Հռոմն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն։ Չնայած ըստ դիցաբանության Հռոմի հիմնադրումը թվագրվում է ընդամենը մ․թ․ա․ 753 թվականին՝ այդ տարածքը բնակեցված է եղել շատ ավելի առաջ՝ դարձնելով այն ամենահին մշտապես բնակեցված տարածքը Եվրոպայում։ Քաղաքի սկզբնական բնակչությունը ծագել է լատիններից, էտրուսկներից և սաբինացիներից։ Արդյունքում քաղաքն ըստ հերթականության դարձել է Հռոմի թագավորության, Հռոմի հանրապետության և Հռոմեական կայսրության մայրաքաղաքը և համարվում է արևմտյան քաղաքակրթության ծննդավայրերից մեկը և երբեմն նաև առաջին մետրոպոլիսը։
Վերածննդից հետո՝ գրեթե բոլոր պապերը սկսած Նիկողայոս V-ից (1422-55) 400 տարի շարունակ ձգտում էին քաղաքը դարձնել աշխարհի գեղարվեստական և մշակութային կենտրոնը։ Դրա շնորհիվ Հռոմը դարձավ Իտալական Վերածննդի գլխավոր կենտրոններից առաջինը, այնուհետ՝ և՛ Բարոկկոյի, և՛ Նեոկլասիցիզմի ծննդավայրը։ Հայտնի նկարիչներ, գունանկարիչներ, քանդակագործներ և ճարտարապետներ Հռոմում են կենտրոնացրել իրենց գործունեությունը՝ գլուխգործոցներ ստեղծելով ամբողջ քաղաքում։ 1871 թվականին Հռոմը դարձավ Իտալիայի թագավորության մայրաքաղաքը, իսկ 1946-ին՝ Իտալիայի հանրապետությանը։
Մ․թ․ա․ 62 թվականի հունվարի 1-ին զբաղեցնելով պրետորի պաշտոնը՝ Կեսարն օգտվել է մագիստրոսի օրենսդիր նախաձեռնության իրավունքից և ժողովրդական ժողովին առաջարկել Կապիտոլյան Յուպիտերի տաճարի վերականգնման լիազորությունները Քվինտոս Լուտատիոս Կատուլոս Կապիտոլինոսից փոխանցել Գնեոս Պոմպեոսին։ Կատուլոսն այդ տաճարի վերականգնմամբ զբաղվել է շուրջ 15 տարի և գրեթե ավերտել էր աշխատանքը, սակայն այդ որոշման ընդունման դեպքում Հռոմի այդ կարևորագույն սրբավայրի ճակատամասի ընծայականում կհիշատակվեր Պոմպեոսի և ոչ թե Կատուլոսի՝ Կեսարի ազդեցիկ հակառակորդի անունը։ Կեսարը նաև Կատուլոսին մեղադրել է պետական միջոցների յուրացման մեջ և պահանջել հաշվետվություն ներկայացնել ծախսերի վերաբերյալ։ Սենատորների բողոքից հետո պրետորը հետ է վերցրել իր օրինագիծը։
Երբ հունվարի 3-ին տրիբուն Քվինտոս Ցեցիլիոս Մետելոս Նեպոտն առաջարկել է Պոմպեոսին հետ կանչել Հռոմ Կատիլինայի ջոկատների ջախջախման համար Կեսարը սատարել է նրան, թեև դավադիրների զորքերն արդեն շրջապատված էին և դատապարտված պարտության։ Հավանաբար Նեպոտը՝ Գնեոսի աներորդին, հույս ուներ իր առաջարկով Պոմպեոսին հնարավորություն տալ վերադառնալ Իտալիա՝ չցրելով իր զորքերը։ Ֆորումում Նեպոտի կողմից հրահրված զանգվածային կռվից հետո վճռականորեն տրամադրված սենատն ընդունել է արտակարգ օրենք Նեպոտին և Կեսարին իրենց պաշտոններից հեռացնելու վերաբերյալ, սակայն մի քանի օր անց Կեսարը վերականգնվել է։
Աշնանը՝ Կատիլինայի դավադրության մասնակից Լուկիոս Վետիոսի դատավարության ժամանակ, մեղադրյալը դատարանին հայտարարել է, որ ունի դավադրությանը Կեսարի մասնակցությունը հաստատող ապացույց՝ նրա նամակը Կատիլինային։ Դրանից բացի սենատում հարցաքննության ժամանակ վկա Քվինտոս Կուրիոսը հայտարարել է, որ անձամբ է Կատիլինայից լսել խռովության նախապատրաստմանը Կեսարի մասնակցության մասին։ Սակայն Ցիցերոնը Կեսարի խնդրանքով վկայել է, որ ինքը կոնսուլին հայտնել է այն ամենը, ինչ իմացել է դավադրության մասին՝ դրանով իսկ Կուրիոսին զրկելով տեղեկության տրամադրման համար պարգևից և հերքել նրա վկայությունները։ Առաջին մեղադրողի դեմ Կեսարը գործել է չափազանց վճռականորեն՝ ձերբակալելով և՛ Վիտիոսին (նա չի ներկայացել հերթական նիստին և չի ներկայացրել պրետորի մեղավորության ապացույցը), և՛ դատավոր Նովիա Նիգերին (որ ընդունել է գաղտնի ամբաստանությունն ընդդեմ ավագ մագիստրոսի)։
Մ․թ․ա․ 62 թվականի դեկտեմբերին Կեսարի նոր տանն անցկացվել է Բարի աստվածուհուն նվիրված տոն միայն կանանց մասնակցությամբ, սակայն այն ընդհատվել է այն ժամանակ, երբ գաղտնի կերպով տուն է մտել մի տղամարդ՝ Պուբլիոս Կլոդիոս Պուլխերը։ Սենատորները, իմանալով կատարվածի մասին, որոշել են կատարվածը համարել սրբապղծություն, ինչպես նաև պահանջել են նորից կատարել տոնը և պատժել մեղավորներին։ Վերջին պահանջը նշանակում էր Կեսարի անձնական կյանքի անխուսափելի հրապարակում, քանի որ լուրեր էին պտտվում, թե Կլոդիոսը կանացի շորերով Կեսարի տուն մտել է հենց նրա կնոջ համար։ Չսպասելով դատին՝ պոնտիֆեքսը բաժանվել է Պոմպեա Սուլլայից։ Դատավարությունը կայացել է հաջորդ տարի, և Կլոդիոսն արդարացվել է, քանի որ Կեսարը հրաժարվել է վկայություն տալ նրա դեմ։ Էդրիան Գոլդսուորսին ենթադրում է, որ Պոմպեան իսկապես սիրավեպ է ունեցել Կլոդիոսի հետ, սակայն Կեսարն այնուամենայնիվ որոշել է հանդես չգալ արագորեն ժողովրդականության արժանացող քաղաքական գործչի դեմ։ Դրանից բացի, դատավորների մեծ մասը կոլեգիայում քվեարկել է անընթերցելի գրություններ ունեցող ցուցանակներով՝ չցանկանալով արժանանալ Կլոդիոսի կողմնակիցների ու հակառակորդների զայրույթին։ Դատի ժամանակ, երբ Կեսարին հարցրել են, թե ինչու է նա բաժանվել կնոջից, եթե ոչինչ չգիտի կատարվածի մասին, նա իբր թե պատասխանել է, թե Կեսարի կինը պետք է կասկածից դուրս լինի (տարբեր աղբյուրներում բերվում են այդ արտահայտության տարբերակներ։ Պատմաբան Մայքլ Գրանտի կարծիքով՝ Կեսարն ի նկատի է ունեցել, թե կասկածից զերծ պետք է լինի մեծ պոնտեֆիքսի՝ Հռոմի բարձրագույն քրմի կինը։ Բրիտանացի պատմաբանը նշում է նաև ամուսնալուծության արագ կատարման այլ հնարավոր պատճառ, այն է՝ երեխաներ չունենալը ամուսնության մի քանի տարինեի ընթացքում։