվում էր, թե այն հեռվից՝ գետի հակառակ կողմից ծանր քարշ գալով մոտենում է լծկան ավանակը, որ սայլով դեպի շուկա էր բերում այնքան հյութեղ թորանջները։
Դերվիշ Բալխը՝ թավ հոնքերով ու սուր հայացքով բռնում էր մարդկանց հույզերը, արցունք քամում ու լցնում սրտերը ջրերով։ Նա հանդարտ ձեռքը երկարեց ու զամբյուղից վերցրեց հասուն ու հյութեղ մի պտուղ ու կլպելով՝ քամեց ուղիղ շուրթերին, դառնաթթվաշ վարդագույն ջուրը սահեց արևախանձ ծնոտին, հետո միրգը մոտեցնելով շուրթերին՝ սկսեց ծծել անուշահոտ հեղուկը։
– Այս աշխարհը նման է թորանջին. դառն է ու թթու, բայց բերկրալի, անուշահոտ՝ ինչպես արարումն ու գարնան առավոտը։ Կարմիրը պայթեցնող արևն է, կեղևը՝ հրաշեկ քևիրը։ Երբ առնում ես ձեռքիդ մեջ, կարծես ժողովրդի սիրտն ես ուտում: Որքա՜ն խիղճ, աշխատանք ու արյուն կա այս պտղի մեջ։
Իմ զավակը մեռավ Աբադանում, ես նրանից ոչինչ չհասկացա կյանքում, չհասկացա, թե ինչու՞ էր ընկերների հետ գոռում «Մա՜հ շահին» և չհասկացա, թե ինչո՞ւ նրա երեխաներն էլ մնացին առանց հոր և հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու՞ նա չպիտի ապրեր։
Օրը սահեց,գնաց: Կամրջի կամարների մեջ երևաց արևը։ Լուսաբացին հյուրատան իմ սենյակում դեռ լսում էի ծերունիների զրույցն ու քթիս տակ երգում դերվիշի գարնանային ներբողը։
Մենք ետ էինք դառնում, իսկ տիկինն ու նրա ընտանիքը մեկնելու էին Շոմա՝ Կասպից ծով՝ դադար առնելու քաղաքի շոգից։ Վերջին մեքենան մեզ հասցրեց օդակայան: Ճանապարհի եզրին երևացին հին աղավնատները։ Փոշոտ ու կեղտոտ Նազերի փողոցի վրա բազմաթիվ ճակատագրերի խաչմերուկն էր՝ առանց լիրիկական վերապրումների, խիստ կենցաղային դրամա, որ միչ այժմ ծավալվում էր քաղաքական հողի վրա՝ երկատելով երկրի հարազատ զավակներին։
Հ.Գ. Ես պատմեցի հուշերս` համաձայն իմ գրառումների։ Իրանը ստիպեց հիանալ և փորձել հասկանալ ժողովրդների ոգին՝ առանց բարդ ու արհեստական զգացումների։ Հավանաբար, բոլոր մարդիկ իրենց հայրենիքի և կյանքի նկատմամբ նույն զգացումն ունեն, իսկ աշխարհը բազմազան է նաև՝ իր փակ սահմաններով ու անհասանելիությամբ

Շիրին-Շիրինամ

Նա ներս է մտել:
Նստել է նա:
Նա չի նայում կարմրահեր բոցին:
Վառվում է լուցկին:
Մեկնել է նա:

Գիյոմ Ապոլիներ

Ճամփորդությունը դեպի մեծ Արևելք սկսվեց Այղրի կիրճի երկար մայրուղուց, այստեղով անցնում է Կովկասն ու Թուրքիան կապող լայնահուն ճանապարհը։ Մի ժամանակ, երբ սահմանները բաց էին Ղարսաչայի վրայով մինչև Ալեքպոլ քսան րոպեյվա ճանապարհ էր երկաթուղով, հետո ուղիները փակվեցին ու զմրսվեցին։ Մնացյալ պատմությունն արդեն հայտնի է աշխարհին։ Ոչինչ չի փոխվել, նույն սկզբունքային հարցերն են, որոնք անլուծելի կմնան այքան ժամանակ, քանի քաղաքակնությունը կառուցվում է թշնամանքի հողի վրա ու ամեն պատեհ առիթով թե՛ մերոնք, թե՛ նրանք սպառնում են միմյանց, որ պատմաբանների խումբ կստեղծեն, որ անկախ մոնիթորինգ կանեն, եվրոպական միջնորդներ կգտնեն ու բազմաթիվ նմանօրինակ դատարկաբանություններ, մի խոսքով ամեն ինչ՝ քաղաքական կամքից բացի։ Մեր արշավախումբը աղմկելով, երգու ծիծաղով անցնում էր հարևան երկրների փակ սահմաններով ու այդ խմբի շատ անդամներ մեկնում էին վստահաբար մի նոր հայտնագործություն անելու, մի բան տեսնելու, որը իրենցից բացի՝ հաստատապես ոչ- ոք նկատած չէր լինի։ Վերջին սահմանային անցումից հետո, լուսաբացին, ճանապարհի երկայնքով փռված էր Հյուսիսային ծովակը ՝ Չլդըրը, կապու՜՜յտ, անեզր…
Ես արևելահայ եմ և չկա ինձ համար ավելի մեծ երջանկություն, քան զերծ լինելն այն բարոյական ողբերգությունից, որը մարդուն դարձնում է հավերժ հայրենազուրկ ու գաղթական։ Նրանց սերունդները ևս սրբորեն պահպանում են այդ հայրնազրկվածի հուշերի տոպրակը ու հետ դառնալով իրենց նախնիների երկիրը՝ ամենաշատն իվիճակի են մի թիթեղյա տուփով հող տանել իրենց նոր Ավետյաց երկիրը՝ Ամերիկա, Ավստրալիա, Ֆրանսիա կամ էլ՝ հենց Հայաստան։ Մեզ հետ էր գալիս նաև բժիշկ – բուսաբան Նազեր Ալթընը։ Հենց նա էլ սկսեց պատմել Անատոլիայի ժողովրդի մասին։ Նայեց պատուհանի մոտ նստած Հելլենին ու մատը տնկելով՝ ցույց տվեց արևի մեջ կիզվող դաշտավայրը. « Տե՛ս, հիմի էս ողջ տարածությունն անվանում են Քիւրդիստան, հսկայական հողեր են, մի քանի պետության տարածքում»,- Հելլենը նայեց-նայեց ու ձայն չհանեց, մեկ էլ ասաց թե․ «քսան միլիոնի հետ խաղ ես անում, կանայք էլ են զինված, առանձին ջոկատներ ունեն»։ Հետո սկսեցին խոսել թուրքերեն ու նրանց զրույցից հասկացա, որ ինչ-որ քուրդ աղջկա մասին է խոսք գնում, որը ժամանակին էս կողմերում էր ապրել։ «Դոկտոր Ալթըն բա ինչպե՞ս հանդիպեցիք Շիրինին»․-հարցրեցի ես՝ նրա և Հելլենի զրույցից ինչ-որ կտորներ որսալով։
«Ես դեռ ուսանող էի, երբ մենք էլ ձեզ պես արշվախմբով հաճախ գալիս ենք հյուսային Իրան, Անադոլլու՝ բույսերն ու ֆլորան ուսումասիրելու համար»,- Ալթընը երկար ժամանակ Թեհրանում էր աշխատել ու միայն նախագահ Օզալի կառավարման շրջանում էր տեղափոխվել Ստամբուլ, այսինքն 90-ականներին երբ արդեն կայացած բժիշկ էր. «Իմիջիայլոց մեզ հետ լուսանկարիչներ էին գալիս, ազգագրագետներ, որոնք հետաքրքրված էին էս շարջաններում ապրող քրդերի կյանքով»։ «Երբ մի անգամ էլ եկանք դեպի Դողու–Բայազեդ,

Լուսանկարը ՝ Էրիկ Լաֆորժ , Հս․ Իրաք

Վան, այստեղ հիմիկվա պես բարձրահարկ շենքեր, բա՜ն չկային, էստեղ գյուղաքաղաքներ էին, որի շուրջ քրդկան ղշլաղներ էին»,- ես ուշադիր մեքենայի պատուհանից հետևում էի նրա ցուցամատին, որն ուղղություն էր տալիս դեպի կիսամութ ընդարձակ տափաստանները…ճանապարհն անհարմար էր, բոլորը կիսաքնած էին, ջարդոտված, իսկ մենք զրուցում էինք. «Ամեն անգամ էս պատմության մասին հիշելիս սիրտս կտոր –կտոր է լինում, մի՛ խոսեցրու անցած- գնացած օրերի մասին»։
Ճանապարհները հետաքրքիր հատկություն ունեն՝ կա՛մ մոտեցնում են բարեկաներին կա՛մ հավերժ բաժանում։ Այսպես է պատմությունը, այսպիսին է կյանքն առհասարակ։ Մենք երկար ուղիներից մերձենում ենք հոգեպես, ավելի սթափ դառնում, բացում հայացքն աշխարհի առաջ ու դառնում ճամփեզրի փիլիսփաներ։ Տրորում ենք Շիդհարի ճամփորդի պես վերստին տրորոված ճամփաները ու քանդում հողերը, մոխրաշերտի, ավերակների միջից արդյունահանելով պատմանյութը։ Կյանքն առանց ճամփաների նման է մանկությունն առանց օրորոցային երգի, որ առաջին հնչող ձային հետ մեզ է փոխանցում մեծ լեգենդ՝ առասպել ապրվող ժամանակի մասին։ Վեր բարձրացող լեռնային ուղիները կորչում են անտառների մեջ, ու ես բարձրից նայում եմ աշխարհին։ Լեռների, լճերի, անձավների մեջ մարդու շունչ չի նկատվում, հարյուրավոր կիլոմետրեր են ձգվում և կարծես բլուրները ածիլված լինեն։ Այստեղ արդեն մի քանի հարյուր տարի ուրիշ ժողովուրդներ են ապրում։ Քրդերը ցրվել են առաջավոր Ասիայում, իրենց վրաններով ու սերունդներով նրանք դեգերում են հյուսիսային Իրաքում, Սիրիայում, Իրանի հյուսիսային նահանգներում և բնականաբար Արևելյան Անատոլիայում։ Ովքե՞ր են նրանք։ Խոշոր հաշվով դեռևս թափառական ժողովուրդ, ովքեր կտրելով Իրանի ընդարձակ անապատները՝ նախորդ դարերի ընթացքում հաստատվեցին Ասորիքում, Արաբիայում, Օսմանյան կայսրության մեջ՝ հմտորեն գործածվելով որպես զենք տեղաբնիկների դեմ։ Այժմ քրդերը հակասական են ընկալվում արևելքում, առավել ևս՝ Արևմուտքում, նրանք այժմ դիտվում են որպես սպառնալիք Մերձավոր Արևելքի համար, որը քաղաքական հիմքեր ունի և հակված է հենց իր բնում խեղդել քրդերի ազատագրական պայքարը։ Այս ժողովրդի աշխարհայացքը, փոխըմբռնումը, կենցաղը ամեն բան պատմական շունչ ունի և կրում է ժամանակի դրամտիկ ու լիրիկական գծերը։ Երեկ բարեկամներիցս մեկն ասաց, որ թուքական բանակը հատուկ գործողություններ է սկսել Դիարբեքիրի ցեղերի դեմ ու հավանաբար միտք ունի նրանց քշելու դեպի հարավ՝ Իդլիբ, գուցե, Համմա, չգիտեմ…
Նրանց զգեստները՜, աչքերի գույնը՜…Այս մարդիկ լցրել են Անատոլիան, եկել են լրացնելու խեթերի, խուռիտների, բիայնացիների, արմենների տեղը ու եկել են, որ մնան։ Անկախ մեր կամքից նրանց գոյության իրավունքը մարդկության գունապնակն ու երանգները լրացնելով, մարդասիրությամբ լցնելով՝ նոր հորիզոն է բացում, առավել ևս, որ նրանցից շատերը մեր արյունակիցներն են ու բռնի կերպափոխվածները։ Քսաներորդ դարի ողբերգական իրադարձություններից հետո ճամփորդներից շատերն ասում են, որ հարյուրավոր երգեր, որոնք նվիրված էին հայերի քաջարի մարտիկներին, հիմա հնչում է քրդերի շուրթերին ու նրանք սրբորեն պահպանում են այս հերոսների անունը։ Դե իհարկե, միջին որակական եվրոպացուն, որն օրական ամենքիչը տասներկու ժամ մտածում է օրգանական սննդի մասին և սիրում է նայել տափակ կոմեդիաներ ու պատկերացնում է արևելքն ինչ-որ կեղծ տիրույթներում՝ առատ շաքարաջրով ու ընկուզեղենով պատված, դժվար է ըմբռնել այս ամենը: O tempora, o Mores !!

Ալթընը նորից աչքը գցում է լեռների կողմը. «Էնտեղ նայի՝ դեպի հարավ – արևելք, մեզնից մի 120 կմ հեռու քրդերը կռվում են Իրաքում։ Մի քսան կիլոմետրի վրա էլ Այղրի ռազմակայններն են։ Աչքդ լույս, հասել ես Անատոլիա, արևելյան նահանգներ»։ Ասում եմ. «Քրդերն արնախում ժողովուրդ են, տոկուն են։ Դոկտոր եթե նրանց կոտորեն, ի՞նչ կլնի էս կողմերում, արևելքը, որտեղից անցանք, քրդերի տիրապետության տակ է. մեզ «էրմենի գյարդաշլար» էին ասում, ինչքան գեղեցիկ էին նրանց երեխաները՝ նուրբ դիմագծերով, արևային աչքերով՝ խաժ, կանաչ…» Պատասխանում է. «Չեն կոտորի, դեռ պետք են Արևմուտքին, նրանք քրդերով են ճնշում Անակարային, էստեղից մի հարյուր կիլոմետր էլ ներքև Քիւրդիստանի լեռներն են, Վանի նահանգը 80 տոկոսով բնակեցված է քրդերով, նրանք ապստամբ են ու աննահանջ։ Բայց իրոք, տոկուն ժողովուրդ են…»։
Նախ ասեմ՝ նրանք ապրում են տոհմատիրական կարգերով, գյուղերն անտանելի հետամնաց են ու ամենուրեք անգրագիտություն է տիրում։ Անկարան հոգ է տանում, որ էստեղ ամեն բան նույնը մնա, անփոփոխ։ Բայց և այնպես նրանք արագ են կազմակերպվում դիմադրության համար ու տեռորը պետական մարմինների նկատմամաբ մի ժամանակ մասսայական բնույթ էր կրում։ Մի տարի ոստիկանատուն էին պայթեցրել Դերսիմի նահանգում, հարձակվել էին նահանգային իշխանության անդամների վրա Այղրում և էսպես շարունակ։ Հասկանում ես՝ նրանք Ստամբուլից մինչև Սամսուն ու Թուզլսւջա ցնցումների մեջ են պահում երկիը։ Թուրքները աշխարհիկ պետություն ստեղծելուց հետո էլ չեն կարողանում հաղթահարել ինքնության ճգնաժամը, ազգային փոքրամասնությունները կան և մնում են ժամանակակից լաիցիստական պետութան ներքի անվտանգության հիմնական սպառնալիքը։ Ամենուրեք դրոշնե՜՜ր, շովինի՜զմ, Աթաթուրքի դիմանկարնե՜ր…
Ես մտածում եմ, նայում եմ հեռուներին, մեքենայում գրեթե արթուն մարդ չկա, իսկ նա գլուխը հենած պատուհանին խոսում է․ «Բայց վախենամ ամենասարսափելին դեռ առջևում է։ Գիտե՞ս ժամանակակից աշխարհը դադարել է ընդունել ազգային պետության գաղափարը, խոշոր հաշվով. այն Եվրոպայի գաղութային կայսրությունների փլուզումից հետո կորցրել է իր քաղաքագիտական անհրաժեշտությունը, այլ հարց՝ մենք կողմ ենք դրան, թե ոչ։ Սա ընդարձակ և հզոր երկիր է, անհավասարաչափ բաշխաված ռեսուրսներով և իշխանության պրոբլեմն այն է, որ երկաթե ձեռքով կարողանա ամուր պահել իր տարածքային ամբողջակնությունը և էստեղ զարմանալու բան չկա»։ Կարծես շարունակում եմ բժշկի միտքը. «Միայն հուսով եմ, որ քրդերը մեր սխալներից կսովորեն։ Նրանց մշտական գրգռողն ու սադրողը ռուսներն են, դա պարզից էլ պարզ է, ու պետք եղած ժամանակ մի ամբողջ ժողովուրդ թնդանոթի միս կդառնա՝ քավության նոխազ, ինչպես և մենք դարձանք մեր անշրջահայաց հայրերի պատճառով և, բնականաբար, «պատասխան տվողը՝ մեղավորը չգտնվեց» այդ ամենի համար։ Ամեն մեկը քաշվեց մի եվրոպական երկիր, գլխին ցիլինդր դրեց ու չքվեց պատմության թատերաբեմից, է թող մեռնողն էլ մեռնի…»։ Ալթընը աթոռակին դրված թերմոսից անանուխի թեյ լցրեց փոքրիկ ապակե ճամփորդական բաժակի մեջ ու շաքարի կտորը բերանը դնելով՝ ասաց․ «Դե հա, անշուշտ, ի՞նչ ես կարծում երբ Սադամը հազարներով կոտորում էր քրդերին, քիմիական զենք էր կիրառում, ռուսները չգիտեի՞ն, Ամերիկա՞ն էր անտեղյակ, թե՞ Եվրոպան էր կորցրել իրականության զգացումը։ Բարդ է. Գիտես. աշխարհը պատկերացնել քաղաքական և ազգային շահերի դիտանկյունից։ Իրականում ես կարծում եմ՝ էս աշխարհին մնում են ժողովուրդների ազնիվ բարեկամությունն ու ընկերությունը անհատների մակարդակում, մի քիչ վեր՝ խմբային մակարդակում և, եթե հաջողեցին հաղթահարել այս ցենզը ևս, ապա վստահաբար կարելի է պնդել, որ հնարավոր կլինի ապագայում ակնկալել խաղաղ Արևելք »։
Մեր ճանպարհը ձգվում էր դեպի հարավ, ուր Մասիսի հակառակ փեշին՝ ընդարձակ մոխրաբլուրներիին ծլած խոտածածկի վրա, արածում էին ձիերի երամակները։ Հետաքրքիր է արևելյան Անատոլիան, այստեղ մարդիկ կարծես ծնվել են պատմականորեն ուշ և տեսնելով նրանց կեցաղը՝ պիտի պատկերացնես միջնադարի ոգին։ Նրանց կյանքը, լեռների մեջ կորած բնությանը սերտ ու ձուլված, ինչ-որ չափով նման է այն հայերի կյանքին, ովքեր ապրում էին այստեղ 20–րդ դարի սկսզբներին և նախորդ 19-դարերում ևս։ Մի քուրդ երգում էր «Սարի Գելին» ու ես նրա հետ զուգահեռ երգում է այնքան հայտնի երգը, որ տարածված է հայերիս մեջ.

Վարդ սիրեցի՝ փուշ դառավ,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Վարդ սիրեցի՝ փուշ դառավ,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Գնաց, ուրիշին առավ,
Ա՜խ, մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ,
Քարի աղջիկ, օյ, օյ, Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։ Գընաց, ուրիշին առավ,
Դըլե յաման, լեյլի յար, ջան։ Մինուճարիս մեղքացիր,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Մինուճարիս մեղքացիր,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Թույն մի ածա թեժ վերքիս,
Ա՜խ, մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ,
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ …
Դոկտոր Ալթընը՝ որպես փափկասիրտ արևելքցի, հանեց թաշկինակը կտորի տաբատի գրպանից ու սրբեց քրտնած ճակատը, հետո աչքերն ու բեղերը։ Էս կողմերի ժողովուրդն էդպիսին է, սրտից թույլ է, ու եթե ուզում ես զրուցել նրա հետ ու դարձնել բարեկամդ, պիտի սովորես զգալ աշխարհն իրենց պես՝ ավելի մեղմ, ավելի հյութեղ, ավելի գունագեղ ու ավելի նրբանկատ։ Կեսգիշերին Հելլենը՝ Նազերի զրուցակիցը, ողջ ճանապարհին հեռախոսով պայմանավորվում էր հյուրատների հետ, որտեղ պիտի գիշերեինք, թեև շատ լարված էր, բայց համբերատար էր ու ամեն նոր քար ու թփի հետ նույն հիացմունքն էր ապրում, ինչ մենք։ Հելլենը գեղեցիկ աղջիկ էր։ Շարունակ ուզում էի ասել նրան, թե որքան հաճելի է իր ներկայությունը, որքան վարժ է խոսում թուրքերեն, ինչքան լավ կլիներ, եթե հետո դառնայինք հարազատներ, բայց նորից միտքս թռչում էր ու մտածում էի քրդերի, դրուզների, ալեվինների մասին ․․․
Երևի հատել էինք կեսգիշերը, ժամը չորսի–հինգի կողմն էր ու արթուն էինք ես, բժիշկն ու վարորդը, որը լսում էր գեղեցիկ երգեր, սրտամոտ ու մի տեսակ այքա՜ն հարազատ։ «Ես քսաներեք տարեկան էի, մենք եկանք Վանի նահանգ, էն ժամանակ էս ճանապարհները չկաին, քարուքանդ, գրունատյին ․․․ մի խոսքով, եկանք վրաններով ու ճամբար դրեցինք էդ քաղաքամերձ բլուրների մոտերքը։ Էնտեղ դեռ առանձին ցեղերով էին ապրում ու յոթանասունականներին ծայրահեղ հետամնաց բարքերով էին, մի ցեղը մյուսին աղջիկ չէր տալիս, արյան վրեժ կար։ Հին շրջանի մարդիկ դեռ պահում էին ընտանեկան դատաստանի, ժողովների ու ցեղապետների անսահմանափակ իրավունքները, երեխաներին ամուսնացնում էին ինը–տաս տարեկանից, մի խոսքով, ապրում էին աշխարհից կտրտրված», – նա պատմում էր հանգիստ, անշտապ, մեքանյում այրվող լամպիկը լույսը գցում էր ուղիղ աչքերին ու դրանց մեջ լճակներ էին երևում: «Թու ՜՜, հիմա չենք կարող կանգնեցնել մեքենան, սիրտս էնպես ծխախոտ է ուզում»,- հետևում փորձում էի բացել պատուհանը, բայց եթե վարորդը տեսներ, որ ծխում է, աղմուկ կաներ ու բոլորը կարթնանային: Մտքիս մեջ ասում էի․ «Զսպի՛ր քեզ Նազեր, ախր իմ սիրտն էլ է ուզում»։ «Հա՜՜, եկանք մնացինք մի քանի ամիս, էդտեղ գետակներից մեկը քարերի գլխով թափվում էր ու սիրուն ջրվեժ էր գոյացել, հանվում էինք, գիշերով լողանում, էդտեղ էին գալիս նաև քոչվորները, մի քիչ ներքև մակաղում էր հոտն ու բարձրանում դեպի գետաբերանը՝ լողանում, մաքրվում անտանելի հոտից ու կեղտից։ Ես հիշում եմ՝ Նա գալիս էր երբեմն, երբ մայրամուտից այգեստանը վառվում էր նռնենիների մեջ, գալիս էր կուրծքը բաց, գալիս էր ձի հեծած, գլուխը հեջաբով կապած։ Մի գիշեր էլ տեսա, որ ծիկրակում էր վրանների կողմն ու տեսնելով նրան՝ առաջացա դեպի ավազանը․ ինչ Աստվածային էր, ի՜նչ կին էր, ի՜նչ չքնաղ մերկություն ․․․», – ես կարծես տեսնում էի Շիրինին՝ իր կարմիր հուրհրատող տարազով, նրա լանջակապը, կիսաբաց շապիկն ու թրջված երկար թուխ մազերը։ Պատկերացնում էի, թե ոնց է ձի հեծած կտրում դաշտերն ու կոկորդով ձայնում այդ տափաստանների քնած ոգիներին, զրնգում էին ականջներիս մեջ նրա ոսկե զարդերի, արծաթե հոլունքների ձայները.«Ի՜նչ գիշերներ էին, մի օր էլ որոշեցինք ամուսնանալ, ես վախենում էի նրա ցեղից, շատերն էին պատմել, որ ճամփորդներին թալանում են ու ամբողջ մարմնով ողջ-ողջ թաղում հողի մեջ։ Էստեղ նոր էր սկսվել երկաթուղու շինրարությունը ու նրանց ցեղը անցնում էր լճի հարավային ափերը, դեպի լեռնային պարեգոտները։ Որոշեցինք փախչել։ Փախանք։ Ճանպարհին մեզ մատնեցին, դեպի Ուրմիե էինք գնում, սահմանին առանց անձնագրի անցնել հնարավոր չէր, իսկ լեռներով չէինք դիմանա սովին ու ցրտին։ Ինձ պահեց Իրանի ոստիկանությունը, իսկ նրան տարան։ Ասում եմ․ «Ախր, պարոն կապիտան, նրան կմոռթեն, նրան մի հանձնեք, ախր նա իմ կինն է, ես սիրում եմ նրան, հասկանո՞ւմ եք, ես կմեռնեմ»։ Ոստիկանն էլ թե․ «Իմ ի՞նչ գործն է, դուք օրենք եք խախտել, իսկ սահմանից այն կողմ առանց անձնագիր չի լինի, էստեղ որտե՞ղ պահեմ ձեր կնոջը»։ Եղբարները տարան, եկել էին ցեղապետի հետ, եկել էին որ փորոտիքս թափեին, բայց ոստիկանները հետ ուղարկեցին նրանց։ Էլ ոչ մի լուր չստացա Շիրինից»,- ես լսում էի նրան՝ գլուխս հենած թիկնակին, նայում էի թե ոնց է Ալթընը թաշկինակով աչքերը սրբում, հարցրի․ «Բա էլ երբեք հետ չդարձա՞ք»: «Հետ դարձա,-պատասխանեց,- հետ եկա հինգ տարի հետո, բայց Աստված վկա հինգ տարի քուն–դադարս կորցրել էի, խելագարի պես վախենում էի Անատոլիայաից, չէի ուզում լսել էս կողմերի մասին, մեկնեցի Պարսկասատան։ Երբ հետ եկա, ահագին բան փոխվել էր, երկաթուղու շինարարությունն ավարտվել էր, կայարան էին բացել, շենքեր, մի երկու գործարան էր կառուցվել։ Դե ցեղն արդեն չկար, գյուղերում ապրող մի քանի մարդ ասացին, որ նրանց ցեղը տեղափոխվել է Դերսիմ, ու թուրք- քրդական բախումների ժամանակ նրանցից շատերին սպանել են, մի քանի տասնյակին ձերբակալել»: Հարցրի. «Բա Շիրի՞ն,- ասաց,- նրան եղբայրները կապել էին գնացքի գծերից ու աղջիկը սպանվել էր վագոնի հարվածից»։
Հ․ Գ․ – Գիտե՞ս ինչու էր Մովսեսը քառասուն տարի թափառել տալիս հրեաներին անապատով…
– Գաղափար չունեմ ․․․
– Որ մեռներ հին սերունդը՝ սովոր եգիպտացիների մտրակին, ու նոր սերունդը, անապատի ծնունդը լինելով, քարերի ու ավազի մեջ կերտեր իր Ավետյաց երկիրը։

Տիգրան Գրիգորյան | Isabelle mon amour

Սա մեռած երկիր է,
Կակտուսի երկիրը
Այստեղ են հառնում քարե
Կուռքերը ու ստանում
Ողորմածությունը մեռյալ ձեռքի
Հանգչող աստղերի շողի ներքո:

Այսպես է լինում
Մահվան մյուս արքայությունում
Արթնանալ մենակ
Այն ժամին երբ մենք
Դողում ենք քնքշանքից
Շուրթեր որոնք գիտեն համբուրել
Ջարդված քարին* են աղոթք ասում:
Թ. Էլիոթ

Մարտկոցն ու փոխանցման տուփը խայտառակ վիճակում են. էսպես հեռու չես գնա։ Մինչև մաքսակետը պիտի գիշերենք Տաբածղուրիում։ Բարձր գոռում եմ. «Իսա ՜, էդ շան տղեն խաբել է, բենզինը պրծնում է»,- շրջվում է ինձ, լայն ժպտում ու թե. «Էդ ինչի՞ ես գոռում, երեխու պես խաբել են, տե’ս` ոնց են ապուշի տեղ դրել, ում է պետք, որ ծանր-ծանր անունդ հնագետ է, ոչ մի բանի պետք չես»։ Ավելի եմ կատաղում, ձեռքս փող չկա, եթե մենքենան տանեմ սարքելու, ահագին փող կվերցնեն, բայց ի՞նչ անեմ։ Վզիս մի բարակ ոսկե շղթա կա, տատս է նվիրել։ «Էս ինչ թարսություն է ,- մտածում եմ,- ախր գոնե Իսային ժամանակի մի քոսոտ ոսկու կտոր առնեի, ջահել էինք, ո՞վ էր էդ տեսակ բաներից գլուխ հանում։ էն ժամանակ չէր խայթում, նայում էր աչքերիս մեջ, ասում էր՝ ես փայտի կտորով էլ յոլա կգնամ, մենակ հետդ ինձ Լենինգրադ տար»։ Վերջն էդ շղթան քաշում պոկում եմ վզիցս, Իսաբելը նայում է ու ձեռքով պինդ բերանը փակում, ինձ ասում է՝ հիշատակ կորցնող ես։ Դուրս է գալիս մեքենայից, դուռը շխկացնում ու ծածկոցով փաթաթված գնում ճանապարհի եզրով։ Կենդանի շունչ չկա։ Ինձնից ճամփորդ դուրս չի գա, կանչում եմ, ձայն չի հանում, լուռ հեծկլտալով գնում է մի գլուխ, տեսնում եմ մեքենայի լամպերը չեն հասցնում լույս գցել նրա կողմը։ Քայլում եմ հետևից, ճամփեզրին սիրուն սոճիների անտառ է, զգում եմ, թե ինչ է մտածում. հաստատ երջանիկ չէ ինձ հետ, որովհետև ես անճարակ գիտնական եմ, իմ իմացած ամեն բան պատմության հետ է կապված, իսկ նա կարիք ունի սիրո ու մի սարքին մեքենայի, որ ուզած ժամանակ ստիպի ինձ դեպի ծով քշել, կամ դուրս գալ գետաբերանի լճակները ու, հետս սիգարետ կպցնելով, նայել լուսաբացին։ Մենք գնում ենք միանալու ֆրանսիացիների արշավախմբին, նրանք ինչ-որ դրամաշնորհ են ստացել ու պեղումներ են անելու Թուրքիայում, և մեզ կանչել են, որ մասնակցենք էքսպեդիցիային։ Սա մեր կյանքը փրկելու վերջին հույսն է, որովհետև նրա երազները սկսում են սպառվել, դեղերը գնալով ավելի թանկ են դառնում, իսկ ես` ավելի նյարդային, որովհետև երբեմն անկարողությունից դեմքիս իջնում է հանդարտության ժպիտը։ Պինդ- պինդ ծածկվում է, ասում եմ` «Կանգնիր, ոտքերդ կմրսեն, օդը խոնավ է, քեզ ցուրտ չի կարելի»: Հետ է պտտվում, նայում է իմ կողմն ու գոռում. «Կորի գրողի ծոցը, ո՞նց կարելի է կյանքն անցկացնել քեզ հետ, քո նման սառույցի կտորի, – ասում է ու հեծկլտում,- հոգնել եմ ամեն ինչից, էլ չեմ դիմանում, տե’ս` գնալով սպիտակում եմ, վրաս մարդու գույն չկա, դու չես հասկանում, որ ինձ քո փողը պետք չէ, ինձ պետք է, որ երկար նայես աչքերիս մեջ ու կես բառից հասկանաս»։ Սիրտը լցվել է, ուր որ է կպայթի. նրա համբերությունը կյանք չէ, այլ բարձրության եզրին կանգնած ինքնասպանի տարակուսանք։ Հեծկլտում է, անտառը տարուբերում է ձայնը. ելք չունենք, պիտի քնենք ճանապարհի եզրին մինչև լուսաբաց , որ էս կողմերով գոնե մեքենա անցնի։

Photo by EIKOH HOSOE

Խողովակի մի ծայրը մտցնում եմ բենզաբաքը ու մյուս ծայրից վառելիք եմ քաշում. մի կես բաժակ բան է դուրս գալիս։ Իսաբելը ճամփից չոր-մոր փայտի կտորներ է հավաքում, ես խորանում եմ դեպի անտառը։ «Լսի’ր, սոճին թաց-թաց էլ է վառվում, մի երկու ճյուղ կտրիր»,- ասում է ու քարերը շրջանաձև դնում ճամփի բերանին , մի քսան մետր էն կողմ մեքենան լռված կանգնած է։ Իմ սիրտն էլ է լցվել, երբեք էսքան խեղճ չեմ զգացել ինձ, բենզինը կաթ-կաթ շաղ եմ տալիս կիսաչոր փայտերի վրա, ուզում եմ կպցնել, բայց չի վառվում, փայտը թաց է։ Գնալով ցրտում է, նրան ջերմություն է պետք։ Շրջազգեստը մի կերպ է ծնկները ծածկում, բերետը պինդ քաշել է գլխին ու ազդրերը գրկած՝ փաթաթված ծածկոցով նստած սրթսրթում է։ Բերանից գոլորշու քուլաներ են դուրս գալիս, մենքենան քարուքանդ եմ անում, բայց մի փալասի կտոր էլ չեմ գտնում, գալիս թափքն եմ նայում. էլի բան չկա։ Քաշում-պոկում է շրջազգեստից մի կտոր ասում է. «Առ՛», – ու ոտքերը բացվում են, թափանցիկ ձեռքերով մեկնում է ինձ, ու ատամները կափկափում են։ Արագ վերցնում եմ, բենզին շաղ տալիս վրան ու խոթում փայտերի արանքը։ Կրակը կապտականաչ շիթեր է գցում, նա նետվում է դեպի լույսը, չի թողնում, որ մոտենամ իրեն, հրում է, ես մենակ նայում եմ շիթերին ու աչքերս խարխափում են կրակից ու թաց փայտի ծխից։ Մարմինը դանդաղ թուլանում է կրակից, պատռված շրջազգեստը ցույց է տալիս սպիտակ ու նուրբ ազդրը, և ես կործանվող մարդու համարձակությամբ սահում եմ դեպի նա՝ հետս տերևներ ու թաց խոտ ճմլելով։ Ասում է. «Ծխախո’տ փաթաթիր»: Նայում եմ աչքերին լրջությամբ. նրան նիկոտին չի կարելի, մազերը թափված փակում են լանջն ու անրակները, ու նա երկու մատները մեկնած՝ ինձնից ծխախոտատուփն է ուզում։ «Ես չեմ մեռնի, հանգիստ եղիր, որ մեռնեմ էլ լրիվ անտեր կմնաս,- լայն ժպտում է ու դեմքիս շպրտում,- չնայած՝ քեզ միշտ էլ սիրով կընդունեն, սկզբից լավ բարեկամի ես նման, հետո՝ հոր, հետո՝ ընկերոջ, հետո՝ սիրեկանի, վերջում պարզվում է` դրանից դենը չես գնում»։ Մի բառ չեմ ասում, գիտի, որ ձեռքիս ոսկե բարալիկ շղթան պիտի տամ մի բաք բենզինի դիմաց, բայց տատիցս ավելի շատ է նեղացել, որ պիտի ծախեմ նրա թողած միակ հիշատակը։ Ուզում եմ ասել, որ ախր իրերը մարդկանցից երկար են ապրում, բայց խնայում եմ, որովհետև հիվանդ է։ Իսաբելը բաց շալի պես է փաթաթում ծածկոցը, ու արդեն տաքացած մարմինը սկսում է շարժուն դառնալ, բաց ուսերը ճկվում են, ու կրծքին հևալիս ստվերներ են հայտնվում։ «Ես վախենում եմ».- ասում է ,- վախենում եմ, որ երբեք երեխա չեմ ունենա, վախենում եմ, որ չեմ տեսնի, թե ինչպես ես դառնոմ դոկտոր, վախենում եմ, որ ինձնից հետո գուցե ինչ -որ մեկը կկարողանա քեզ փոխել, դարձնել սովորական ու պարզ մարդ» ։ Նայում եմ, բառ չեմ գտնում. լուռ ստվերներ են խաղում երկուսիս մեջ, ձեռքը վզիս է գցում ու գլուխս քաշում դեպի ծնկներ։ Բարակ, սպիտակ մատները սահում եմ մազերիս մեջ ու գլխամաշկս զգում է նրա ձեռքերի սառնությունը։ Գլուխս ծնկների մեջ կարծես տեսիլք եմ ունենում, ու ինձ թվում է, թե նրա գեղեցիկ բերանից, շուրթերի միջից աղավնի է ելնում։ Թափ եմ տալիս գլուխս, հազար տեսակ պատկերներ են անցնում ու մատերով սեղմում եմ տաքացած քունքերս։ Սիրտս զարկում է մահու չափ արագ ու մտածում եմ. «Չլինի՞ առասպելները իրական են, չլինի՞ թե աղավնին հոգի է, չլինի՞ թե կորցնեմ , չլինի՞ թե անտեր մնամ, չլինի՞ թե էս ճանապարհը սողալով անցնեմ , չլինի՞ թե վերջանամ…»: Աչքերս վեր եմ պահում ու տեսնում եմ, որ թիկնել է գերանին ու գլուխը հենած թևին՝ քնել է։ Քնել է, բայց ուշաթափվածի պես։ Կրակը վերջին ցոլքերն է ձգում, տաք մոխրի ու ածխի կտորները լցնում եմ ճամփորդական կաթսայի մեջ, բերանը ծածկում թաց սրբիչով։ Գրկում եմ նրան, մտցնում մեքենան ու տաք կաթսան դնում ոտքերի մոտ։ Բերանիցս գոլորշի է ելնում. ցուրտ է. սառը ապակիներին մառախուղի պես անորոշ մի շերտ է բարձրանում, որի վրա մատներով լատիներեն եմ գրում, տարօրինակ, հազիվ հիշվող բառեր ։
Կես գիշերն անց է` աչքս կպել է, բայց ականջս նրա կրծքի թույլ հևոցին է: Զգում եմ, որ մրսել է, բժիշկն ասաց, որ ճանապարհը կքայքայի նրան վերջանականապես, բայց նա թքած ունի պրոֆեսորի վրա։ Իսաբելըը երեսունհինգ տարեկան է, քսանչորսում Իտալիայիում պաշտպանել է դոկտորական թեզը գենետիկայի բնագավառում, բայց դա ինչ կապում ունի, եթե ցուրտ է, միևնույնն է, մրսում է։ Բացում եմ դուռը, մի կողմ եմ հրում կաթսաիկը ու մոտենում եմ նրան։ Փորձում եմ համբուրել, ասում է. «Մեղքե՞րդ ես քավում »,- ձայն չեմ հանում, գրկում եմ նրան ու զգում եմ, որ ուժերը չեն հերիքում, նրան ցավեցնել չեմ կարող, սիրտը չի դիմանա…
Լույսը բացվում է, ու ես ինքս ինձ գտնում եմ ինձ նրա ծնկների մեջ, նրա գեղեցիկ ազդրերին հպված, այսքան թարմ ու խոնավ, սառն ու սահմռկելի ցանկական։ Հեռվից մի բեռնատար է երևում, նա դեռ չի արթնացել, փորձում եմ կանգնեցնել, բայց ապարդյուն։
Աչքերը բացում է մի պահ, անտանելի դողում է: Զգում եմ` ինչպես են ոսկորները ցնցվում, աչքերն արյուն են լցվել, հայացքը փախչում է կարծես։ Լացն ու ժպիտս խառնվել են իրար (երբեք այքան արագաշարժ չեմ եղել), սիրտս թպրտում է, եղունգներս կրծում եմ ու ոտքով հարվածում անիվներին։ Գրողի տարածը տեղից չի շարժվում, ձեռքը բռնում եմ, բայց զգում եմ, որ զարկերակը թույլ է։ Հեռվում հույսի մի սովետական մեքենա է երևում , որ ջարդուխուրդ լինելով մոտենում է կամրջին, նա անշտապ բեռնված քշում է դեպի մեր կողմ։ Արագ վազում եմ դեպի մեքենան, կոտրտված ռուսերենով փորձում բացատրել, որ նա վատ է ու պետք է շտապ հիվանդանոց տանել։ Վարորդը համաձայնում է, մեքենայի դռներն էլ չեմ փակում, քշում է դեպի Գալգրեթիի կենտրոնական հիվանդանոց։ Հերթապահները մոտենում են. նա արնահոսում է։ Աչքերը փախչում են ինձնից, ու ես հիստերիկ ցնցումների մեջ եմ, ես գոռում եմ, բայց ձայնս չեմ լսում։ Քունքերս պայթում են, ու ես իջնում եմ հեռախոսավարի մոտ, որ զանգ տամ բարեկաներիս, որոնք վաղուց մոռացել են իմ գոյության մասին։ Ես այլևս ոչինչ չեմ հիշում…
ԲԺԻ՛ՇԿ…

Տիգրան Գրիգորյան | Քաղաք և քաոս` Պետերբուրգ


Նվիրում եմ Լ․Ա․ – ին

«Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»:

Լևին գնդակահարեցին Սենատի հրապարակում։ Ներկաներից մեկն ասաց, որ նրա գանգը ցրիվ էր եկել սառույցների վրա, հետո մի փամփուշտ էլ կրակեցին, որ ապրելու որևէ շանս չլինի։ Աստված իմ, ոնց էր ոռնում Աննան։ Ձյունն էնպես հանդերտ էր գալիս, Իսաակիևյան տաճարի ստվերը հոսում էր հրապարակի ձնախառն թաց մակերեսին։ Աննան եզրագծին էր, տեր Աստված, բոլորս գնացինք նրա մոտ։ Աննան ոռնում էր ․․․
Գիշերվա դեմ Պուլկովոյի կայարնից զինվորները գնդակահարվածների մարմինները մի երկանիվ սայլի վրա տանում էին դեպի Ֆոնտանկա, Աննան էլ ում ասես նամակ չգրեց, ոչ մեկը չէր պատասխանում։ Գլուխը դրել էր վառարանի շրթին ու հեկեկում էր։
«Մտածում էինք՝ մուրացկաններ ենք, ոչինչ չունենք:
Բայց երբ կորուստներն իրար հաջորդեցին այնպես,
Որ ամեն նոր օր դարձավ
Հիշատակի օր,
Սկսեցինք երգեր հորինել
Աստծո անսահման շռայլության
Եվ մեր կորուսյալ հարստության մասին»
Գնացինք գերեզմանատուն, կոմս Ռանևը փաթաթվել էր շինելի մեջ, վրայից քսայուղի հոտ էր գալիս, չսափրված էր, տանիքներում էր ապրում, որ չբռնեին։ Ամեն բան փորձեց անել, որ նկարիչ Գրիգորևի ևԷլլայի հետ մեկնի Փարիզ, բայց Իրկուտսկում գնացքը կանգնեցրել էին ու դուրս հանել վագոններից։ Սրանք փորձել էին խուճապահար փախչել դեպի գետը, որ փրկվեին, բայց նրանց հետևից կրակել էին ու բոլորը շանսատակ էին եղել։ Ռանևը ճողոպրել էր, թափառականի պես կտրել էր Ռուսիան Աևելքից Արևմուտք ու մի կերպ հասել Պետրոգրադ։ Էդ գիշեր Ռանևը մի կույտ փայտ ձեռքին եկել էր Ֆոնտանկա։ Աննան նրա ու մեզ համար եղած- չեղածից կորեկի շիլա եփեց ու շալի մեջ փաթաթված մի կերպ վառարանի առաջ պահում էր իրեն, որ քարուքանդ չլնի, չփշրվի, չմոխրանա։ Նևայից փչող քամին սառցե ապառաժներ էր բերում, Ռանևը մի կերպ ցրտահարված մատներով կոտրատում էր փայտը։ Սենայկը … այդ սենյակը, այդ տունը, որտեղ ստիխներ էին գրում, գրում էին որ հավերժանան, գրում էին որվհետև ցավում էին, գրում էին որվհետև գիտեին, որ իրենց սիրելիները մյուս սենյակում սիրով էին զբաղվում իրենց հարազատ ու մոտ ընկերների հետ։ Գրում էին, որովհետև էդ տառապանքի մեջ ավերվում էր համայն Ռուսիան, որովհետև Աննան պատուհանից տեսնում էր սառցակալած դիակները, որոնք քարշ էին տալիս շները ու սովահարները կատու, մուկ էին ուտում։ Գրում էին, որվհետև միայն գրելով կարող էին փրկել նրանց, ում դեռ կարելի էր փրկել։ Էդ նույն հաջողությամբ Բրոդսկին իր տիեզերական սիրո մեջ «Խոյերի գլուխներ» էր զոհաբերում ու ապացուցում, որ պոետները մարդիկ չեն։ Աննայի նվագարկիչը չէր դադարում զրնգացել պատուհանները, քսանականնեերի արծաթե լույսը հանգչում- մարում էր։ Մորֆինիստները Բրիկի մոտ էին հավաքվում, Մայակովսկին պոեզիայի նավից դուրս էր շպրտում հանճարներին, ու նրանք նոր մի տապան էին կառուցում, որն էնքան արագ պիտի քանդվեր, պիտի հօդս ցնդեր առաջին իսկ ալեբախությունից, առաջին իսկ թնդանոթների համազարկից։

«Քաղաքն եմ լքում, ինչպես Թեսեւսն իր լաբիրինթոսը՝
Մինոտավրոսին թողնելով այնտեղ, որ գարշահոտի,
եւ Արիադնեին՝ Բաքոսի գրկում
սեր ղունղունալու։ Հաղթանակն ահա։
Հաղթահանդեսը մեծագործության։
Աստված այնժամ է հանդիպում սարքում,
երբ կենտրոնում մեր գործը ավարտած՝
դեգերում ենք դեռ ամույտներում՝ որսը ձեռներիս,
ընդմիշտ մեկնելով այս վայրերից, որ
այլեւս երբեք չվերադառնանք։
Վերջապես, միշտ էլ սպանությունը սպանություն է։
Մահկանացուի պարտքը՝ որ խմբվեն,
մարտի ելնելով հրեշների դեմ։
Բայց ով է ասել, թե հրեշները անմահ են լինում։
Ու որպեսզի մենք մեգ պարտվածներից բարձր
չդասենք,
Աստված խլում է ցանկացած պարգեւ՝
ցնծուն ամբոխի աչքերից թաքուն։
Ու հրամայում, որ լռենք։ Ու մենք մեկնում ենք
անդարձ»:

Անշուշտ, վստահաբար, անասնորեն Բասմանովան զգում էր, որ միայն Բրոդսկուն թողնելով կկարողանա ստիպել նրան կրկին գրել և գրել հանճարեղ։ Ստիխների այդ աշխարհը, բանաստեղծորեն անկող այդ տողերը հիմա սահում են Աննային Ֆոնտանկայի տան պատուհանների վրայով։ Մերխոլդը քացով դռներին է խփում, լսող չկա, սենյակը տաք է, քրտնահոտ է գալիս, ամբողջ գիշեր խմել էին։ Մերխոլդը գլխարկը հանած լաց լիներով ջարդում է դռները, մարդու շունչ չկա։ Լիլիան սիրտ է թափում, սենյակում լսվում է նրա վայրի հևքը ու ստվերների մեջ թվում է, թե շնչասպառ շներ են իրար հոշոտում։ Բրիկը կուրծքը բաց, սավանով փաթաթված մի կերպ սրթսրթալով բացում է դուռը ու տեսնում է Մերխոլդի լճացած կապույտ աչքերը․ «Եսենին ինքնասպան եղավ»։
Երկար քայլում եմ, համատարած սառնամանիք, նավերը լողում են դեպի Քրոնշտադ, իմ կաշվե ձեռնոցներն ավելի են ցրտահարում ինձ, ձյունը խստաիրտ ծեծում է դատարկ գլուխս։ Բանաստեղծներն ասում են՝ պատերազմը մոտ է ․․․

«Ձեր միտքը,
որ ձեր կակղած ուղեղում երազում է ծույլ,
Ինչպես գիրացած սպասավորը՝ թախտին ճարպոտած,
ես կուշտ կծաղրեմ, կծանակեմ ես՝ լպիրշ ու կծու,
և կգրգռեմ սրտի պատառով իմ արյունոտած:
Մի սպիտակած – ճերմակ մազ անգամ չկա իմ հոգում,
և ծերունական քնքշանքն էլ այնտես ես չպեղեցի:
Համայն աշխարհը խլացընելով ձայնովս ահարկու՝
քայլում եմ ահա-քսաներկամյա,
ինքս էլ գեղեցիկ:
Քընքուշնե՛ր,
սերը դուք սազեցնում եք ջութակի համար:
Կոպիտը սերը հարմարեցնում է միայն ծնծղային:
Իսկ դուք չե՞ք կարող ձեզ շուռ տալ այնպես, ինչպես ես հիմա.
այնպե՛ս, որ դառնա մի համատարած շրթունք մարդկային»:

«Ցարսկայա» հրապարակից քամին սրբելով հավաքում էր ձյունն ու ավազը, ինչ կար, սրբում էր ՝ կյանքն էլ, ճակատագիրն էլ։ Առավոտյան սուրբ Հարության տոնն է լինելու, չեմ էլ նախաճաշել, լեզուս այրելով մի քանի կում սուրճ խմեցի ու դուրս եկա քայլելու։ Ծովաակալության շենքը ավերակ է դարձել, ձմեռայինպալատը ռմբակոծված ու թալանված է։ Այսօր երևի կգնամ տեսնելու Ֆյոդոր Միխայլովիչին, երեկոյան մեզ ճաշի է կանչել։ Բայց մինչև այդ ուզում եմ գնալ Վագանովի բալետի ակադեմիա։
Գնացի, նստած հանգիստ նայում եմ գետին, կամուրջները էնպես քնքուշ են թձևված գետի վրա, որ թվում է քարացած ճայերեն։ Նայում եմ դռներին, շուտով դասերը կավարտվեն ու փորձասենյակներից աղջիկները դուրս կթռչեն թիթեռների պես։ Սվետլանան ծխում է պատուհանի մոտ, նկատել է, որ տեսել եմ իրեն և սպասում եմ։ Նա արտակարգ նուրբ ոտքեր ունի, ասում են «Ժիզելով» փայլել է Փարիզում։ Սվետլանան՝ լուսի ու լուսնի գեղեցկուհին։ Իջավ, միասին քայլեցինք, քաղաքի ավերակների մեջ կարծես շողում էր, սարդիոնի պես սպիտակ մաշկ ուներ։ Ես երբեք Լուսնով տարված չեմ եղել, բայց այդ պոետները, այդ երջանիկ արարածները սովորեցրին երևի տեսնել Լուսինն իր բաց մերկությամբ։
Կազանյան տաճարի առաջ ամբոխը երկար թափորով կանգնած էր, Եսենինին փոխադրում էին կենտրոնական կայարան, բոլորս լաց էինք լինում, հյուրանոցը, որտեղ կախվել էր նա, մի գիշերում վերածվեց ագորայի, մարդիկ գալիս էին ու հոսում էին և վարար էին, և նրանց աչքերը կապույտ էին Նևայի ջրերի և պոետի աչքերի նման։
Սվետլանայի հետ գնացինք Մայակովսկու «Փայտոջիլը» ներկայացմանը, Ալեքսանդրեյկայում դա մի առանձնապես նայելու բան չէր։ Վոլոդյան տեղը չէր գտնում, մարդ չկար, նույնիսկ կրիտիկներն էին հրաժարվել պիեսից։ Նա տառապում էր։ Նախորդ օրը «Պալե Ռոայալում» Լիլիան լավ հարաբած մի երկու խոսք շպրտեց՝ Վոլոդիային համեմատելով կառապանի հետ։ Նա խոցված էր․ Լիլիան ապոլոնյան մուսայի փոխարեն վեր էր ածվել դասական պոռնիկի, Լիլիան մեկնեց։ Վոլոդյան ինքասպան եղավ։
Լույսը համառում էր բացվել, լուսը դադարել էր թափանցել մեր սենյակը, լույսը փախչում էր մեզանից։ Լանան մերկ պառկած էր կողքիս ու գիշերվա չորսին ինքս ինձ հարցնում էի․ «ասա՛ ինձ, ինչպես բուժեմ այս ժամանակը ․․․ »։ Մենք իրար գտած կորցրինք, ինչպես լինում է հաճախ, երբ սերը փողոցի քնձռոտ շան նման թաթերով դռանն է զարկում՝ հիշեցնելով իր գոյության մասին։ Առավոտյան, արդարոց արեգակի հետ ամեն բան հանգած էր, դանդաղ մարմրում էր սերը մեր սենյակում։ Առավոտյան, մեկնումիցս առաջ ծաղիկներով գնացի Ախմատովայի մոտ։ Մտա ներս, ժպտաց, մի քիչ մրսած էր։ Ծաղիկները վերցրեց ու ասաց «Գիտե՞ս, բոլորն ինձ շոկոլադ և ծաղիկներ են բերում, իսկ ես սոված եմ մնում միշտ, հաջորդ անգամ խնդրեմ ինձ համար նրբերշիկ և թթվասեր բեր»։

Հ․ գ․ Վերըշարադրյալ ֆանտասմագորիան կարդալիս հավանաբար կմտածես, թե ով է այս հանդուգն արարածը, որը որոշել է անցնել ժամանակի միջով ու շնչել նրանց հետ, ովքեր կերտել են 20-րդ դարը։ Ճիշտ էլ կկարծես, բայց կուզենայի ասել, որ հարափոփոխ այս աշխարհում մենք՝ մարդիկս նույնն ենք մնացել, փոխվել է պարզապես իրերի բնույթը։ Այլևս երկրի վրա չեն ապրի նրանք, ովքեր իրենց պոետական թափով, իրենց ապրումակցման և տառապանքի ուժով կկարողանան նոր ուղի բացել գրականության համար։ Այս մտավարժանքը/ անախրոնիզմը մի փոքրիկ արտապատկերում էր իմ տպավորությունների ահռելի գետի։ Ես փորձեցի պատմել քեզ այն Պետերբուրգի մասին, որը կատարելապես կրում է Ռուսիայի ոգին ու միևնույն ժամանակ կատարելապես տարբեր է իր էությամբ։ Ընթերցելիս լսի՛ր, խնդրեմ, Ռախմանինովի երրորդ դաշնամուրային կոնցերտը։ Հուսով եմ՝ կներես ինձ

Գլխապտույտ

Տեքստը գրվել է Ծաղկաձորում կայացած երիտասարդական հավաքի ժամանակ՝ որպես միասնական, համահավաք բնագիր ստեղծելու փարձառություն: Տեքստի համահեղինակներ՝ Հասմիկ Սիմոնյան, Արթուր Մեսրոպյան, Անահիտ Ղազախեցյան, Գևորգ Կաաս, Լուսինե Եղյան, Անի Հովնան, Արմեն Սարգսյան, Հովհաննես Հովակիմյան, Տիգրան Գրիգորյան, Լիլ Հովհաննիսյան, Անուշ Հեքիմյան,Դիանա Մարտիրոսյան:

Երկուշաբթի

Ես

Երեքշաբթի

Ես

Չորեքշաբթի

Ես

Հինգշաբթի

Ես

Ուրբաթ

Նա գնաց տնից առավոտ 8:30:

Հարսանեկան առաջին առավոտյան Մարին վեր կացավ անկողնուց, ցավացող մարմինը սկզբում՝ ձախ, հետո աջ ոտքի վրա տեղափոխելով՝ հագավ հողաթափերն ու կանգնեց ննջասենյակում՝ խառնիխուռն վերմակների ու բարձերի կույտով պատված մահճակալի մոտ: Նայեց հայելու մեջ: Սև կարճ մազերով ու սև փոքր աչքերով դեմքը մի քանի վայրկյան արտացոլվեց ողորկ մակերեսին ու դեպի ձախ շարժվելով կորավ հայելու սահմանից: Մոտեցավ բաղնիքի դռանը, դանդաղ բացեց, լոգարանը լցրեց տաք ջրով ու պառկեց: Ածելին բարակ մաշկի մեջ մտավ վախվխելով, բայց կտրուկ: Հմտորեն բացեց երակն ու թուլություն իջավ ուսերից մինչև կրծքավանդակը, գլգլալով տաք ջրի մեջ իջավ փոքրիկ կրծքերով ու տարածվեց մինչև հեշտոցը: Կարմիր մուգ արյունը գազի պես քուլա-քուլա բարձրացավ մակերես: Գլուխը հենեց լոգարանի եզրին. սպիտակ դեմքը ներդաշնակ ձուլվեց կերամիկային, ու ջրի մեջ շարժվող ձեռքերը սկսեցին ցրել դանդաղ արյունը ամբողջ լոգարանով մեկ:

Ժամը 13:30 Հարութը բացեց տան դուռն ու մտավ ներս: Միջանցքում հանեց կոշիկներն ու նասկիները՝ սովորության համաձայն, ոտնաթաթերի վրա քայլեց-անցավ երկար գորգի վրայով, մտավ ննջասենյակ: Մարի՛՝ ձայն: Պատասխան չկա: Հայացք՝ անկողնուն թափթփված ու հատակին ընկած գիշերանոցին: Կրկնում է անունը ավելի բարձր ու ավելի հարցական. «Մարի՞»:

Երկու երեք չորս հինգ վեց ու տենց
մարդկային ու անմարդկային
զգայական ու անզգայական
հարաբերություններ
քառակուսի ու կլոր հաբեր
լուսավոր ու մութ սենյակ
ամեն գիշեր ամեն ամեն ամեն գիշեր
բան չունեմ ասելու
ընդհանրապես ոչ մի բան
էնքան սիրուն էին բոլոր ծառերը էսօր
մարդիկ սովորականից ավելի
բայց ես հրաժարական եմ տալիս
ժաժ տվեք հանգստացեք

…կինը, որ ապրում է մեր շենքի հինգերորդ հարկում, ամեն երեկու պարանից ինչ-որ շորեր է հավաքում,
կինը ամեն օր գնում է լոլիկ, կարտոֆիլ ու մի քանի ձու,
կինը ամեն երեկո նայում է ռուսական ինչ-որ սերիալ,
կինը խոհանոցում անգիր արած տեքստեր է ասում,
կինը նուրբ լռություն է՝ սառը քարից բարձրացող այս շենքում,
կինը մեքենայական բառեր է շռայլում խանութում, տանը, իր սիրածին, մոտ ըկերուհին,
կինը նեղվում է կոմունալներից ու ներքնակի գույնից,
կինը թքած ունի հասարակություն, պոպոլիզմ ու հեղինակություն բառերի վրա,
կինը նստած է սովետական շենքի հինգերորդ հարկում, հին բացմոցի վրա ու կեղևազրկում է արևածաղիկ,
կինը անհավանական գեղեցիկ մատներ ունի:

Կին: Տղամարդ: Սեռ…
Հոգնեցինք այս խոսակցությունից: Պատմվածքը չի ստացվում: Պատմվածքի հերոսը գնացել է այգի, ու հեղինակը փնտրում է նրան ամենուր՝ կողքի սենյակում, վերևում: Ձայն է տալիս՝ չկա: Նայում է՝ չկա:
Հեղինակը հոգնել է ու նստել է ծխելու:

Բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր:

Պատմվածքը սկսում է ստացվել: Պատմվածքը մտնում է իրականություն, այն թակում է ձեր տան դուռը, թակում է ձեր ներսը, թակում է ձեր վարտիքից ներս, թակում ու մտնում է: Պատմվածքը նկարագրում է խմբակային սեքս, պատմվածքը պատկերում է ձեր միտքը, պատմվածքը թքած ունի ձեր կարծրացած պատկերացումների վրա, այն ստիպում է ձեզ ձեր ձեռքը տանել վարտիքից ներս… Պատմվածքը վերապատմում է իմ ու քո առաջին սեքսը: Ես հիշում եմ քո ձայնը՝ մխրճված սենյակի մթության մեջ: Ես հավատում եմ, որ սեքսը սեր է պարունակում: Ես չեմ կարող զբաղվել սեքսով մեկի հետ, ում գոնե չեմ համակրում: Գիշերներն ինձ այցի են գալիս իմ զուգընկերների պատկերները ու այցի են գալիս ասելու, որ ձեռքս տանեմ վարտիքից ներս: Ես շատ ժամանակ ուզում եմ ամուսնանալ զուգընկերներիցս մեկի հետ, ուզում եմ դիտմամբ վերջացնել իր մեջ ու ուզում եմ, որ մենք երկուսս էլ թքած ունենանք՝ ունենք պահպանակ, թե՝ ոչ: Ուզում եմ թքած ունենանք այն հանգամանքի վրա, որ գուցե մեզնից մեկը սեռական հիվանդություն ունի: Բոլորս էլ ունենք դրանից: Բայց մենք թքած չունենք էդ հանգամանքի վրա, որովհետև մենք կարծրացել ենք. մենք չգիտենք՝ ինչ է իրական ազատությունը, որովհետև մենք պատկերացումներում ապրող հիմարներ ենք, որովհետև մենք գիշերը մեկ-մեկ հյուրընկալում ենք մեր նախկին զուգընկերների պատկերներին, որովհետև մենք ձեռքներս տանում ենք վարտիքից ներս, որովհետև պատմվածքը սկսում է ստացվել, պատմվածքը մտնում է իրականություն, այն թակում է ձեր տան դուռը, թակում է ձեր ներսը, թակում է ձեր վարտիքից ներս, թակում ու մտնում է…

Բժշկի մոտ նստած ենք: Նայում եմ աչքերի մեջ: Ասում է՝ գիտեք, որ Դուք հոգեկան հիվանդ եք: Ես նրան պատմում եմ Վիյոնի, Մալարմեի, Եղիսաբեթ Մեծի մասին, իսկ նա շուրթերն է կծոտում: Մյուս շիկահերը, որ ոտքերը բաց ու կիսամերկ ուսերով նայում է վրաս, շատ գեղեցիկ կուրծք ունի: Բժիշկը նկատել է, որ նայում եմ շիկահերին. նրա մատները ևս գեղեցիկ են, նա ինձ ինչ-որ մեկին է հիշեցնում: Բժիշկն ինձ ֆրանսերեն է պատասխանում, ինձ ասում է՝ պարոն, դադարեք սիրահետել նրանց, նրանք առնվազն երեք անգամ քնել են ուրիշների հետ տարբեր հուսահատ պատճառներով:  Պատասխանում եմ նրան, հարցնում՝ գուցե դա միակ ելքն է դեպրեսիան հաղթահարելու: Ախր իմ նախկինն աստվածուհի էր, իսկ հիմա մեղմ ասած կդավաճանեմ ինքս ինձ: Մտածում եմ՝ նրանք կանայք են, ու ես չեմ ուզում, որ դառնան անասուն, դրա համար ուզում եմ նախ ֆրանսերեն խոսել, պատրաստել նրանց մարմինը ծեսի, ցույց տալ, որ նրանք հավասար կիսաստվածներ են: Ես սնոբ եմ, բժիշկ, ու ատում եմ բիթնիկներին, իմ գրականությունն էս աշխարհի հետ կապ չունի, որովհետև ես սեքսի ժամանակ անգամ մտածում եմ գիտության մասին և երազում  եմ պրծնելուց հետո սիրուհուս հետ խոսել Վիթգենշթայնից:

Բժիշկը գնում է տուն ու գիշերով ավարտում իրեն կնոջ ներսում: Բժիշկը ննջասենյակի մթում փլվում է, կինը պարտաճանաչ կերպով ընդունում է նրա մարմինն ու վախենում մեջք դարձնել: Կինն առավոտվա ձվածեղով չի խախտում ամուսնուն տնից դուրս անելու արարողակարգը: Ամուսինն առավոտյան դառնում է բժիշկ ու գնում մեկին ձանձրացնելու: Կինը, որ ապրում էր շենքի հինգերորդ հարկում, լվացքը թողնում է պարանին ու պառկում քնելու: Գրում է հիմար պատմվածք: Մտքում: Քայլում է դեպի այգի: Մտքում: Տղա երեխա է ունենում: Մտքում: Ափսոսում է ժամանակը նրա վրա վատնելուց: Մտքում: Կտրատում է գազար: Մտքում: Քերիչը թողնում է կեղտոտ լվացարանում: Մտքում: Իրեն փոքր է հիշում: Մտքում: Կինը չի կարողանում քնել ու քսքստացնելով գնում է պատշգամբ լվացքը հավաքելու:

Չէ: Պատմվածքն ամեն դեպքում լավ չի ստացվում: Մոռանում ենք՝ ինչի համար էինք եկել բժշկի մոտ: Դողում է: Քայլում է միջանցքով, ինքն իրեն բարձրաձայն խոսում. «Մարիից լուր չկա: Մարին երևի էնտեղ ներսում մեռնում է, իսկ ես էստեղ զառանցանքներ եմ լսում»: Մի պահ լռում է, հետո գոռում.
– Ու՞ր է կինս:
Մեջքի ետևում հանկարծ հայտնվում է Մարին.
– Ու՞մ հետ ես խոսում:
Հարութը հանկարծակիի գալով՝ վեր է թռչում տեղից ու շշուկով շարունակում.
– Ո՞նց էստեղ հայտնվեցիր: Դու ախր պիտի պառկես հիմա, արի օգնեմ՝ պառկիր:
– Ինչի՞ համար պառկեմ: Ամեն ինչ կարգի՞ն է: Հաստատ էլի մղձավանջ ես տեսել:
Բռնում է Մարիի ուսերը.
– Ախր ինչի՞ արեցիր: Ինձ թվում էր՝ երջանիկ ես ինձ հետ, ու ամուսնությունն ավելի կերջանկացնի քեզ: Աղաչում եմ, ճիշտն ասա, գիշերը լավ չի անցե՞լ քեզ համար: Ես ամեն ինչ կփորձեմ քեզ բավարարելու համար: Միայն թե չկրկնես, խնդրում եմ,- համբուրում է աղջկա արյունոտ ձեռքերը, – խնդրում եմ, չկրկնես ինձ սպանելու հերթական փորձդ:
– Ինչի՞ մասին ես խոսում:
– Արի սենյակ գնանք, կպառկես, կհանգստանաս, հետո կխոսենք:
– Ես հոգնած չեմ, պոկ արի, – ասաց՝ մի փոքր ձայնը բարձրացնելով: Եվ, ընդհանրապես, ի՞նչ է կատարվում հետդ: Ուշքի եկ: Ուշքի եկ: Ուշքի եկ:
Հարութը բացում է աչքերը: Պառկած է հատակին, գլխավերևում՝ մեկ-երկու բժիշկ: Լավ չի տեսնում: Տեսողությունը մի տեսակ խավար է:
– Ի՞նչ եք արել հետս, գրողի տարածներ:
– Քեզ լավ չես զգու՞մ, – ասում է բժիշկը:
-Դու՞ ով ես: Ու՞ր է կինս: Մարի, – գոռում է, – Մարի՜:
– Նրան մի հատ էլ հանգստացնող տվեք, – լսվեց մեկ ուրիշ բժշկի ձայն:
– Ի՞նչ եք անում, – թափահարում է մարմինը, – բաց թողեք:
Բուժեղբայրն ասեղը խրում է որտեղ պատահի, միայն թե արագ կտրի դրա ձենը:
Հարութը հանդարտվում է, ապա կիսախզված ձայնով տալիս Մարիի անունը:
– Անցյալիցդ քեզ բուժել չի լինի, – ասում է բժիշկն ու դուրս գալիս:

Բժիշկը դուրս է գալիս պատմվածքից ու դուռը փակում Մարիի դեմքին:
Բժիշկներն անցյալը չեն հիշում, որովհետև անցյալն անկողնում ջարդած շշի մեջ է: Ջարդված շշից թափվել են ջարդված ոտքեր, Մարիի չծնված վիժումի սիրտն ու մի քանի ձեռնաչափ աչք, որ նայում են Մարիի՝ երբևէ կաթ չտված կրծքի շշերին: Մի քանի փտած ականջ էլ կա, որ ոչ մեկի գլխին չսազեց:

La Vie en Rouge

Ես, փշաքաղ, կայի, ինքս իմ դեմ մեջքով,

բրդակալած դունչս ոռնալու էր հակվել,

Սակայն իմ ձախ ուսին գայլակարապ էջքով

համբույր իջավ հանկարծ, ու երկինքը փակվեց։

Վ. Աթաբեկյան

  Օդանավը կժամանի Երեւան Բուդապեշտից կեսգիշերին։ Երկար թռիչքուղու վրա կանգնած օդնավերը պատրաստվում են մեկնել: Գուցե … չգիտե՜մ, այլեւս անշրջելիորոն հեռու վայրեր, որտեղ երբեք ոտք չեմ դնի։ Ժակն անընդհատ նայում է ժամացույցին, մկանները ձգվել են։ Ձեռքերս մեջքիս հետեւում` ուշադիր նայում եմ թռիչքուղուն. լույսերի մեջ ողողված է հարթ ճանապարհը։ Հերթով իջնում են օդնավերը, Ժակը գնալով կծկվում է, համառում է, որ լուսաբացը տեսնի: Ասում եմ. «Հանգի՛ստ էղիր, էս ի՞նչ հիստերիա է, դեռ հավքը կանչելուն երկու ժամ կա, եւ դու հակված չես դավաճանելու ինձ, սիրելի՛ բարեկամ»։ Ժպտում է, կեսօրին միասին սրճեցինք ու փողկապս հանած նայում էի լճակին, էնպես տոթ էր, քրտինքի կաթիլները հետքեր էին թողել օձիքիս, իսկ նա շարունակ ուզում էր բաժակը վերցնել ձեռքիցս,  որ չափը չանցնեի։ Ոտքերս եռում են ամառվա կեսին: Դե, ես սիրում են Թավրիզի դարչնագույն կաշվից ձիգ ներբաններով կոշիկներ հագնել։ Դարչնագույն կաշին այնքան վճիտ է փայլում արեւի տակ, ու մենք նստած արեւոտ այգում նայում ենք իրար երեսի, ամպհովանիների ու ծփիների տակ։ Ժակի հետ որոշել էինք մեկնել Եգիպտոս, հետո՝ Ռաբաթ, Եթովպիա: Հետո եթե բախտներս բերեր՝ Աթենք, Դուբրովնիկ. նա առահասարակ սիրում է Բալկանները։ Մենք հաճախ էինք նայում Անգելոպուլոսի ֆիլմերը, չգիտես ինչու երկուսիս սիրտն էլ ճմլում է Բալկանյան պատերազմը հիշելիս՝ Բելգրադի ռմբակոծությունը, Աստվա՜ծ իմ: Բալկաններում նա միայն լուրջ չի ընդունում Կուստուրիցային եւ համարում է աճպարար արվեստում։ Չգիտեմ էլ՝ ոնց եղավ, որ ընկերացա սեն Ժակի հետ։ Հավանաբար մեր պրոֆն էր մեղավոր, մենք գժի պես սիրահարվել էինք Բյուզանդիային, նա անգիր տեքստեր էր ասում Թագավորաց գրքից, Հովհաննու Հայտնությունից, իսկ ես բարձր ու երբեմն երգելով, ձեռքս գլխիս տակ՝ մռթմռթում էի «Դիգենիս Ակրիտասից» ինչ-որ մոռացված ասքեր։ Սովորաբար նստում էինք ամառային այգում, երկուսս էլ նայում էինք մի կարճ փեշի։ Գծած ոտքեր, նուրբ սրունքներ, բարակ կապտերակ մաշկ, աչքներս մեղրի պես հոսում էր…

     Հետո երկուսս էլ սիրահարվեցինք, ու բոլոր երազանքները հօդս ցնդեցին։

     Ժակն իրոք սուրբ է, երբեմն պինդ՝ արյուն բերելու չափ ձիգ, կրնկով կոխում էր ոտքս, որ ավել բաներ չասեի, ոչ մի աղջկա չնեղեի իմ ինտելեկտուալ խոստովանություններով։ Նա իմ ծանր օրերին գալիս, նստում էր աստիճանին ու երկար նայում էր մեր փայտե պատուհանին։ Մի սիգարետ էր կպցնում, հետո բարձր մի բան արտասանում, վերջում սկսում էր քրֆել։ Երբեմն զանգում էր, գնում էինք կինո նայելու: Թատրոնում ես կողքիս աղջկան հանգիստ չէի տալիս, սա շարունակ ծկլթում էր իմ գրոհներից, իսկ Ժակին կենտրոնացած (ես կասեի անջատված), նայում էր «Տարկովսկի»։ Ինձ թվում է, եթե Տարկովսկին իմանար, որ Ժակը պաշտում է իրեն, հաստատ ավելի շուտ կմեռներ։ Բայց մենք թատրոնում ձեւ էինք բռնում, թե փայլուն իտալերեն ենք խոսում։ Մի անագամ էդպես ֆորմալ, անհասկանալի էսպեռանտոյով շփվում էինք, ու երբ ինքը ինչ-որ բան ասաց, որին պիտի համաձայնության բացականչությամբ արձագանքեի, ասացի՝ «pronto»՝ այսինքն «ա՜լո»։ Չկարողացավ զսպել ծիծաղը, խայտառակ եղանք:

     Լավ թողնե՜նք, թողնե՜նք հիմարությունները, հավանաբար աշնանը մենք կհանդիպենք Ամբրոսիանայում կամ Պիացա դել Սան Մարկոյում, եսի՞մ , ով իմանա՜:

     Գիշերը հոսում է, վերջնականապես ջախջախված եմ, կեսօրվա տոթից, քրտինքից, խմիչքից  օձիքս դեղնել է, թեւքերս բարձրացրել ու նստել եմ աստիճաններին։ Շնչելու օդ չկա, ձեռքս պինդ բռնել է, էնքան ծանր հոգոց ենք հանում: Ցածր երգում եմ Էլվինայի «Մայրամուտը»։ Նա գիտի, որ ես ոգու արարած եմ ու ցասումս մեղմելու միակ ձեւը՝ ինձ Աստծուն մոտեցնելն է։ Մենք երկուսս էլ՝ որպես ընկերներ, ասել կուզի ՝ ընկերովի, մնացել ենք քսաներորդ դարում։ Երկուսս էլ կարդում ենք Բրոդսկի։ Ես կռվում եմ բանաստեղծի հետ անձնական կյանքում նրա կամազրկության համար, իսկ Ժակը լսում է ինձ ու ասում. «Հիմար բաներ մի խոսիր: էդ Նույնն է, թե ինքդ քեզ հայհոյես»։

     «Դեռ չեմ կարողնում ապաքինվել, ասա ի՞նչ անեմ, էլ էսպես հնարավոր չէ։ Քանի գնում ավելի է խորանում, երեկ զանգել էր, ինձ թվաց օդը մակարդվում է մեջս»։ «Ի՞նչ է եղել, պատմի տեսնեմ, այսինքն սպասի տաքսի նստենք ».- ձեռքը երկարեց ու մեքնան կանգնեց՝ տաք ասֆալտին հետք թողնելով։ Նստեցինք. համարյա ուժ չկար, աչքերս ուռած էին։ «Դե ինչ ասեմ, հանդիպեցինք, նստած կոնյակ էինք խմում, անտարբեր, սառը: Կարծես մի քսան տարվա ամուսիններ լինեինք, որոնց երեխեքն արդեն մեծ մարդիկ էին, ու իրենք որոշում էին, որ ամեն մեկն իր կյանքով է ապրելու։ Դրանից  մի օր առաջ էլ էր նույն բանը, պարզապես թեթեւ խանդի չափաբաժնով։ Մեր սեղանին մոտեցավ նախկին փոխնախարարներից մեկը ու սողունի պես համբուրեց նրան։ Ես զուսպ պահեցի ինձ, բայց էնպես էի նողկում, երեւի էդ ժամանակ մրսեցի, էնպես սուր քամի ու դատարկ էր կողքս»։ «Հետո՞, ոչինչ չասացի՞ր».- օձիքիցս բռնած հետ է հրում դեպի պատուհանը, որ թարմ օդ շնչեմ,-«Չէ՜, բան էլ չասացի, ասեցի մենակ, որ հոգնել եմ արդեն, որ էս խավարն արդեն ուտում է ինձ, որ համբերությունս չի հերիքում, որ տղամարդը չի ներում էն կնոջը, որի երջանիկ անցյալում ինքը չկա»։ Ժակը ժպտաց, ձեռքը տարավ գրպանը, մի երկու հազար հանեց, դրեց մեքենայի առջեւի նստարանին, մեջքիցս մի կերպ բռնած իջեցրեց ու կողքերը շտապ նայելով մտցրեց «Անդերգրաունդ»։ Սիգարետը կպցրեց, պոչը, ատամի տակ ճզմելով, բերանս դրեց ու ասաց.- «Ծխի՛, ու էլ ձենդ չլսեմ…»։ Գիշերը հանգիստ, անշտապ մերկանում էր, քայլում էինք։ Ես՝ պիջակս ուսիս գցած, ինքն էլ ոտքերը հետ-առաջ անելով դեսից- դենից էր խոսում։ Մեղմ ու միալար ոռնում էի, նստել էի ասֆալտին ու բան չէի զգում։ «Ախր, ինչի՞ ես քեզ կոտորում, ժամանակ տուր, ախր ո՞նց չես հասկանում, որ հիմա ինքը ոչ թե քեզ չի ուզում, կամ զզվում է քեզանից, այլ՝ հասկացի, ինքն իրեն չի ներում, թող հանգստանա, ժամանակ է պետք։ Համբերի, խաղաղ սպասի ու ամեն բան լավ կլինի»,- ասում է, ու տեսնում եմ՝ ոնց է քարացած վրաս նայում։ Ոչ մեկի հավեսը չունեմ, ո՛չ մի պատմության, ո՛չ աշխատանքի, ո՛չ ճամփորդության։ Անվերջ, անվերջ երգում եմ, անկապ բաներ՝ կիսատ–պռատ։ «Բա էսօրվա հանդիպանն ի՞նչ ասեց, ի՞նչ որոշեցիք ».- հարցրեց ինձ Ժակը:  «Ոչ մի բան, կրկին ոչ մի բան, ասում է՝ գիտեմ, որ ինձ ատում ես, բայց հիշիր ինձ այն երջանիկ անգամի պես մերկ, երբ մենք չէինք գուշակում մեր բաժանումը. այս անգամ ես երկար եմ գնում».- ասում եմ: «Գիտե՞ս չէ, որ քեզ այլեւս հետ չեմ ընդունի»: Ասում է.- «Գիտե՛մ»։ «Զգում էի որ նա տառապում է, քամին խաղում էր երկուսիս մեջ, երկուսս էլ ծխում էինք, սպիտակ սիրուն զգեստ էր հագին, անընդհատ մազերս էր շոյում, նայո՜ւմ էր, նայո՜ւմ էր, նայում էր: Զգում էի, որ չի հագենում, զգում էի՝ ոնց է կոնյակը հոսում երակներով, ոնց է ոտքերը սեղմած պայքարում ինքն իր դեմ»: Մեկ էլ Ժակի դեմքին տեսնում եմ սառած տարակուսաքի ժպիտը. «Հավատա՛, էնքան եմ սիրում, որ ազատ եմ թողնում, թող գնա, ոչինչ պետք չի, թող գնա, որ երկուսս էլ ապրենք, էս քաղաքը երկուսիս համար նեղ է, դու գիտես…»։ Մի որոշ ժամանակ անհետացա, չէի զանգում, ոչ մի կապ արտաքին աշխարհի հետ, ոչ մի արձագանք: Դուրս էի գալիս միայն դիմացի սրճարան՝ սուրճ ու ջուր խմելու, մարդկանց նայելու։ Հոդվածների վրա էի աշխատում, ուզում էի արագ հրապարակել, ինքս ինձ թաղել գործերի մեջ, որ մտածելու ժամանակ չմնա։ Մեկ էլ մի օր զանգ ստացա, պրոֆն էր, թե բա՝ «Իմացար, չէ՞, Ժակը մեկնում է Հունգարիա սովորելու, ապրելու»:  Ասում եմ՝ «Մի էդ կրիտինին նայի՜ր, բա ինչո՞ւ ինձ ոչինչ չասաց»,- նա էլ թե՝ «Դե մի շտապիր, սպասում է թղթերը հաստատեն ու վիզան տան, որ հանգիստ սրտով ասի»։ Հենց նույն օրը զանգեց, եկավ մոտս, նստեցինք աշխատասենյակում, մեր աղջիկներից մեկին էլ հետն էր բերել, նա էլ հետներս սուրճ խմեց։ Նստած իրար երեսի էինք նայում: Զգում էր, որ իրականում տխուր եմ, բայց սրտի ուրախությամբ էր պատմում։ Մեկ էլ էս աղջիկը, որին հետն էր բերել, սկսեց ինչ-որ հիմար բաներ խոսել, փորձում էր խայթել ինձ, երեւի որոշել էր վաղուց սրտին կուտակվածը ասել: Ինձ նյարդայնացնելու համար առանձնահատուկ սուր բառեր էր ընտրում. Ոչ տարավ, ոչ բերեց. «Բա գիտես, չէ՞, նախկին ընկերուհիդ ինչ օյին է խաղացել մի տղայի գլխին, խեղճը ինքնասպան լինելուց է փրկվել, դա կին չէ, հրեշ է–հրեշ, աչքիս քեզ էլ է ապուշի տեղ դրել»: Ես էլ հունից դուրս եկա ու մի երկու ոչ պարկեշտ բան ասեցի նրան, լավ կոպիտ էր հնչում ասածներս, որովհետեւ համ աղջիկն էր լացում, համ էլ կողքի սեղաններից ուշադիր մեզ էին նայում։ Ջուրը թափվեց սեղանին ու ծլլալով սկսեց կաթկթալ տաք գետնին։ Ժակին ձեռքերով փակեց բերանս ու ներս քաշեց դեպի աշխատասենյակ, որն էնքան էլ հեռու չէր սրճարանից: «Անասու՜ն, մտածելո՞վ ես խոսում, գժվել ես դու, ոնց էս էդ խոսքերը քեզ թույլ տալիս։ Կենդանի-կենդանի ես դառել»,- գոռում էր։ Էնպես էի կարմրել, էնպես էի հեւում ջղայնությունից, էնպես ինձ խայտառակված, խոցված էի զգում, էնպես էի հայհոյում, որ ոստիկաններն ու պարետը սենյակի դուռը բռնած մի կերպ էին զսպում։ Ժակը թույլ էր ֆիզիկապես, մի հատուկ ուժ չուներ, բայց էնպես խփեց մռութիս, որ աչքերիս դիմաց սեւացավ։ Ես նրան պատասխանել չէի կարող, նախ որ սպառվել էի եւ հետո …։ Նայեց ինձ ու աչքերը լցվեցին։ Ես էլի էի գոռում, ես էլի էի ձայնում, էլի էի կանչում: Մոտեցավ, գրկեց, ջուր բերեց։ Փռվել էի սեղանին եւ հասկանում էի, որ շուտով էլ ոչ մեկին չեմ ունենալու։ Աչքիս առաջ գալիս-գնում էին արշավական օրերերը, մեր սիգարետները, պատերազմները, ժամերով ձգվող զրույցները, մխացող սենյակը Թուրքիայում, մեր ընկերական ճամփեքը, «աղջիկկպցնոցիները»։ Հիշում եմ, երբ Ազնավուրը մահացավ, զանգեց ցավակցեց ինձ, ու սկսեցինք միասին լացել լսափողի հակառակ կողմերից, հեկեկալ ուղղակի:

      Միանգամից երկուսին էի կորցնում ու ավելի շատ հայհոյում էի անկարողությունից։  «Մեկնեց։ Կմեկնի։ Մեկնելու է։ Կգա՛ …», – մտածում եմ կիսաձայն։

      Օդանավերին եմ նայում, գալիս–գնում են, արծաթ գիշեր է։ Փողկապս արձակած նստել եմ օդակայանի աստիճաններին, նայում են թռիչքուղուն ու զգում եմ, որ բոլոր ճամփեքը մենակ տանում են։ Մի կոնյակի շիշ է երկուսիս մեջտեղում, ասում եմ. «Դեռ հավքը չկանչած երկու անգամ կուրանաս ինձ»: Ասում է. «Էշ–էշ մի խոսի,. ես Կայսրինը կայսրին եմ տալու, աստծոնը՝ Աստծուն»։

     Թեւս ընկած երգում էր, ձեններս գլուխներս էինք գցել գիշերվա կեսին.

«Hier encore, j`avais vingt ans

Je carresais le temps et jouais de la vie

Comme on joue de l`amour

Et je vivais la nuit

Sans compter sur mes jours qui fuyaient dans le temps

J`ai fait tant de projet qui sont restés en l`air

J`ai fondé tant d`espoirs qui se sont envolés

Que je reste perdu ne sachant ou aller

Les yeux cherchant le ciel mais le coeur mis en terre

Hier encore j`avais vingt ans

Je gaspillais le temps en croyant l`arreter

et pour le retenir, même le devancer

Je n`ai fait que courrir et me suis essoufler

Ignorant le passé, conjuguant au futur

Je precedais de moi toute conversation

et donnais mon avis que je pensais le bon

Pour critiquer le monde avec désinvolture

Hier encore j`avais vingt ans … »

     Կգա, արդեն փոխված, կգա հին ու մեծ բարեկամի պես կամ պարզ օտարականի։ Կդառնա այն, ինչ ուզում է, իսկ ես գուցե արդեն ավարատած լինեմ իմ աշխատությունը այդ սիրելի, բայց  չարաբաստիկ ճարտարապետության մասին։

Եվ ձյուն եկավ

Արևում էր ու քամին ավազահատերը ջրի ցողերի հետ քշում – լցնում էր մեր կանաչ աչքերը։ Նա ինձ նայում էր այնպես, ինչպես նախամարդիկ նայում էին իրենց նախահորը։

Անապատի կենտրոնից ելնող գետերը ողողում էին դեղին հողը։ Կապույտ մոխրագունած երկինքը հեռվում կայծեր էր նետում Սինա լեռան վրա։

Մե՜ծ այգի էր գրողի տարածը ու ինձ անվերջ էր թվում։ Ամեն ինչ կար։ Մեր այգին լեցուն էր քաղցր պտուղներով ու համպարով: Իսկ հակառակ կողմում անապատն էր:

Մեղուների պարսերը գալիս էին դեպի կրակի պարիսպը, տեսնում էին հրե անապատը և չէին համարձակվում գիծն անցնել։ Նրանց թվում էր՝ կայրեն իրենց բարալիկ թևերը և  հավաքած ծաղկափոշին կչքանա, նեկտարը կեռա արևից, հոսելով կխաշի ոտքերը և ցավ կպատճառի։

Անապատն իր կյանքով էր ապրում: Արևը դաժան էր ցերեկով, իսկ ցրտաշունչ երեկոյին, երբ քարանում էր ծծումբը, մենք քայլում էինք պինդ կեղևի վրա։ Մանրափոշին խրթխրթում էր մեր ոտքերի տակ, թվում էր՝ ձյուն է, օքրայագույն ձյուն. թեև մեր կյանքում ձյուն չէինք տեսել։

Անհո՜ւն, անհո՜ւն երկնակամարն էր ձգվում մեր առաջ: Օքրայի փոշուց կեղտոտ մեր ոտքերը քսում էինք իրար և ես հոտոտում էի նրա կզակը, որ բուրում էր մուշկի պես անուշ։ Մեջքս այրում էր բեկբեկուն ավազը  և նրա պարանոցը Սինայի նման կաթնագույն էր թվում։

Նա մատները խրում էի մաշկիս մեջ և շշնջում էր սրտիս վրա։ Արևածագին հանդարտ գետի ջրերում լողում էր վիթերի հետ: Սպիտակ մարմինը կծկվում էր, երբ տեսնում էր բազեներին, որոնք մագիլներով ձկներին գետաքարերին էին զարկում և լափում փորոտիքը։

Երբեմն միայնակ մոտենում էր հրե սահմանին, այրում նուրբ մաշկը կրակի լեզվով, մինչ ես նոճիների մեջ տուն էի կառուցում։ Նա թռվռում էր ծառերի ստվերում և հեծած վայրի երիվարը արշավում էր գետահուներից  մինչև փասիանների հովիտը։

Սիաւի սմբակների ձայնից հողը զրնգում էր և հավքերի վախեցած երամը պոկվում էր մարգագետնից ու թևում ձիավորի թիկունքից։  Ճեմող երամն անհանգիստ ճիչերով աղաղակում էր ինչպես իմ սիրտը։ Իսկ ես տուն էի կառուցում։

Մեր ցերեկը սկսվում էր սուրճի բույրով՝ ականթի ցանցաճոճի մեջ գիրկընդխառն։ Նա մատներով սուրճի մեջ վանիլ էր լցնում, և բույրը տարածվելով խառնվում էր մաշկի բույրին։ Իսկ նրա նժույգը սմբակներով սուրճ էր ծեծում մեզ համար և խրխնջալով զվարճանում մեր սիրախաղի թեթևությամբ։

Նա երբեմն քնում էր  մերկ  մետաքսի սավանների մեջ ու մարմինը հպվելով անխավ կտորին սկսում էր դողդղալ ինչպես  շուշանի թերթին հպվող կաթիլը: Նա պատրաստում էր բրինձ և ձիուն ուղարկում էր այգի անուշաբեր համեմունքների հետևից։

 Ձին վերադառնում էր զաֆրանից  դեղնած մռութով, կամ էլ գալիս էր տխուր ու երախնունայն։ Նա միս չէր ուտում  և ինձ էլ չէր տալիս գիշատիչների կերը: Երեկոյան մեղրին խաղողահյութ էր խառնում և մատուցում որպես առնաբեր գինի։

Արևամուտից հետո մենք  երգեր  էինք լսում ձայնապնակից և նա ոտքը հենած ցանցաճոճին ձգում էր զուգագուլպան, ներկում շուրթերը կարմիրով։ Գնում էինք դեպի անապատ։ Խոսում էր ինչպես ես, խոսում էր աչքերիս նայելով, խոսում էր որպես մեկը՝ ծանոթ մեղքերի կծիկին։

Մի առավոտ, երբ քար էի հատում և կառուցում ջրատար ուղին,  զգացի որ հեռու է ինձանից ու այնքան մոտ վտանգին։ Այդ  առավոտ  գոռացի նրա անունը և պատասխան չառա, ձայնս անցավ ուռենիների նռնենիների արանքով։

Աղավնիների ու սարյակների կոհորտները թռան սաղարթների միջից, եղնիկներն ու քարայծերը, որ հանդարտ արածում էին մեր տիրույթներում դունչները պոկեցին խոտից և պաղ աչքերը հառած սկսեցին որոնել ձայնս։

Փնտրում էի նրան այգիների ու ծաղկանոցների մեջ, բայց անարդյունք…

Հեռվից սուրալով, փոշու ամպը հետևից, դեպի բլուրն էր գալիս Սիաւը գեղեցիկ։ Երբ հասավ ինձ տեսա կտրված սանձը նրա. ոստնում, վրնջում էր կատաղի՝ քարշ տալով ինձ հետևից։ Թռա և գրկեցի  բաշը իմ սևաթույր երիվարի:

Ավազների, գեղեցիկ այգիների միջով գնում էինք և զգում էի, որ սրտումս ինչ-որ լար էր կտրվում։ Նժույգը քրտնաթոր արշավում էր քառատրոփ և քիչ էր մնում, որ երկուսս էլ  հանգեինք ճահիճների մահճում։  Հասնում էինք և հեռվում երևում էր դարպասը կրակի։ Ծծմբահոտը կոկորդ էր խեղդում և մենք սիրտ էին թափում արագընթաց վարգից։

Իժերի կծիկը հորձանք տված սողում էր գետն ի վար և դեղնած հողին գորշ մի գետ էր թվում։ Նրա ձին հախուռն թափով կոխկրտում էր իժերի լափը և սրանք դեղին թույն էի թքում մեր մերկ ոտքերին։ Նա երևում էր  պիրկ գամված  աշտարակին և Կարմիրի, հեղվող շողերի մեջ թպրտում էր կապտած երակներով:

Սիրելին երևաց  ինձ մերկանդամ, պարտված աչքերով, արյուն էր կաթում պարանոցից։  Ո՞վ էր համբուրել նրան, ով էր թողել եռատամ մի հետք, որից գարշահոտ թարախ էր հոսում.  «Սիրելի՜ս, հոգի՜ս, մերկս, ի՞նչով ամոքեմ քեզ» ,- գոռում էի ես կատաղի:

Կախված էր կինը կիսամեռ: Արագ թքում էի թույնը նրա պարանոցից, փորձում էի կաշեփոկով ձգել կուրծքը, որ թույնը սրտին չհասնի։ Եվ ձին խոնարհված ողբում էր սրտալի.- «Արշավի՜ր իմ ձի և ասա՛ Տիրոջը, որ անձնասպան որսը ընկած, մահ է բերել որսորդին»:

Անապատից սրընթաց երթով ելավ Սիաւը գեղեցիկ, ինչպես հրկեզ քամի թռավ  ճահիճների ու դաշտերի միջով ու լուր տարավ դեպի լեռը Սինայի:

Եվ այդուհետ դեղին ավազի վրա ոտնահետքեր ելան  հանկարծ ու երևաց կարծես շողքը քղամիդի: Մի ձայն լսվեց խռպոտ ու երկինքը բացվեց։ Տերը, վերցնելով կծիկն իժերի, կրակը նետեց և ասաց  Օձին.

– Թո՛ղ որկորիդ վրա սողաս և հող ուտես։ Թշնամա՛նք պիտի դնեմ քո ու մարդկանց մեջ։ Դու նրանց գարշապարը պիտի խայթե՛ս, իսկ նրանք գանգդ փշրե՛ն անխնա …

Ամեն բան դադար առավ ու ժամանակը հոսեց ավազի նման: Մենք գնում էինք գլխահակ, ես և Սիաւը գեղեցիկ, տանում էինք դին և գնում էինք դեպի    լուսաբաց։ Ցուրտ էր, սարսուռ էր  ու սպիտակ ձյուն իջավ հանկարծ …

Հեղինակը պատմում է , որ նրանք ապրում էին անապատի կողքին , նրանց այգում ամեն տեսակ միրգ կար , ամեն առավոտ նրա սիրելի սուրճ էր պատրաստում և խմում էին ։ Երեկորան երբ սառցում էր անապատի ծծումբը նրանք քայլում էին անապատով ։ Մի անգամ հեղինակը կորցնումմ է , իր սիրելիին ամե տեղ , մա է գալիս , բայց անարդյունք։ ՀԱնկարծ տեսնում է , արյունաքամ լինող աղջկան , որին կծել էր օձը ։ Ամեն բան դադար առավ ու ժամանակը հոսեց ավազի նման: Մենք գնում էինք գլխահակ, ես և Սիաւը գեղեցիկ, տանում էինք դին և գնում էինք դեպի    լուսաբաց։ Ցուրտ էր, սարսուռ էր  ու սպիտակ ձյուն իջավ հանկարծ …